Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։
Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ մասնավոր հանդիպում Ուղղափառ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվեցին եկեղեցական երկու ընտանիքների միջև կապերի սերտացմանն ու ԵՀԽ-ի առաքելության մեջ առավել արդյունավետ փոխգործակցությանն առնչված հարցեր։
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռի պատվիրակության մի շարք անդամներ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի գլխավորությամբ մասնակցեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողությանը, որը հանդիսապետում էր Ֆրանսիայում Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Էմմանուել մետրոպոլիտը։
Կարդացեք նաև
Նույն օրը, ԵՀԽ ընդհանուր համագումարի հայկական պատվիրակության անդամները Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով Քեհլ քաղաքում մասնակցեցին Սուրբ Պատարագին, որից հետո կազմակերպվեց հանդիպում հայ համայնքի հետ։
Իսկ համաժողովի աշխատանքային ընդհանուր հանդիպումների շրջանակներում Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն անդրադարձավ Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող ոտնձգություններին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։
Սեպտեմբերի 5-ին համաժողովի հանդիպումների գլխավոր սրահում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության անդամ դոկ. Դիաննա Ծաղիկյանը հանդես եկավ սուրբգրային սերտողությամբ, որի գլխավոր թեման էր Քրիստոսի սիրո ու ողորմածության դրսևորումը մարդկության կյանքում։
Համաժողովի շրջանակներում Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հանդիպեցին ԵՀԽ ընտրյալ գլխավոր քարտուղար Ջերի Փիլարին՝ վերջինիս փոխանցելով Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքները և վերահաստատելով Հայ Եկեղեցու պատրաստակամությունը՝ սերտ գործակցության հանուն քրիստոնեական սիրո և բարեկամության, աշխարհում խաղաղության և արդարության։
Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 8-ին, որի արդյունքում ԵՀԽ-ն հանդես կգա աշխարհում առկա մարտահրավերների վերաբերյալ միասնական հայտարարությամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին