Ermenihaber. 2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ 2018 թվականից Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման։
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։
Հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օգանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
«Թուրք ազգայնականների անկախ նախագահի թեկնածու»,- ինքն իր մասին Twitter-ում նշում է արել Օգանը։ Ավելի վաղ էլ գրել էր, որ եթե թուրք ազգայնականներին դիմող որևէ թեկնածու ի հայտ չկա, ապա ինքը կլինի այդ թեկնածուն։
Կարդացեք նաև
6 կուսակցությունների դաշինքով հանդես եկող ընդդիմությունը Թուրքիայում դեռևս չի հնչեցրել իր միասնական թեկնածուի անունը, թեև որպես հավանական թեկնածու խոսվում է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։
Սինան Օգանը նշել է, որ եթե ընդդիմության ճամբարից Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվի որպես թեկնածու, ապա ինքն էլ իր թեկնածությունը կդնի։
«Ես թուրք ազգայնականներին չեմ թողնի առանց թեկնածուի»,- ընդգծել է Օգանը։