«Տեխնիկական խնդիր ունենք հոսանքազրկման հետ կապված»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքն այս պահին խաթարված է․ կուտակումներ են, այսպես պատասխանեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Aravot.am-ի տեսախցիկը քիչ առաջ արձանագրեց, որ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ուղևորների կուտակումներ են, ժամացույցից կարելի է տեղեկանալ, որ նախորդ գնացքն անցել է 32 րոպե առաջ։
Ուղևորները դժգոհություն էին հայտնում։ Նրանցից մեկն ասաց․ «Կես ժամ է՝ գնացք չկա։ Այդ դեպքում ինչո՞ւ հենց մուտքի մոտից չեն փակում, թե չէ գալիս, ժետոն ենք գնում, իջնում ենք, տեսնում՝ գնացք չկա, հետո չենք էլ կարողանում այդ ժետոնը հետ վերցնել»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ե՞րբ կվերականգնվի Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, Տաթև Խաչատրյանը պատասխանեց․ «Այս պահին հստակ ասել չեմ կարող։ Մասնագետներն աշխատում են, անում են ամեն ինչ, որպեսզի րոպե առաջ վերականգնվի երթևեկությունը և անցնենք բնականոն երթևեկության»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ