Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն երազող մարդկանց տեղ չէ, երազողների մասին է»

Սեպտեմբեր 07,2022 13:00

Ասում է կինոռեժիսոր Արթուր Սահակյանը

– Արթուր, ե՞րբ հասկացաք, որ պետք է կինոյի հետ «դաշնակցեք»:

– Փոքր տարիքում գրեթե համոզված էի, որ չկա այնպիսի մասնագիտություն, որն ինձ հետաքրքիր է: Պատճառն այն էր, որ գրեթե բոլոր մասնագիտությունները ու արհեստներն ինձ հետաքրքրում էին մասամբ, օրինակ` բժշկության մեջ ինձ ավելի հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչ դեղ են ներարկում ընթացիկ պատվաստումների ժամանակ, այլ այն, թե ինչպես փախչեմ, որ բժիշկը չկարողանա ինձ բռնել: Գրականության մեջ լռությունն էր հետաքրքիր, ինչն այդպես էլ չկարողացա բացատրել: Մեծ ու երկար սեղանով կաբինետի տնօրեն դառնալու մասին չէի էլ մտածում, որովհետեւ տարածությունն անտեղի օգտագործել չեմ սիրում: Այդպիսի մտորումներով ապրում էի, մինչեւ հանդիպեցի մեր գյուղ եկած թատերախմբի դերասաններին ու նրանց հետ երեկոյան զրույցները պատճառ դարձան, որ սկսեմ հետաքրքրվել կինոյով:


– Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ռեժիսորը, գրողը, նկարիչն անարգել կարող են տրվել ազատությանը՝ ստեղծագործելով այնպես, ինչպես ուզում են: Ի՞նչ եք կարծում, վերոնշյալը խանգարո՞ւմ է իրական արվեստին, ի՞նչ հետեւանքներ է ունենում:

– Ես չեմ կարծում, որ այսօրվա ստեղծագործող մարդը կարող է անարգել խոսել ինչի մասին ցանկանա։ Միգուցե գրականության կամ գեղանկարչության մեջ հնարավոր է, քանի որ գրողը կարող է վերցնել մի փոքրիկ լապտեր, գնալ, փակվել մի սենյակում ու գրել։ Նույնը նկարիչը: Կինոն մի քիչ այլ է ու բարդ, քանի որ գործ ունենք արտադրության հետ, որն առանց ֆինանսական միջոցների չի լինի, իսկ ֆինանսը Հայաստանի պես աղքատ երկրում շատ բարդ է գտնելը։ Հետեւաբար, եթե կա ֆինանսավորող, նաեւ կան որոշակի գրված ու չգրված օրենքներ, որոնք ուզես թե չէ՝ ի նկատի ես ունենում: Մի բան էլ կա. ազատությունը լավ բան չէ, դրանից ավելի շատ վտանգ կա, քան օգուտ, լիարժեք ազատությունը ստեղծագործողին բթացնում է։ Երբ լիարժեք ազատ ես, չկա խանգարող բան, էլ ինչի՞ դեմ կռվես, ինչի՞ մասին խոսես, լիարժեք ազատությունը հենց արվեստն է՝ հոգեւոր իմաստով:


– Այսօր հեռուստատեսությունը շատ ցածրաճաշակ ֆիլմերով ու սերիալներով է ողողված։ Դրանց հիմքում ընկած սցենարը, ինչպես տեսնում ենք, կոմերցիոն բնույթ ունի։

– Հայկական սերիալները բացառիկ են իրենց տեսակի մեջ եւ շատ երկար կմնան պատմության մեջ, որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է աստիճանաբար հետ գնալ: Սովորաբար, մարդիկ իրենց հետագա աշխատանքներով մի քայլ առաջ են գնում, իսկ հայկական սերիալների ֆենոմենն այն է, որ ամեն հաջորդ եկող բան ավելի վատն է, քան նախորդը։ Այդ խնդրի լուծման ճանապարհը շատ պարզ է. պետք է անջատել միաժամանակ բոլոր սերիալները, բոլոր հեռուստատեսություններում: Ճիշտ է՝ կա վտանգ, որ այս դեպքում ամբոխը կխելագարվի ու դուրս կգա փողոց, բայց մենք գիտենք չէ՞, որ բոլոր ժամանակներում էլ ճանապարհ բացել են հենց «խելագարները»:

– Մենք ինչպե՞ս իմանանք, թե ինչ ճանապարհով եւ որտեղ է մեզ տանում հայ ժամանակակից կինոն:

– Հայկական կինոն հաջորդ տարի կտոնի իր 100-ամյակը: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր կինեմատոգրաֆիստներին, հատկապես այն նվիրյալներին, որոնք հենց հիմա անհնարին ճանապարհներով ստեղծում են կինո. երբեմն ստացվում է, երբեմն` չէ, բայց ինչպես ասում են՝ «все к лучшему»: Հայ ժամանակակից կինոն կզարգանա եւ կզբաղեցնի իր ուրույն տեղն աշխարհում, դրանում կասկած չկա. մենք, լինելով փոքր երկիր, համաշխարհային երկու կինոլեգենդ ունենք՝ Փարաջանով, Փելեշյան: Հիմա ուղղակի ժամանակ է պետք, պետք է միջավայրը զարգացնել պրոֆեսիոնալ մասնագետներով, մեծ ուշադրություն դարձնել կրթությանը։ Մեր երկիրը շատ դժվար է ընդունում նորությունները, կարծրացած վիճակի մեջ ենք, տարօրինակ է, բայց մենք այնպիսի տեխնիկական բաց ունենք, որ էլ ասելու չէ: Երբ ինչ-որ բան ես մտածում, հետո նստում ես քննարկելու դրա տեխնիկական կողմը, հասկանում ես, որ այնպես, ինչպես կուզեիր նկարել, հնարավոր չէ, որովհետեւ չկա համապատասխան տեխնիկան: Դժվար ժամանակներում ենք ապրում ու էլի եմ ասում՝ երախտագիտությունս եմ հայտնում այն մարդկանց, ովքեր անհնարին ճանապարհներով, բայց փորձում են իսկական կինո նկարել` չմտածելով կոմերցիայի մասին: Իհարկե, պետք է ապրել, սակայն ես հույս ունեմ, որ այն կինոն, որն, օրինակ, ես սիրում եմ, մի օր նաեւ կօգնի ոչ միայն ապրել, այլեւ՝ լա՛վ ապրել:


– Կինոդիտողն այսօր բազմաթիվ պահանջներ ունի եւ դրանք կարծես չեն բավարարում ռեժիսորները։ Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, որոնց անձամբ եք առնչվել։

– Մի գաղտնիք բացեմ. գոնե ես չեմ ճանաչում մի ռեժիսորի, ով իր ստեղծագործական տարածության մեջ բավարարի ինչ-որ մեկի պահանջները։ Ռեժիսորները հիմնականում փորձում են իրենք իրենց պահանջները բավարարել, խոսել այն թեմաներից, որոնք հենց իրենց են անհանգստացնում, բարձրաձայնել խնդիրներ, որոնք հենց իրենք են տեսնում։ Այլ հարց է, որ մեր հասարակության մեջ զգալի տեղ են զբաղեցնում պարզունակ ու միանշանակ կոնտենտի սիրահարները։ Խնդիրները շատ են՝ սկսած պրոֆեսիոնալ, ոլորտային մասնագետներից, վերջացրած կինոդիտողով։ Վերջինս ուղղակի չի գնում հեղինակային կինո դիտելու։ Մարդիկ չեն ուզում ինքնուրույն մտածել, սիրում են նայել մի բան, ինչը հեշտ է մարսել: Կինո նայելն էլ, նկարելն էլ հսկայական աշխատանք է, իսկ մենք ալարկոտ ենք:

– Որպես երիտասարդ ռեժիսոր՝ նոր ֆիլմով կներկայանա՞ք առաջիկայում:

– Այս տարի ուզում եմ վերջապես ավարտել իմ 2-րդ վավերագրական ֆիլմը, որ շուրջ 4 տարի է՝ ձգձգվում է հնարավոր եւ անհնարին խնդիրների պատճառով։ Դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի ու ինչ խնդիրների կհանդիպեմ: Նաեւ նպատակ կա խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարելու, որը դեռ սցենարային փուլում է: Երկար ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ, մեր շուրջը ստեղծված իրավիճակը բթացրել էր բոլոր զգայարանները, մի տեսակ փակուղու մեջ էի, բայց կարծես ստացվեց հավաքվել ու կենտրոնանալ: Շատ պատմություններ կան, որոնք ուզում եմ պատմել, երբեմն այդ պատմությունները իրենք են որոշում, թե երբ նրանց կարող ես պատմել… Ես ու կինոն տարօրինակ փոխհարաբերությունների մեջ ենք, բայց արդեն ամեն ինչ հարթվում է:

– Կինո եւ գրականություն կապի մասին խոսենք: Այսօր կարծես նժարներն իրար հավասար չեն…

– Կինոյի հիմքը գրականությունն է: Այստեղ անհավասարություն չկա, ինչքան առաջ է գնում գրականությունը, այնքան` կինոն: Չի կարող զարգանալ հայկական կինոն, եթե մեր ժամանակակից գրականությունը չի զարգանում, եւ ճիշտ հակառակը: Ուրիշ հարց է, որ խնդիրներ են առաջանում կինոսցենարների հետ կապված, որը ամենամեծ եւ ցավոտ հարցն է: Եթե տեխնիկական հարցերն այս կամ այն կերպ լուծվում են, սցենարային խնդիրներն անհնար է լուծել: Մենք շատ լավ ժամանակակից հեղինակներ ունենք, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ բոլոր նոր գործերը: Ինչպես ասում են` կինոյի ճակատագիրը որոշում է սցենարիստը, ու եթե կարողանանք հետաքրքրություն առաջացնել ու գրողներին բերել նաեւ կինոդաշտ, միգուցե կարողանանք աշխարհին պատմել մի պատմություն, որը շատերին կհետաքրքրի։

– Երազե՞լ կինոյում, թե…

– Կինոն երազող մարդկանց տեղ չէ, բայց այն երազողների մասին է: Հազիվ թե հանդիպեք մի ռեժիսորի, որը երազելով է զբաղվում կինոյում, ու դժվար չէ գտնեք մի ֆիլմ, որտեղ երազանք չկա:

– Մարդու ազնվագույն հոգեկերտվածքը պահպանելու, ազգային գաղափարներն ամրապնդելու նպատակով, իմ կարծիքով, կինոն կարող է իր գործն անել… Կինոն մարդուն կարող է փոխել, դարձնել ավելի լավը… կամ շատ վատը։ Դուք ի՞նչ կասեք։

– Կինոարվեստն իսկապես յուրօրինակ է։ Այն ճանապարհ է ցույց տալիս, բայց, ցավոք, աշխարհում չկա այնքան մեծ կինոթատրոն, որտեղ կտեղավորվեն աշխարհի բոլոր մարդիկ, որպեսզի դիտեն այն ֆիլմերը, որոնք իրենց ցույց կտան այն ճանապարհը, որով պետք է քայլել։ Կինոյի, արվեստի գործը փոքրամասնության հետ է, ինչը ցավալի է։ Իսկ հրաշալին այն է, երբ փոքրամասնությունը դառնում է էլիտա, որին ձգտում են հասնել ոչ թե ամենագնաց մեքենաներով կամ երկնաքեր տներով, այլ կարդացած գրքերով, դիտած ֆիլմերով ու լսած երաժշտությամբ:

– Մեզ պե՞տք է արժեքների վերագնահատում, բարձրագույն դրսեւորումներ՝ մի նպատակի հասնելու ուղին գործարկելու համար:

– Գուցե եւ պետք է, հնարավոր է՝ պետք չէ: Մի բան հաստատ պետք է՝ չմտածել այս մասին: Ուղղակի աշխատել, ստեղծել, առաջ գնալ, ու ինչը հրաշալի կլինի՝ առաջ տանել:

– Ինքնարտահայտում եւ խոսքի ազատության սահմաններ. որպես ռեժիսոր` ընդունելի՞ է ձեզ համար:

– Արվեստն առհասարակ ինքնարտահայտում է ու խոսքի անսահման ազատություն, ավելի ճիշտ՝ խոսքի անսահման ազատության հեգնանք, քանի որ չկա այդպիսի բան, շատ բան չկա ու նաեւ այդ չեղածի մասին է արվեստը։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Արթուր Սահակյանը

«Առավոտ» օրաթերթ
06.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930