Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կտուգանվեն, եթե անտեսեն կանոնները». տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները

Սեպտեմբեր 07,2022 14:04

Այս օրերին տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին:

Դեռևս 2009թ. ընդունված Երևանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել:

«Նախկինում 14000 տնտեսվարողից շուրջ 8000-ին բաժանվել են ծանուցումներ: Տնտեսվարողներին փորձում ենք հիշեցնել իրենց պարտականությունները: Այս փուլում թեթևացրել ենք պարտականությունները. Յուրաքանչյուրն ընդամենը պետք է դրսևորի հանրային պատասխանատվություն և այն տարածքում, որտեղ գործունեություն է իրականացնում, ապահովի մաքրություն: Այս փուլն ավարտելուց հետո կսկսենք վերահսկողության գործընթացը»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմանները:

Կրպակների, մանրածախ առևտրի կետերի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչև 100 մետր կարող է սահմանվել:

Որոշ տնտեսվարողներ առանց հիշեցան էլ բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունը:
«Տարիներ շարունակ գործունեություն իրականացնելով Երևանում՝ փորձում ենք մեր փոքր լուման ներդնել քաղաքում մաքրություն պահպանելու և արտաքին տեսքը բարելավելու գործում»,-ասում է տնտեսվարողներից մեկը:

Որոշ տնտեսվարողներն էլ, սակայն, ոչ միայն չեն ապահովում տարրական մաքրություն, այլև փնտրում են իրենց արդարացնող պատճառաբանություններ: Այն գործարարները, որոնք կանտեսեն և չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն: Սակայն քաղաքային իշխանության նպատակը ոչ թե տուգանքներն են, այլ համատեղ ուժերով քաղաքի խնդիրները լուծելը:

«Մինչև տուգանքը կլինի ևս մեկ նախազգուշացում: Եթե դա ևս անտեսվի կամ չկատարվի քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը: Ամեն մեկս, փոքր-ինչ ավելի ջանք դնելով, կստեղծենք ավելի հաճելի միջավայր»,-ասում է Արամ Դանիելյանը:

Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլև պետական և համայնքային հիմնարկներին. դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաև ավտոտնակները:
«Առաջիկայում կմշակվի հայեցակարգ՝ բարեկարգման մեկ ընդհանրական նախագիծ. եթե տնտեսվարողները որոշեն բարեկարգել, ապա միայն նախագծի հիման վրա, որպեսզի, եթե հարևան տնտեսվարողներն էլ համապատասխան որոշում կայացնեն, ունենանք մեկ միասնական մոտեցում» -նշում է Արամ Դանիելյանը:

Քաղաքի մաքրության ապահովումն ու նաև բարեկարգումը աշխարհի շատ երկրներում քաղաքային իշխանության հետ հոգում է նաև մասնավորն ու բնակիչը: Երևանում այս եղանակն ամրագրելու համար այժմ տնտեսվարողները ևս մեկ անգամ տեղեկացվում են քաղաքի հանդեպ իրենց ամրագրված պարտավորությունների մասին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930