ՔՊ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Նարեկ Զեյնալյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեցին «ՀՀ-ում ստուգումների անցկացման եւ կազմակերպման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Գործող օրենքով առողջապահական եւ աշխատանքի իրավունքի ոլորտում վերահսկողություն իրականացնելիս տեսչական մարմինը սահմանված ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին պետք է տեղեկացնի: Դա հնարավորություն է ընձեռում, որ տնտեսավարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին՝ վերացնեն վերահսկողության ենթակա թերությունները եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնեն միայն տվյալ օրը: Հետո ամեն ինչ կազմակերպում են սովորականի պես:
Հիմա առաջարկում են այդ եռօրյա ծանուցման պահանջը հանել, որովհետեւ հակառակ դեպքում ոչ թաքնված աշխատուժ կգտնեն, ոչ էլ ստվերային ծավալ: Տնտեսվարողը կարող է ստուգումների օրը չգրանցված աշխատողներին պարզապես տուն ուղարկել:
Հարակից զեկուցող՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կիրառվում է այդ մեխանիզմը՝ ստուգումներից երեք օր առաջ ծանուցելու: Նա նշեց, որ կառավարության միջոցառումների ծրագրում «Ստուգումների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որտեղ մեկ առ մեկ անդրադառնալու են ծանուցվող եւ չծանուցվող ստուգումներին ու բացի այդ ստուգումներից, այլ գործիքներ էլ ունեն՝ խախտումները հայտնաբերելու եւ պատասխանատվության միջոցով:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորեց. «Եկեք մի քիչ քիչ անդրադարձ կատարենք քաղաքակիրթ աշխարհի վրա, որովհետեւ այդ քաղաքակիրթ աշխարհը մինչեւ քաղաքակրթվել է, անցել է միլիոնավոր կախաղանների եւ գնդակահարությունների ճանապարհով»:
Ասոյանն ասաց, որ ստուգումների նպատակը ոչ թե տնտեսվարողին տուգանելն է, այլ՝ անվտանգության կանոնների պահպանումը ու եթե ստուգումներից առաջ էլ տնտեսվարողը խախտումը վերացնի, ուրեմն կարող են համարել, որ իրենց նպատակին հասել են:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ