Համաշխարհային քաղաքակրթության մեջ չկա երկրորդ օրինակն այն բանի, թե ինչ կատարվեց Հայաստանում 2018 թ․ ապրիլի 23-ին
Զրուցել ենք Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ, Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի հետ:
– Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին ծրագրված է երկկողմ հանդիպում Պուտինի եւ Փաշինյանի միջեւ: Հայտարարվել է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկում է լինելու: Ի՞նչ սպասել այս հանդիպումից, ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը, այսպես սահուն հանձնելու ենք Արցախը եւ վե՞րջ:
– Նախ, Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչինչ չի հանձնում: Ես շատ լավ գիտեմ Արցախի ե՛ւ հին, նաեւ ժամանակակից պատմությունը: Հայկական ավանդույթն է՝ հույսը դնել Ռուսաստանի վրա: Հատկապես հետխորհրդային ժամանակներում է այդպես: Ես իմ հարազատ ընկերների հետ զրուցում եմ, նրանք նույնպես մեղադրում են Ռուսաստանին, համարյա ոչինչ իրենց վրա չվերցնելով այն ամենի համար, ինչ կատարվել է վերջին տարիներին: Եվ ինչքան ավելի շուտ հայկական էլիտան ընդունի իր պատասխանատվությունը պատմության առաջ, այնքան ավելի արագ կլինեն դրական տեղաշարժեր: Իհարկե, մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ՌԴ քաղաքական ղեկավարությունն ինչ վերաբերմունք ունի կովկասյան ու հատկապես հայկական խնդիրներին, բայց գլխավոր պատասխանատվությունը հայկական կողմը պետք է վերցնի իր վրա ու ավելի քիչ չափով այն դնի այլոց ուսերին, ավելի քիչ ենթարկվի Եվրոատլանտյան բլոկի փորձերին՝ սեպ խրել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ղարաբաղյան կորուստներն առաջին հերթին հայկական կողմի մեղքով են:
Կարդացեք նաև
– Հիմա դեմարկացիոն պրոցես է ընթանում՝ ցավոտ, դանդաղ, խորհրդային սահմանների հիման վրա: Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման այս գործընթացը:
– Ինչպե՞ս կարելի է դեմարկացիա անցկացնել, եթե չկա խաղաղություն: Ինչո՞ւ է պետք այդ հարցերում արագությունը: Այլ երկրներում, նույն Չինաստանում դեմարկացիայի հարցերը լուծվել են դարերով, իսկ այստեղ ուզում են հաշված շաբաթներում դա անել: Սահմանների հարցում լիարժեք խառնաշփոթ է: Հայ-ադրբեջանական սահմաններին վերաբերող բոլոր փաստաթղթերը Մոսկվայում են, որովհետեւ Հայաստանը ո՛չ նախկինում, ո՛չ սովետական շրջանում չի ունեցել պետականության հատկանիշներ: Առանց այդ փաստաթղթերի արմատական հարցեր լուծելն այսօր նշանակում է հեռավոր անկյուն խոթել ազգամիջյան խնդիրները, երկու ժողովուրդների հակամարտությունը: Եվ հաշվի առեք, որ Հայաստան պետությունը կա բոլոր դասագրքերում, իսկ Ադրբեջանը պետության տիտղոս ստացել է միայն 1936 թվականին։
– Օգոստոսի 31-ին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո, որտեղ, դատելով պրեսռելիզներից, ոչ մի էական առաջխաղացում չի եղել, Փաշինյանը եկավ ու սկսեց խոսել խաղաղության համաձայնագրի բարդությունների մասին: Ի՞նչ բարդություններ, եթե մենք ամեն ինչ առաջին իսկ պահանջով հանձնում ենք:
– Հարցրեք ձեր ղեկավարին, թե ինչու է նա այդպես վարվում՝ մի կողմ դնելով պատմական, իրավական փաստաթղթերն ու հիմքերը: Ի՞նչ է Բրյուսելը: Ինչքան ավելի պղտոր լինեն Կովկասում ջրերը, որքան ավելի բարդ լինեն փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչքան ավելի շատ սխալներ կլինեն թույլ տրված, այնքան ավելի ձեռնտու է Բրյուսելի եւ Վաշինգտոնի համար: Սա հասկանալի է: Ու Բաքվին սա ձեռնտու է: Իսկ ժողովուրդը լռում է: Ինչ է, մենք չունե՞նք գրագետ պատմաբաններ, գիտնականներ, մասնագետներ, ովքեր կարող են համաշխարհային հանրությանը ներգրավել այս հարցերում: Իսկ մենք հղում ենք կատարում ոչ հավաստի փաստերի: Անգրագիտությունը բերում է նրան, որ ամեն մի ֆեյք այսօր ընկալվում է որպես իրականություն:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: