Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդինի նմաններով էր հնարավոր պետություն կառուցել». Հովհաննես Թոքմաջյան

Սեպտեմբեր 07,2022 13:52
morikyan

«Էս ա մեր հայրենիքը: Ու եթե շարունակենք հարմարվել ու ոչինչ չձեռնարկենք, էս էլ կմնա: Էնպես որ՝ հայի բախտից դժգոհելուց առաջ արժե, կարծում եմ, նայենք ինքներս մեզ` ինչ ենք արել, որ էս հող-քար-ծառը Հայրենիք դառնա: Չէ՞ որ մենք էլ ենք ուզում իմաստավորված հպարտանալ մեր հայրենիքով: Ոչ թե՝ զզվել…անիմաստ»,-այս տողերի հեղինակը արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս ու հասարակական-քաղաքական գործիչ Այդին Մորիկյանն է:

1990 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց ստեղծել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ գլխավոր խմբագիր նշանակել Այդին Մորիկյանին։

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Ղազար Փարպեցի 11 Ա հասցեում գտնվող շենքի պատին փակցվող հուշատախտակը այսուհետ կհուշի, որ այդտեղ ապրել է Այդին Մորիկյանը, որի հետ կապված շատերը ջերմ հուշեր ունեն:

Հովհաննես Թոքմաջյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը երկար տարիներ շփվել է Այդին Մորիկյանի հետ, նրանք մտերիմներ են եղել: Aravot.am-ը պրոֆեսորին խնդրեց որոշ դրվագներ պատմել: «Այդինի հետ զարմանալիորեն հեշտ էր… Գնում, նստում էինք երկար, կինս միշտ ասում էր՝ երկու- երեք ժամ նստում եք, երկու բառ չեք խոսում, հետո ասում եք՝ էդ ինչ լավ հանդիպում էր… Այդինի հետ հնարավոր էր լինում լռել: Այդպես Այդինն ու Հրանտ Մաթեւոսյանն էին լռում… Այդինն ինձնից երեք տարի փոքր էր, բայց ես նրանից շատ բան եմ սովորել: Ինքն ուներ անսահման մեծ ձգողական ուժ, աստվածահաճո մարդ էր…Այդինը հոգեւոր մարդ էր»,-ասում է Հովհաննես Թոքմաջյանը՝ մեջբերելով Այդին Մորիկյանին բնորոշող ինչ-ինչ տողեր նրա՝ «Միայնակ ծերունին, որը զրուցակից էր փնտրում» գրքից, որն ընկերոջ մահից հետո է տպագրության պատրաստել: «Այդինը կարողացել էր գետնից պոկվել ու վեր բարձրանալ»,-հավելում է պրոֆեսորը:

«Այդինն անսահման մոտ էր ու նվիրված Վազգենին։ Այդինի գալը կապված էր նրա հետ, որ այն խնդիրները, որ կային, լուծվեին՝ բանակ, պետություն, Արցախ: Երբ տպագրվեց Եգորյանի մասին գիրքը, Այդինը առաջաբան գրեց, որտեղ ասում էր, թե յուրաքանչյուր մարդ ունենում է իր Բաբելոնը: Իմ ամենադաժան Բաբելոններից մեկի փլվելը հենց Այդինի մահն էր: Ոչ մեկը չէր պատկերացնում, որ Այդինը չպետք է լինի: Երբ նա 2003 թ. Մոսկվայից եկավ, նրան 14 օրվա կյանք էին տվել, բայց Գագիկ Ներսիսյանին հաջողվեց երկարացնել այն: Այդինը շարունակեց ապրել արժեքավոր ակտիվ կյանքով մինչեւ 2009թ, ու այդ տարիներին ստեղծեց իր փիլիսոփայական արձակի ամենահզոր գոհարները:

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում այս ամենի, մեր անցած ճանապարհի վրա, մտածում եմ, թե ինչ բախտավորություն էր, որ կարողացել ենք շփվել այդ աստվածային մարդու հետ: Այդինը թերություն չուներ, նա իդեալականին մոտ էր, ինչպես մեր քաղաքական թիմի մյուս տղաները, որ այսօր չկան՝ Եգորյանը, Ղուկասը Մեհրաբյան, Արմոն Մկրտչյան… Այդ տարիները դաժան տարիներ էին, բայց երջանիկ: Այդինի մասին հարյուրավոր դրվագներ կարող եմ պատմել, բայց ուզում եմ հատկապես նշել, որ ինքը անսահման համեստ անձնավորություն էր, ու լուսավոր մարդ… Ապշել կարելի է, թե ինչ անկոտրում կամք կար այդ հյուծված մարմնի մեջ: Այդինի նմաններով էր հնարավոր պետություն կառուցել եւ այսօր առանց Այդինի շատ դժվար է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930