Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցը խեղճ-խեղճ արագ-արագ անցնում եմ, որ հանկարծ մի քաղաքացի չբռնի, ասի՝ պարո՛ն Աղազարյան, էս ի՞նչ է». Հովիկ Աղազարյան

Սեպտեմբեր 07,2022 12:42

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկում են թերլցումներ ու խախտումներ թույլ տված գազալցակայաններում ու բենզալցակայաններում վարորդի համար տեսանելի հատվածում տեղադրել ցուցանակ: Բացի այդ, գործող օրենքով թերլցման համար ֆիքսված գումարով են տուգանվում՝ 500 հազար դրամ, իսկ նախագծով առաջարկվում է համաչափության սկզբունք ներդնել ու սահմանել 200 հազար դրամ ֆիքսված տուգանք՝ գումարած այդ տուգանքին նախորդող եռամսյակի ընթացքում շրջանառության 0,5%-ը:

2021-ին բենզալցակայաններում 106 ստուգում է եղել առաջին եռամսյակում, խախտումներ հայտնաբերել են 89-ի մոտ, բայց կոնկրետ թերլցումներ հայտնաբերվել են 11 լցակայանում: 2022-ի առաջին կիսամյակում 80 ստուգում է իրականացվել ու հայտնաբերել են թերլցումներ 5-ում:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ պետք է խախտման համար տուգանեն ոչ թե շրջանառության 0,5%-ի չափով, այլ՝ 3%-ի չափով, որովհետեւ դուրս է գալիս, որ շատ տնտեսվարողների համար 500 հազարից տուգանքը իջեցնում են:

Ծովինար Վարդանյան

Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ եթե փոքր շրջանառություն ունեցող լցակայան է, բնականաբար, ընդհանուր տուգանքը 500 հազարից ցածր է լինելու ու իրենց նպատակը հենց դա է, որ համաչափ լինի տուգանքը: Ընդ որում, եթե մի լցակայան տուգանվում է, հաշվարկն արվում է հենց տվյալ լցակայանի շրջանառության չափով, ոչ թե այդ բրենդի տակ գործող բոլոր լցակայանների:

Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանն էլ հավելեց, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում մոտ 700 բենզալցակայան կա, նրանց ամսական շրջանառությունը 500 հազարի շրջանակներում է, շատ չնչին է, ամսական շրջանառությունը 10 մլն-ի չի հասնում: Ու կան բենզալցակայաններ, որոնց տարեկան շրջանառությունը մի քանի հարյուր մլն դրամ է ու պետք է տարբերակում դնեն փոքր ու մեծ լցակայանների:

Հովիկ Աղազարյան

Աղազարյանն իր ելույթում ասաց. «Երբեմն քայլում ենք փողոցով ու այնպիսի վիճակ է ստեղծվում, որ պետք է բենզալցակայանը շրջանցենք: Այս կողմում մայթի վրա են, մյուս կողմից էլ, երբ մեքենան լիցքավորվում է ու երթեւեկություն փակում: Ես էլ խեղճ-խեղճ, արագ-արագ անցնում եմ, որ հանկարծ մի քաղաքացի չբռնի, ասի՝ պարո՛ն Աղազարյան, էս ի՞նչ է: Հիմա մենք ոչ բենզալցակայան ունենալու հնարավորություն ունենք, ցավոք սրտի, ոչ էլ մեկ ուրիշ բան ու եկել ենք այստեղ, հանգիստ տոնով քննարկում ենք, որ հանկարծ այնպես չանենք, որ իրենք վատ զգան, տուգանք վճարեն: Ի՞նչ է նշանակում 0,5% տուգանել, դա եկամտի սկի 5% չի անելու, իսկ իրենք խաբում են: Հետեւաբար, ես առաջարկում եմ, որ տուգանքը լինի ցանցային սկզբունքով, եթե դա էլ չէ, ապա սահմանել 3%»:

Բաբկեն Թունյանն ասաց, որ մոտ 700 բենզալցակայանի 10%-ը ապահովում է ընդհանուր բենզինի շրջանառության մոտ 80%-ը: Շուկայի 80%-ը տիրապետող լցակայանի դեպքում շրջանառության չափերն այնպիսին են, որ շրջանառության 0,5% տուգանքի դեպքում ոչ թե 500 հազար դրամ է կազմելու, այլ՝ միլիոններ:

Ըստ Թունյանի, տուգանքը չպետք է այնքան բարձր լինի, որ լցակայանը փակվի, այլ պետք է զգաստացնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել