Ազգային օպերային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը ցանկություն ունի օպերան «լցնել» հայ հեղինակների գործերով
Առաջին անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը իր պատմության ընթացքում հոբելյանական 90-րդ թատերաշրջանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ բացեց սեպտեմբերի 2-ին, ոչ իր «տանը», այլ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշը» (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան), ղեկավարությամբ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի։ Գլխավոր դերերգերով հանդես եկան սոպրանո Օֆելյա Համբարձումյանը (Անուշ), տենոր Հայկ Թոնգուրյանը (Սարո), բարիտոն Գեորգի Առաքելովը (Մոսի)։ Վարագույրը բացվելուց առաջ օպերային թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանի առիթով խոսք հնչեցրին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ու թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը։ Վանաձորցի հանդիսատեսի աննկարագրելի ոգեւորությամբ ընդունված ներկայացումից հետո «Առավոտը» ճեպազրույց վարեց մաեստրո Դուրգարյանի հետ։ Իսկ մինչ այդ ներկայացնենք «Անուշի», ավելի ճիշտ՝ դրա հեղինակ Արմեն Տիգրանյանի հետ կապված չհանրայնացված մի պատմություն, որը մեզ փոխանցել է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը։ Նա նշեց, որ թեեւ պատմությունը երկար է, ինքը կաշխատի այն հակիրճ ներկայացնել։
«Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերան ընդգրկվել էր թատրոնի խաղացանկ, սակայն թատրոնի որոշ ազդեցիկ դեմքեր արհեստական խոչընդոտներ էին ստեղծում, ջանալով տապալել օպերայի բեմադրությունը։ Նրանք գտնում էին, որ լիբրետոն վերափոխման կարիք ունի, անհրաժեշտ է նոր գործիքավորում անել եւ, որ ամենակարեւորն է՝ ճշտել պատմական փաստերը։ Դրա մասին իմանում են Ավետիք Իսահակյանն ու Դերենիկ Դեմիրճյանը, որոնք այդ տարիներին թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էին։ Նրանք որոշում են մի խումբ մտավորականների համախմբել ու բողոքի նամակ գրել Արվեստի վարչություն։ Ստեղծված իրավիճակը հարթելու նպատակով կոմպոզիտորի մտերիմ բարեկամ, դերասան, գրող Պահարեի հորդորով, չնայած տկարությանը, իր դստեր՝ Էմմայի հետ, Պահարեի եղբոր՝ ճարտարապետ Հուսիկ Մուրադյանի ավտոմեքենայով Թբիլիսիից Երեւան է գալիս Արմեն Տիգրանյանը։ Դա 1950 թվականի հունվարն էր։ Որպես Տիգրանյանների ընտանիքի բարեկամի՝ կոմպոզիտորի որդիները՝ Վարդանն ու Էդմոնդը, այդ մասին տեղեկացրին նաեւ ինձ՝ խնդրելով ապահովել Սիլվա Կապուտիկյանի, Ստեփան Զորյանի եւ մյուս մտավորականների ներկայությունը։ Եվ մտածելով, որ Տիգրանյանի ներկայությունը ցանկալի չէր կարող լինել ոմանց համար, նրանք նպատակահարմար գտան գաղտնի պահել կոմպոզիտորի ժամանումը։
Հավաքը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի տանը։ Դերենիկ Դեմիրճյանի գլխավորությամբ քննարկվեց հարցը, գրվեց հավաքական կարծիք-բողոք, որը եզրափակվում էր Դեմիրճյանի խոսքով. «…մենք գտնում ենք, որ «Դավիթ-Բեկը» պետք է բարձրանա բեմ, որովհետեւ «Անուշ» սքանչելի օպերայից հետո Տիգրանյանը ստեղծել է եւս մեկ մարգարիտ…»։ Դեպքերի հետագա ոչ ցանկալի զարգացումները կանխելու նպատակով խնդրել էին հետ վերցնել նամակը, փոխարենը Արվեստի վարչության համապատասխան բաժնի եւ թատրոնի գեղարվեստական խորհրդի արտահերթ նիստի համատեղ քննարկումից հետո որոշվեց շարունակել «Դավիթ-Բեկի» փորձերը, իսկ ներկայացման պրեմիերան նախատեսվեց թատերաշրջանի բացման օրը»։
Կարդացեք նաև
Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ ո՞ւր մնաց «Անուշի» պատմությունը, պարոն Առաքելյանը շարունակեց. «Այո, թեպետ Տիգրանյանը եկել էր «Դավիթ-Բեկի» հարցով եւ հաջորդ օրը պետք է վերադառնար Թբիլիսի, սակայն նրան նոր եւ հաճելի անակնկալ էր սպասվում. բոլորովին պատահական Իսահակյանի տուն եկավ, ինչպես Վարպետը նրան ներկայացրեց՝ ընտանիքի բարեկամ, գրականագետ Հայկ Գասպարյանը, որը Գոհար Գասպարյանի նախկին ամուսինն էր։ Անակնկալ հանդիպումից ոգեւորված՝ Հայկը Տիգրանյանին հայտնեց, որ Գոհարը թատրոնի գեղարվեստական խորհրդին պետք է հանձնի Անուշի պարտիան։ Կոմպոզիտորը ցանկություն հայտնեց լսել Գոհարին, բայց քանի որ գաղտնի էր պահվում նրա ժամանումը Երեւան, մտածեցինք նրան աննկատ բերել թատրոն։ Այդ գործը ինձ հանձնարարեցին։ Շատ չերկարացնեմ. սկսվեց Անուշի պարտիայի հանձնումը։ Այդ ընթացքում ես ջանում էի որսալ կոմպոզիտորի ռեակցիան, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Տիգրանյանը լուռ էր ու անշարժ։ Ընդմիջումներին նույնպես լուռ էր… Իսկ երբ պարտիայի կատարումը մոտենում էր ավարտին, կոմպոզիտորի դեմքին հետաքրքրության նշաններ երեւացին։ Հասավ կուլմինացիայի տեսարանը՝ Անուշի խելագարության պահը։ Գոհարն իր տարերքի մեջ էր։ Եվ հանկարծ լսում եմ կոմպոզիտորի ձայնը՝ այսքան հակասական տրամադրություններ, միաժամանակ տեխնիկայի ու կանտիլենայի այսպիսի օրգանական ամբողջականությո՞ւն… ապշելու բան է… Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ մի ամբողջ օկտավ բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց՝ կեցցես, աղջիկս… ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է… աներեւակայելիորեն լավ է… Հետո կոմպոզիտորի հետ ուղեւորվեցինք որդու՝ Վարդանի տուն, որտեղ մեզ անհամբեր սպասում էին։ Մոռացա սկզբում ասել, որ Արմեն Տիգրանյանը այդ ժամանակ արդեն շատ հիվանդ էր, բայց Վարդանի տուն հասնելուն պես բոլորովին ուրիշ մարդ դարձավ. Գոհարի կատարումից հիացած մոռացել էր հիվանդության մասին, անընդհատ կատակում էր, սրախոսում։ Իսկ հետո մի ամբողջ ժամ ներկայացրեց իր կարծիքը Գոհարի կատարման մասին, նշելով, որ իր «Անուշը» գրված է սոպրանոյի միջին ձայնածավալի համար՝ «…այդ մասին ես գրել եմ դեռ 1935թ., «Խորհրդային Հայաստան» թերթում, բայց քանի որ Գոհարի կոլորատուրային ձայնը չունի ոչ մի սահմանափակում, դրա համար էլ նա փայլեց իր արտահայտիչ կանտիլենայով։ Այդպիսի կենդանի երգ, բնական շարժուձեւ, հուզական անկեղծ ապրումներ օպերային երգիչներից շատ քչերն են կարողանում արտահայտել»։ Հետաքրքրությանը՝ ստացվում է Արմեն Տիգրանյանը մինչեւ Գոհար Գասպարյանի Անուշը չէ՞ր հավանել, ասենք՝ մեր օպերային արվեստի երախտավոր Հայկանուշ Դանիելյանի մեկնաբանությունը կամ նրանից հետո Թուշիկ Խաչատրյանի, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ «Անուշն» առաջին անգամ հեղինակի ղեկավարությամբ ու բեմադրությամբ ներկայացվել է 1912թ., Ալեքսանդրապոլում, որտեղ հերոսուհուն մարմնավորել է Աստղիկ Մարիկյանը, իսկ արդեն թատրոնում, առաջին անգամ 1935թ.՝ Հայկանուշ Դանիելյանն ու այլ երգչուհիներ նույնպես, հետո էլ ընդամենը ավելացրեց՝ «Գոհարով հիացած էր»։
Հիմա ներկայացնենք Կարեն Դուրգարյանի հետ ճեպազրույցը։
– Մաեստրո, ձեր վերադառնալուն պես, անցյալ թատերաշրջանի ընթացքում, թատրոնը մեկը մյուսի հետեւից ձեռնամուխ եղավ ու վերականգնեց մի շարք ներկայացումներ, բեմադրվեցին նորերը, օրինակ՝ այնքան սպասված Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը»՝ ճանաչված Գեորգի Կովտունի խորեոգրաֆիայով, լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը իրականացրեց Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը», երիտասարդ բալետմայստեր Արա Ասատուրյանը՝ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերը», կայացավ Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» օպերայի պրեմիերան Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով եւ այլն։ Նոր՝ հոբելյանական թատերաշրջանը, կարծում ենք՝ էլ ավելի հարուստ կլինի պրեմիերաների քանակով։ Մի բան էլ. մեներգիչների խումբը համալրեցին իսկապես հիանալի ձայներ, այն էլ մինչ այժմ աննախադեպ քանակի՝ սոպրանո Լուսինե Մակարյան, տենորներ Տիգրան Օհանյան, Տիգրան Մելքոնյան, Տիգրան Հակոբյան…
– Պատրաստվում ենք հոբելյանական թատերաշրջանի առաջին օրերին հրավիրել մեծ գիտաժողով՝ «Ազգային օպերա» խորագրով։ Քննարկումների ընթացքում, որոնց կմասնակցեն երաժշտագետներ, գիտնականներ, ճանաչված արվեստագետներ, կպարզենք, թե հայ կոմպոզիտորների օպերաների եւ բալետների ինչ բազա ունենք։ Հայ հեղինակները մեծ արժեք են մեզ համար։ Տասնամյակների ընթացքում մեր թատրոնն անդրադարձել է հայ կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործություններին, որոշները բեմադրվել են, որոշները՝ ոչ։ Գիտենք, որ մեր ժամանակակիցները նույնպես ունեն օպերաներ ու բալետներ։ Կարճ ասած՝ գիտաժողովը, հուսով ենք, կունենա դրական ազդեցություն թատրոնի քաղաքականությունը ճիշտ վարելու համար։
– Գիտենք, որ դուք մինչեւ նոր գործ սկսելը չեք բարձրաձայնում դրա մասին, այնուամենայնիվ, ձեր մտքում ունեք, չէ՞, որեւէ կոմպոզիտորի կամ կոմպոզիտորների գործեր, որոնք կուզեիք իրականացված տեսնել։
– Ձեզ ցանկանում եմ համբերություն։ Հարցի առիթով միայն կրկնեմ, որ այդ ամենի պատասխանը մենք եւ դուք կունենանք գիտաժողովից հետո։ Իսկ այս պահին միայն մեկ բացառություն կարող եմ անել. կուզեի, որ Էդգար Հովհաննիսյանը «գար» թատրոն։ (Նկատի ուներ կոմպոզիտորի «Անտունի» բալետը եւ հավանաբար իր տեսակի մեջ եզակի նրա «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը-Ս.Դ.)։
– Վերջերս «Ռոմեո եւ Ջուլիետի» պրեմիերայից հետո անընդմեջ խոսվում է ոչ միայն ներկայացման բարձրակարգ լինելուց, այլեւ զգեստների ճոխությունից։ Այսինքն՝ կարելի է ասել, որ թատրոնն ունի հնարավորություններ։ Հնարավոր է, չէ՞, մեր թատրոնում էլ պատմական ներկայացումները, ասենք՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդը», «Դավիթ-Բեկը», լինեն ակնահաճո, այնպես, ինչպես օրինակ՝ «Բոլշոյ» թատրոնի «Բորիս Գոդունովը»՝ ներկայանալի դեկորներով եւ զգեստներով…
– Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը. մենք չպետք է վախենանք թանկ ներկայացումներից։ Միեւնույն ժամանակ չմոռանաք, որ ամեն ինչ գալիս է գաղափարից, մտքից, նկատի ունեմ ռեժիսորի, նկարչի, դիրիժորի աշխատանքը։ Նշեմ, որ պետությունն, իհարկե, մեզ աջակցում է, իսկ ինչ վերաբերում է մեր ազգային արվեստը ներկայացնելուն, այն չափազանց պատասխանատու աշխատանք է։ Արեւմտաեվրոպական օպերաներն ունեն ստանդարտներ, բայց մեր ազգայինը պետք է ներկայացնել հավուր պատշաճի…
– Մանավանդ որ, որոշ՝ մեկ-երկու ներկայացում, ինչպես ասում են՝ բաց ճակատով կարող ենք ներկայացնել դրսում, ինչպես, օրինակ՝ «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացրիք Սաուդյան Արաբիայում։ Վստահ ենք՝ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ»-ն էլ մեծ ընդունելության կարժանանա հեղինակավոր թատրոններում, մասնավորապես՝ Ռուսաստանի։
– Այդ առիթով բանակցություններն արդեն սկսված են։
– Մաեստրո, անցյալ թատերաշրջանում հանդիպեցինք երկու երիտասարդ դիրիժորների՝ Նիկոլայ Պողոսյանին եւ Վարդան Գրիգորյանին…
– Այս պահին անունը չեմ բարձրաձայնի, բայց ասեմ, որ ընթացիկ թատերաշրջանում ԱՄՆ-ից հրավիրել եմ մի երիտասարդ հայ դիրիժորի։
– Թատրոնը ներկայանում է այլ ձեւաչափերով նույնպես։ Ժամանակին մեզ հետ զրույցում հավաստիացրել էիք, որ ծրագրել եք նաեւ մի ձեւաչափ, որով հանդիսատեսին հրավիրում եք ձեր տան բակ՝ Արագածոտնի շրջանի Ուշի գյուղ։ Դա ուժի մե՞ջ է։
– Եթե հավաստիացրել եմ, միանշանակ՝ այո։ Նոր նախագծեր էլ են պտտվում գլխումս, բայց դրանց համար ժամանակ է պետք։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2022
Որպես նորագույն նախագիծ, առաջարկում եմ, կոմպոզիտորների միության հետ համատեղ, հայտարարել Դ. վարուժանի ,,Հարճը,, պոեմի հիման վրա նոր օպերայի ստեղծման և բեմադրման մրցույթ: Կարծում եմ, լավագույն նվերը կլինի Մեծ Գրողի 140- ամյակի հոբելյանին, որը լրանում է 2024 թվին … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան …