ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո դիմել էի ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին, ճշտելու համար, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, թե համապատասխան կառույցները առեւտրային կենտրոնում գտնվող պայթուցիկների պահեստում ժամանակին գտել են խախտումներ եւ առաջարկել կարգավորել այն:
ԱԱԾ-ից, որը, կարծում եմ, պետք է որ այս խնդրով առավել քան մանրակրկիտ զբաղվեր եւ տիրապետեր անգամ բոլոր մանրուքներին, առաջարկում են այս հարցով դիմել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական կոմիտեին:
Իսկ ահա ոստիկանությունից հայտնեցին, թե ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինը հաստատել է այդ տեղեկությունը:
Կարդացեք նաև
Հիմա ամենակարեւորը. եթե դեպքից մոտ մեկ տարի առաջ հայտնաբերվել են կոպիտ խախտումներ, դրանք այդպես էլ չեն ուղղվել, ապա մի՞թե դրա համար մեղավորներ չկան, որոնց պետք է որ արդեն մեղադրանքներ ներկայացված լինեին: Ի վերջո, անգործությունը հանգեցրել է մարդկային զոհերի, նյութական մեծ կորուստների: Մի՞թե այս երկրում մահերի համար պատասխան չեն տալիս:
Հարցումներիս նպատակն այն էր, որ այս հարցին որպես պատասխան նշեին, թե գիտեք, ոչ միայն խնդիրներ են հայտնաբերված եղել, այլ, որ դրանք այդպես էլ չեն լուծվել, կոնկրետ հենց այդ դրվագի համար մեղադրանք է առաջադրվել այսքան թվով մարդկանց, այդ թվում եւ պատասխանատու պաշտոնյաների: