ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը հեղինակել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որը վերաբերում է գազալցակայաններում ու բենզալցակայաններում ստուգումներին:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ թերլիցքավորումների համար, երբ գազալցակայաններն ու բենզալցակայանները տուգանվում են, բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է լինի ցուցանակ, որում նշված կլինի, որ այդ լցակայանը տուգանվել է թերլցումների համար. «Հաշվի առնելով նման պատիժը՝ լցակայանները այսուհետ ավելի աչալուրջ կլինեն, որ թերլցումներ չանեն»:
Նախագիծը քննարկվել է նաեւ տնտեսվարողների հետ, նրանք եւս կողմ են, որ այդպիսի ցուցանակ լինի, որովհետեւ ընդունում են, որ հանրային տարածված կարծիք կա թերլցումների մասին, որի արդյունքում բարեխիղճ տնտեսվարողը տուժում է: Փոփոխության պարագայում հստակ կերեւա, թե ով է խախտում անողը:
Ցուցանակը տեղադրվելու է 1 ամիս ժամկետով, այն ապօրինի հեռացնելը, պոկելը եւս տուգանվելու առիթ է: Այսուհետ նաեւ լցակայանները կունենան QR կոդ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տիրապետել տվյալ լցակայանի մասին ողջ տեղեկատվությանը՝ երբ են այնտեղ ստուգումներ արվել, ինչ խախտումներ են եղել եւ այլն:
Կարդացեք նաև
Գործող օրենքով թերլցման համար ֆիքսված գումարով են տուգանում՝ 500 հազար դրամ: Նախագծով առաջարկվում է համաչափության սկզբունք ներդնել ու սահմանել 200 հազար դրամ ֆիքսված տուգանք՝ գումարած այդ տուգանքին նախորդող եռամսյակի ընթացքում շրջանառության 0,5%-ը: Եթե մեծ լցակայան է, բնականաբար, խախտումները քանակի առումով շատ կլինեն, հետեւաբար պետք է շատ տուգանվեն, իսկ մարզերում գործող փոքրիկ կայանը խախտում թույլ տալու դեպքում ավելի քիչ կտուգանվի:
Կառավարությունը դրական եզրակացություն է տվել: Հանձնաժողովում այն նույնպես դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ