Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդիրը ոչ միայն տեղափոխվել, Հայաստանում աշխատելն է, այլև թեկուզ դրսից մարդկանց ռեսուրսները Հայաստանի զարգացմանը ծառայեցնելը». Ռուբեն Վարդանյանը ապագա արդյունավետ կառավարիչների թիմ է հավաքում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2022 10:16

Արցախ տեղափոխվելու մասին օրերս հայտարարած Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, վերջին ամիսներին թիմ հավաքելու եւ ապագա արդյունավետ կառավարիչներ գտնելու փնտրտուքի մեջ էր։ Նա կամ նրա անունից որոշ անձինք կապվել են Սփյուռքում եւ Հայաստանում կայացած, մտավոր-մասնագիտական մեծ ներուժ ունեցող տարբեր անձանց հետ եւ հետաքրքրվել՝ հնարավո՞ր է գան Հայաստան կամ միանան իրենց եւ որեւէ ոլորտի որեւէ կարգավիճակ ստանձնեն, եթե այո, ապա ինչի՞ դիմաց կգան, կմիանան՝ թողնելով իրենց գործը, բնակավայրը, կոմֆորտը։ Մեր տեղեկություններով, պատասխանները շատ տարբեր են եղել՝ «ոչ»-ից մինչեւ պայմանների թվարկում։

Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցող, նրա հովանու տակ հանդես եկող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, բայց մի փոքր այլ կերպ ձեւակերպեց․ «Նշված ձեւաչափով տեղեկությանը չեմ տիրապետում, բայց Ռուբեն Վարդանյանը բազմիցս է նշել, որ Հայաստանի զարգացման մեջ շատ կարեւոր է Սփյուռքի ներգրավումը, եւ այդ ուղղությամբ իր հրապարակային ելույթներում բազմիցս է անդրադարձել, քանի որ թե՛ մենք, թե՛ պարոն Վարդանյանը կարծում ենք, որ ոչ միայն քաղաքական պաշտոնների մասին է խոսքը, այլեւ տարբեր ոլորտներում Սփյուռքի ներգրավումը նաեւ Հայաստանում առկա մարտահրավերների պարագայում ոչ թե կարեւոր է, այլ խիստ անհրաժեշտ է, ու նաեւ իր օրինակով է ցույց տալիս։ Նաեւ հույս ունենք, որ այս ընթացքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Սփյուռքի ներգրավումն ավելի կակտիվանա, նաեւ Արցախի մասով ներկայացված Արցախի անվտանգության եւ զարգացման ֆրոնտն ուղղված է հայության համախմբմանն Արցախի շուրջ։ Եվ այդ ուղղությամբ առաջիկայում ավելի մանրամասն պարոն Վարդանյանի կողմից կներկայացվի, թե ինչպես ենք պատկերացնում ներգրավվածությունը։ Խնդիրը ոչ միայն տեղափոխվել-Հայաստանում աշխատելն է, այլ նաեւ այսօրվա իրականությունը հնարավորություն է տալիս թեկուզ դրսից նաեւ մարդկանց մտավոր ու այլ ռեսուրսները ներդնել Հայաստանի զարգացմանը»։

– Իսկ կոնկրետ անձանց առաջարկներ արվե՞լ  են։

– Մասնավոր համագործակցությանը կամ զրույցներին չեմ տիրապետում, ավելի շատ հրապարակային ինչ-որ կոչ արել է։ Իհարկե, արցախյան վերջին կոչից հետո կա որոշակի մարդկանց շրջանակ, որոնք պատրաստակամություն են հայտնել եւ ողջունել են այս քայլը, հուսով ենք՝ առաջիկայում ավելի առարկայական կդառնան նաեւ այդ մասով աշխատանքները։

– Հնարավո՞ր է, արդյոք, որ Ռուբեն Վարդանյանը նաեւ որեւէ պաշտոն զբաղեցնի Արցախում, օրինակ՝ տեղեկություն կա, որ Արցախի պետնախարարի պաշտոնը կարող է առաջարկեն նրան։

– Պարոն Վարդանյանը պատասխանել է այդ հարցին, որ անհրաժեշտության դեպքում՝ որպես ծառայություն, պատրաստ է։ Այս պահին հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում։

– Իսկ Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնց եւս փորձ է արվում ներգրավել եւ համախմբել այս գործին։

– Իհարկե։ Խոսքս չէր վերաբերում միայն Սփյուռքին, ես համայն հայություն ասելով՝ այո, առաջին հերթին նկատի ունեմ, որ Հայաստանում նույնպես բազմաթիվ կարող անհատներ եւ ուժեր կան, որոնք նույնպես, հուսով եմ, կանեն առավելագույնը, որ համախմբենք բոլորի կարողությունները։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930