Մահապատժի թեմայի շուրջ բուռն քննարկումներ սկսվեցին քսան տարի առաջ՝ 2000-ին: Զուգահեռ ընթանում էր «Հոկտեմբերի 27-ի գործով» ամբաստանյալների ճակատագրի հարցը, մյուս կողմից էլ՝ Եվրոպայի առաջ պարտավորությունների: Քննարկումներին անմասն չէին իրավաբանները, իրավապաշտպանները, հոգեւորականները, գրողները… Հունիսյան մի օր հերթական անգամ այցելեցի ճանաչված հրապարակագիր, արձակագիր Անահիտ Սահինյանին եւ քանի որ հունիսի 20-ին ((ծնվել է հունիսի 20-ին, 1917թ., մահացել է 2010թ., հունվարի 7-ին) նաեւ նրա ծննդյան նախաշեմն էր, ստացվեց այս հարցազրույցը, որի ձեռագիրը գտա օրերս: Գրողն իր պատասխանները ձեռագրով ուղարկել էր ինձ, ես մեքենագրելու էի, նրան ուղարկեի, հետո նա հիվանդացավ, հիշում եմ՝ միայն մահապատժի մասին նրա կարծիքն այլ մտավորականների կարծիքների հետ տպագրվեց մեկ ընդհանուր հարցաշարով:
Ըստ գրողի, մահապատիժ սահմանելիս մեծ էր դատական սխալի հավանականությունը, վտանգը, հետեւաբար, ըստ նրա, ավելի լավ էր հարյուր հանցագործ անպատիժ մնար, քան՝ դատապարտվեր մեկ անմեղ մարդ: Նա Աստծո պատվիրաններից էր մեջբերել՝ «Մի սպանիր», որպես քրիստոնյա, նաեւ 37 տեսած, ապրած մեկը չէր ցանկանում, որ մեր երկրում մահապատիժ լիներ: Մեր զրույցի ժամանակ նրա մի տողն անվերջ հանգիստ չէր տալիս ինձ. «Գրեթե համոզված եմ, որ սովետական եւ հետսովետական վերջին տասնամյակի վաղվա հետազոտողները չեն շրջանցի ինձ»: Սահինյանի հրապարակագրությունը 90-ականներին ամենապահանջվածն էր, միեւնույն ժամանակ, շատերը չէին համարձակվում տպագրել նրան: Շատ հարցեր այնքան այսօրեական են, որ ցանկացա ներկայացնել մեր զրույցը:
– Տիկին Սահինյան, ձեր ծննդյան նախաշեմին, ուզում եմ ամփոփեք ձեռք բերածը, ձեր անցած ճանապարհը, ինչպես կբնութագրեք ձեր գրականությունը: Գրել եք «Վայելք» վիպակը, «Խաչուղիներ» վեպը, «Ծարավ», «Կարոտ», «Բարեկամներ», «Վերադարձի արահետներով», «Դիմանկարներ»… ստեղծագործությունները։
– Աշխարհ եկող ամեն մարդ, լավ, թե վատ, երջանիկ, թե՝ ապերջանիկ, ապրում է իր համար սահմանված կյանքը, եւ կարելի է ասել, թե սրա կյանքը ստացվեց, նրանը՝ չստացվեց: Ծնվել եմ դասական ավանդապահ, համերաշխ, համեստ, աշխատավոր ընտանիքում, մեծացել եմ հորով-մորով, ասել է, թե ունեցել եմ բախտավոր մանկություն: Դեգերումներ չեմ ունեցել, մեկեն գտել եմ իմ ճանապարհը, խանգարողներ չեն եղել: Հակառակը: Գրական կյանքը տնօրինում էին մարդիկ, որոնք ուրախանում եւ խրախուսում էին նորերի մուտքը: Սովետական տարիներին գրողի առջեւ ծառացած դժվարություններից ու հարվածներից ես էլ ստացել եմ իմ ոչ այնքան փոքր բաժինը: Հաջողություններին անխուսափելիորեն ուղեկցել են անհաջողությունները, բայց եւ հաղթահարվել են, շարունակել եմ անելիքս: Գրեթե համոզված եմ, որ սովետական եւ հետսովետական վերջին տասնամյակի վաղվա հետազոտողները չեն շրջանցի ինձ: Ստացվե՞լ է կյանքս, թե՝ ոչ:
– Ձեր «Կարոտ» վեպում նման տողեր կան. «Եթե թույլ չենք տալիս, որ առանձին մարդիկ թերթը գործիք դարձնեն, սրա ու նրա հետ հաշիվ մաքրելու համար, նշանակում է պոչից գնա՞լ»: Դուք եղել եք «Արարատ» շրջանային թերթի, «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրը: Ո՞րն էր ձեր սերնդի լրագրության եւ ներկայիս սերնդի առանձնահատկությունները:
Կարդացեք նաև
– Սովետական ժամանակներում լրագրությունն իբրեւ այդպիսին գոյություն չուներ, գտնվում էր դաժան թելադրանքի տակ, ամեն ինչ պետք էր ներկայացնել վարդագույն: Բայց եթե պատահում էր մամուլով «մերկացվում» էր մեկը, այդ մեկին սպասում էր պաշտոնանկություն, ընդհուպ մինչեւ կուսակցությունից վտարում, որ նշանակում էր՝ քար ընկավ նրա կարիերայի գլխին: Այսօր այդ մասին ինչ էլ գրվում է, հնչում է իբրեւ «Ձայն բարբառոյ հանապատի», անարժան պաշտոնյան, բացարձակ հանցագործը անսասան է մնում իր տեղում: Ո՞րն է լավ: Մեկը մյուսից վատ է: Լավն այն է, որ ասպարեզ է իջել ճշմարիտ լրագրողների մի ողջ սերունդ եւ անում է իր գործը:
– Դուք այս պահին զբաղված եք միայն հրապարակախոսությամբ, վաղուց չեք գրում:
– Գրել եմ մի ստվար հատոր՝ նվիրված իմ սերնդի ապրած կյանքին, տպագրվել է, կալանվել տպագրող հրատարակչության կողմից: Հրատարակիչները տպագրելուց հետո են միայն կարդացել եւ դժգոհ մնացել, որ տեսել եմ ոչ թե իրենց պես տեսածը, այլ՝ տեսածս ներկայացրել եմ ոչ իրենց տեսածի պես: Այդպիսին է այսօրվա խոսքի ազատությունը: Գրել եմ նաեւ վավերագրական վիպակների մի շարք: Երբ կտպագրվի, ինչպես, չգիտեմ:
– Հաճախ եք կանխատեսում, ինչպես եք վերաբերվում առհասարակ դրան:
– Կանխատեսումները՝ կյանքի իրական ընթացքից բխող, կարող են նաեւ արդարացնել իրենց: Բայց կյանքում լինում են, այն էլ հաճախ, անկանխատեսելի կտրուկ շրջադարձերը փոխում են կյանքի հետագա ողջ ընթացքը, ինչպիսին որ եղավ հոկտեմբերի 27-ին եւ մեր կյանքը, որն առանց այդ էլ քաոսային էր, խորացավ, «փոս», որի մեջ գտնվում էինք, անտակ մի հոր, որից ելնել կկարողանա՞նք: Ո՞ւմ վրա դնել հույսը: Նախագահի՞, որ աչք չի բացում իշխանատան ներքին հրդեհները մարելուց, ներքին գզվռտոցները վերջ չունեն, մեկի բերանը մի մեծ պատառով փակում է, մյուսն է գլուխ բարձրացնում: Իշխանական աթոռները բաժանվում եւ վերաբաժանվում են: Օրը մի նախարար է փոխվում, գալիս-գնում են հետք չթողած: «Փոսը» խորանում է, իսկ նրանք շտապում են: Աթոռն այսօր կա, վաղը՝ չկա:
Շրջագայում են երկրեերկիր, երկրի ու ժողովրդի անունից ներկայանում, պատիվներ վայելում եւ չեն ամաչում այն վիճակից, որի մեջ երկիրն ու ժողովուրդն է: Հույսը դնել քաղաքական թմբիրում գտնվող խմբավորումների՞, այսպես կոչված՝ կառավարությունների՞ վրա, որոնք բավական է իշխանական ավարից ամենափոքրիկ պատառը ստանան, հայտնվում են նախագահին աջակցող թեւում: Չի՞ հասունանում հոկտեմբերի 27-ը հիշեցնող մի բան, որը կամ փրկություն կբերի մեզ, կամ անդառնալի, վերջնական կորուստ: Այսպես անվերջ շարունակվել չի կարող:
– Պատկերացնո՞ւմ եք մահապատիժ 21-րդ դարում, մի՞թե սպասելիքը դա էր լինելու:
– 21-րդ դարից ակնկալվող ամենամեծ բարիքն այն կլինի, որ աշխարհը ձերբազատվի ամերիկյան թելադրանքներից: Նա ստիպված լինի պարփակվել ինքն իր մեջ, զբաղվի ներքին խնդիրներով, սեփական ցավերով մտահոգվի, զբաղվի իր նման ապրելու ստանդարտացումից, ձերբազատի աշխարհը: Մարդկությունը, թե կարող է ջանքերը միավորի, թող միավորի, հաղթահարելու համար սպիդի համաճարակը, թմրամոլության համաճարակը, բռնարարքների համաճարակը, մարմնավաճառությունը, որը սպառնում է համաճարակի բնույթ ստանալ, մարդորսությունը, մանկավաճառությունը, ոճրագործությունների տարատեսակները, որ բազմանում, տարածում են գտնում աշխարհով մեկ: «Ինտեգրացում» բառն օրվա ամենաշատ գործածվող բառերից է. տնտեսության ինտեգրացում, մշակույթի ինտեգրացում… Ամենից արագ կատարվում է կենցաղի ու բարոյականության ինտեգրացում: Մեր բիրդանաղաների մի ոտքը արտասահմաններում է, ով որտեղ ինչ տեսնում է, մյուս օրը հայտնվում է իր տանը՝ այստեղ: Տակավին սովետական ժամանակներում նրանք դրսերից բերում էին իրենց պոռնոֆիլմերը, ինչը պատժվում էր իշխանությունների կողմից: Այսօր դրանց վրա արգելք չկա, ապրանք է, շուկան առնում-վաճառում է: Կարծեմ անգլիացիներինն է. «Իմ տունն իմ ամրոցն է»: Ամեն երկիր իր ժողովրդի տունն է, ինքնապաշտպանության իր ամրոցը: Ցավոք, մեր Հայաստան երկիր տունը չունի փակ, դուռուլուսամուտը հանված է եւ ինչ աղբ ասես՝ ներս է լցվել: Քանի դեռ մեր տունը չունի փակ, դուռուլուսամուտը, մեր տունը տուն չի, քարվանսարա է: Տունը, որպեսզի տուն լինի, տուն դառնա, պետք է խելքը գլխին, սրտացավ տեր ունենա:
– «Գալու է 9-րդ ալիքը եւ շատ վարագույրներ էին ընկնելու, շատ բան էր արեւերես ելնելու, շատ բան սրբելու, ջնջելու, տեղը զիջելու ուրիշ բաների»: Դուք եք գրել: Հավատո՞ւմ եք:
– 1988-ին ես էլ էի ոգեւորվածներից, եւ մտածում էի՝ ափսոս, որ Պարույրը, Շիրազը, մեր սենդակից մյուս կրակոտ հայրենասերները մեզ հետ չեն: Այսօր երանի եմ տալիս նրանց, որ ժամանակին գնացին ու չեն տեսնում այն, ինչ այս տասը տարիների ընթացքում մենք ենք տեսնում: Այս վիճակից գոհ է տականքը, որ ջրի երես է ելել, դարձել դրության տերը: Նրանք, որ մարդ են, մուրացիկ վիճակում էլ մնում են մարդ, որ պահին նրանք աշխատանք ունենան, այն պահից կկանգնեն գլուխը բարձր ու բացճակատ: Չեմ կարծում, թե փոխված իրավիճակում փոխվել եմ նաեւ ես: Ինչ չեմ սիրել առաջներում, չեմ սիրում եւ հիմա՝ անարժան իշխանավորներին եւ ընչաքաղցությունը: Աշխատում եմ, ասել է թե՝ կամ ու ապրում եմ ապրողների հետ, շատերի պես:
– Ինչպես եք տեսնում 21-րդ դարի Հայաստանը:
– Ես այն սերնդից եմ, որը սնվել ու դաստիարակվել է դասական գրականությամբ, ինչը նաեւ քննադատական ռեալիզմ անունն ուներ՝ Բալզակ, Հյուգո, Ստենդալ, Տոլստոյ, Չեխով, Դոստոեւսկի, Շիրվանզադե, Մուրացան, Նար-Դոս …Գրականություն, որ վիթխարի ազդեցություն ուներ հասարակական մտքի վրա եւ մեծ դեր՝ անհատի ձեւավորման խնդրում: Սերմանում է սեր, բարություն, կարեկցանք, ոգեղեն այրումի ողողող կյանքը, վայելքների մեծագույնը պարգեւում: Այսօր ողջ աշխարհում գրականությունն ուշանալով իջել է, ապրանք լինելու աստիճանի, այն էլ լայն սպառման, էժանագին ապրանք: Գրական հսկաներին հսկաներ չփոխարինեցին, ոչ այն պատճառով, որ մարդկությունը նրանց կարիքը չունի, հակառակը:
Այսօր ավելի քան պետք են նրանք, կասեցնելու համար ողջ աշխարհում տիրապետող դարձած բարոյական անկումը: Հռչակվել է այսպես կոչված խղճի, դավանանքի ազատություն՝ ազատություն ամեն կարգի մտագարության, էլ «Եհովայի վկաներ», էլ «սատանիստ», այլեւայլ անուններ կրող հրեշավոր մտքի արգասիք աղանդավորականություն, նրանց առջեւ արգելքներ եթե դնենք, կզրկվենք Եվրախորհուրդ մուտք ունենալուց, փույթ չէ, որ առանց այն էլ մաշվող, հալվող, փոշիացող այս փոքրիկ Հայաստանի հայությունից ոմանք էլ մեծուփոքր անձնասպան են լինում ՀՀ-ում այդ այլանդակ քարոզչության ազդեցության տակ: Մարդն ինքն իր գլխի տեր է: Ազատ է դառնալու թմրամոլ, հիվանդանալու սպիդով, հոգով ու մարմնով քայքայվել: Այսօրվա աշխարհում ամենաեկամտաբերը համարվում է թմրաբիզնեսն ու պոռնոբիզնեսը, քաղաքակիրթ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից քանի՞- քանիսի շուրջը աղմուկ բարձրացավ այդ բիզնեսում ընդգրկված լինելու համար, փրկությունը ոչ թե ռոբոտների եւ օրենքի իշխանությունն է, այլ՝ ոգու ու բարոյականության իշխանությունը: Կարելի է հավատալ, որ հիրավի գեղեցիկն է փրկելու աշխարհը, եթե գեղեցիկը՝ արվեստն ու գրականությունը վերագտնեն կորցրած հզորությունը: Հուսանք, որ տեղի կունենա մի այդպիսի հրաշք, անկախատեսելի շրջադարձ մարդկության, նրա հետ էլ Հայաստանի համար: Եվ շրջադարձը կլինի բարոյականությամբ ղեկավարվող բարոյականության դարը:
Հարցազրույցը վարեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2022