Լրահոս
Օրվա լրահոսը

Զուտ հայկական մտածողություն

Սեպտեմբեր 07,2022 13:38

Հատկապես վերջին շրջանում հատուկ ուշադրություն եմ դարձրել տարբեր խավերի քաղաքական զրույցներին, այդ թվում՝ ընկերներիս, ծանոթներիս, ինչպես նաև հմուտ քաղաքագետների իմաստուն վերլուծություններին, խոսակցություններին, կարծիքներին։ Բոլոր խոսակցություններում քննադատվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժեր, երկրներ, հույսները դնելով այլ երկրների վրա,բայց ոչ մի խոսք մեր՝ Հայաստանի, հայ ժողովրդի պահվածքի, անելիքների մասին։ Բոլորը մեղավոր են, պատասխանատու, բացի բազմաչարչար, առաջին քրիստոնյա հայ ժողովրդից։

Ներկայացնում եմ երեք տիպի զրույցներ։

1.Երևանյան բակի տաղավարում կամ գյուղամիջում, նարդու խաղատախտակի, կամ բլոտի շուրջ

-Ստյոպ, կարաս ընձի ասես, էտի ոնց էլավ, որ ռուսը թողեց, որ կռիվ էղնի։

-Հոպար, խի չես իմանու՞մ, որ ռուսը հա էլ մեզի քցել ա, տելևիզրով ասին։

-Բա Ամերիկա՞ն․․․

-Ամերիկայի գլուխը խառն էր։

-Չեմ ջոգում, բա Ֆրանսիան մեր յանից ա, չէ՞, իրանց Շառլ ենք տվե, խի՞ մեզի ձեռ չքցեց։

-Հոպար, խոսքի օրինակ, քեզի պետք ա ձեռ քցեն, խի՞ չես ասըմ։

-Հաաա, բա Ֆրանսիայի հայե՞րը․․․

-Եսիմ, է, մի հատ ծխելու կտա՞ս։

– Վեկալ, էս ջեբումս ա, սրտիդ մեռնեմ, Ստյոպ ջան, կարո՞ղ ա ճիշտը Ռուսաստանի մեջ մտնելն ա, հենա Սովետի վախտ մեր հմար դինջ, դեսից-դենից փախցնելով ապրում էինք, զավոդները աշխտում էին։ Բա հազար տարի մեզի պե՞տք էր Ղարաբաղը, անկախությունը։

– Կառոչե, չեմ կարա ասեմ, բայց հեսա տղես կնգա հետ հելե, էթում ա Ամերիկա, էթա դզվի, մենք էլ հելնենք էթանք։

2.Սրճարանում․

-Ինչ ուզում եք ասեք, մեկ ա, չեմ հասկանում պատերազմի ժամանակ ռուսների պահվածքը։

-Բայց չէ՞ որ փաստ է, առնվազն երկու անգամ Ռուսաստանը փորձել է կանգնեցնել պատերազմը, վարչապետդ չի համաձայնել։

-Մեկ ա, պիտի կանգնացներ, դե 90-ականներին ռուսները չլինեին չէինք հաղթի, հո մենք չէի՞նք, հիմա էլ որ ուզեր՝ կաներ։

-Ի՞նչ ասեմ․․․

-Բա ի՞նչ է լինելու, մենք այնտեղ, Ամերիկայում շատ անհանգիստ ենք․․․

-Ի՞նչ ասեմ, հեսա Սյունիքն էլ կտա․․․ ու չգիտեմ․․․

-Ի՞, բա ռուսները կթողնե՞ն։

-Ես ինչ իմանամ, մեկ էլ տեսար՝ Ամերիկան չթողնի։

-Հաա, բայց Պարսկաստանն էլ չի թողնի, չէ՞, իրենց նախագահն ասել ա։

3.Հանրային քննարկում․

Հաղորդավար Ղազար Թաթուլյան․

-Այսօր մեր հյուրերն են քաղաքագետներ Շիրին Բաբաջանյանը, Խուրշուդ Սաֆարյանը և Մուդուս Բևեռյանը։

-Պարոն Բաբաջանյան, ինչպիսի՞ ակնկալիքներ կարելի է ունենալ բրյուսելյան եռակողմ հանդիպումից։

-Շնորհակալություն, այդ հանդիպումը ցույց տվեց արևմուտքի հատուկ վերաբերմունքը մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի նկատմամբ։ Հարցը կայանում է նրանում, որ այսօրվա դրությամբ, ԵՄ-ն բոլորին հասկացրեց, իհարկե, առաջին հերթին ռուսներին և ադրբեջանցիներին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը գտնվում է արևմուտքի ուշադրության կենտրոնում։ Եթե դրան գումարենք, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվեցին Ադրբեջանի բռնապետի կողմից Շուշի, այսինքն՝ Շուշա այցելելու առաջարկը, ապա կույր է պետք լինել, չտեսնելու համար, որ շուտով մեր տարածաշրջանում կավարտվի ռուսական ազդեցության դարաշրջանը։ Ժամանակն է, որ մեր հարազատ իշխանությունները խզեն բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ և անդամակցեն ՆԱՏՕ-ին։

-Խնդրեմ, պարոն Սաֆարյան։

-Համաձայն լինելով Շիրինի հետ, ավելացնեմ, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց, որը ցնցումների մեջ է գցել Ռուսաստանին և Ադրբեջանին։ ԱՄՆ-ի այս քայլն առաջին հերթին կարևոր մեսիջ էր Հայաստանի իշխանությանը։ Այո՛, ժամանակն է հրաժարվել ոխերիմ դաշնակից Ռուսաստանից և որպես Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության վեկտոր ընտրել ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն։

-Պարոն Բևեռյան, խնդրեմ ձեր կարծիքը, հատկապես մեր ունկնդիրներին հետաքրքրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

-Համաձայն լինելով գործընկերներիս հետ, ավելացնեմ՝ արդեն ուշացել ենք, բայց դեռ ժամանակ ունենք։ Մենք, որպես առաջին քայլ պետք է դառնանք ԱՄՆ-ի դաշնակիցը, ապագայում անդամակցելով ՆԱՏՕ-ին։ Բացատրեմ՝ դառնալով ԱՄՆ-ի դաշնակիցը, հեռացնում ենք տարածաշրջանից ռուսական ներկայությունը, նկատի ունեմ ինչպես խաղաղապահներին, այնպես էլ ռուսական ռազմաբազան, այն փոխարինելով ԱՄՆ ռազմական ներկայությամբ։ Եթե ուշադիր հետևեք միջազգային իրադարձություններին՝ պարզ երևում է, որ շուտով Թուրքիան կհեռացվի ՆԱՏՕ-ից և այդ ժամանակ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Իսկ մինչ այդ ԱՄՆ ռազմաբազայի ներկայությունը կզսպի Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակները, ձեր ասած «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Ցանկացած ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ առնվազն 8 րոպեի ընթացքում հակահարվածի կարժանանա ԱՄՆ-ի կողմից, ի տարբերություն, ինչպես դիպուկ նշեց Խուրշուդը, մեր ոխերիմ դաշնակցի պահվածքի։ ԱՄՆ, ԵՄ դեսպանների պարբերական այցերը Սյունիք պատահական չեն։ Եվ հենց այդ այցերն են զսպում ադրբեջանցիներին հարձակվել Սյունիքի վրա։ ԱՄՆ-ին որպես մեր ռազմական դաշնակից և ռուսական ռազմաբազան ամերիկյանով փոխարինելու առաջին քայլն արդեն արված է, պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարած այցով։ Իսկ ապագայում, իմ հանդիպումները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ցույց են տվել, որ օգտագործելով արևմտյան, մասնավորապես ամերիկյան գործիքակազմը, ԱՄՆ-ը կգրավի Արևմտյան Հայաստանը, կմիացնի ներկայիս Հայաստանին և վերջապես իրականություն կդառնա վիլսոնյան Հայաստանը։

Հաղորդավար․

-Շնորհակալություն, բովանդակալից զրույցի համար։

Զրույցները, խոսակցությունները, կարծիքները «սղագրեց» Ավետիք Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930