Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-ից 6-ը Վարշավայում մասնակցել է ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։
Հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար:
Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցություն են ունեցել նաև մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող տարածաշրջանային այլ դերակատարներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցերի և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ ուղղված սպառնալիքների ԵԱՀԿ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության ամրապնդման ԵԱՀԿ նոր ուղեցույցը։
Կարդացեք նաև
Աշխատաժողովի շրջանակում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առանձնազրույցներ է ունեցել նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր քարտուղար Դեբբի Կոների, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ այլ պետությունների ազգային հաստատությունների ղեկավարների, այդ թվում՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիտվայի, Ղրղզստանի և Վրաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության նորարական մոտեցումները և ձեռք են բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություններ:
ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժին