Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը տեղափոխվեց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների դաշտ

Սեպտեմբեր 07,2022 12:00

Սա մի իրադրություն է, երբ հայկական կողմի համար իրավիճակն էլ ավելի է բարդանալու

Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, փակ դռների ետեւում մոտ չորս ժամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցեցին։ Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը եւ անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը եւ սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Հայտնի է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ», եւ որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում: Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստին, կառավարությունից տեղեկացնում էին, որ այն տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում։

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը եւս կայացել էր Բրյուսելում՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Փաշինյանն ու Ալիեւը այն ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել, որից հետո էլ հրապարակվել էր հանձնաժողովների կազմը եւ կայացել էր դրանց ղեկավարների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը սահմանին՝ Երասխի ուղղությամբ:

Ի՞նչ է քննարկվել Բրյուսելի բանակցություններում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տե՞քստը, սկզբունքնե՞րը, որոնց հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները…

Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների արդեն 5-րդ դեմառդեմ հանդիպումն էր, որից չորսը տեղի են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։

Բրյուսելյան վերջին հանդիպումն ամփոփելով՝ Եվրոպական խորհրդի նախագահը բանակցություններից հետո հայտնեց, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերությունները։ Շառլ Միշելը նշեց, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։ Սակայն, հատկապես ո՞ր սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Բաքուն 5 սկզբունքներ ներկայացրեց, որին Հայաստանը արձագանքել էր վեց կետանոց պատասխանով։ Սակայն ԼՂ-ի հարցը փակված համարելով՝ Բաքուն Հայաստանից պահանջում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, նաեւ՝ սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, կոմունիկացիաների բացում։
Պաշտոնական Երեւանը առանց հստակեցնելու՝ ինչ կարգավիճակ է պատկերացնում Արցախի համար, շեշտում է, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Սակայն, Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարությունում որեւէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նշվում է միայն, որ քննարկումների առանցքում եղել են «վերջին զարգացումները Հարավային Կովկասում», որեւէ խոսք չկա նաեւ Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածության մասին, որի հետեւանքով զոհեր ու վիրավորներ եղան։

Դրական, արդյունավետ գնահատելով բանակցությունները՝ Շառլ Միշելը նաեւ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկում են ունեցել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների եւ անհետ կորած անձանց ճակատագրի շուրջ։ Միշելը ադրբեջանական կողմին շեշտել էր հայ գերիների ազատ արձակման կարեւորությունը, նաեւ հայտնել էր, որ Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է սահմանի դելիմիտացիային առնչվող հարցերը, եւ թե «ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»։ «Սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։ Դիտարկել ենք նաեւ տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող քննարկումների առաջընթացը», – նշել էր նա։

Իսկ հայտարարության վերջում Շառլ Միշելը նաեւ ընդգծել էր երկու ժողովուրդներին երկարատեւ ու կայուն խաղաղությանը պատրաստելու կարեւորությունը. «Հանրային ուղերձները շատ կարեւոր են այս առումով, նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք լսում են մյուս կողմում եւ քննարկում»: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է առաջիկայում եւս աջակցել երկարատեւ, կայուն խաղաղությանը, հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այս ձեւաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին։

Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրամիության խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման ժամանակ «քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր», անցյալ շաբաթ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը. «Բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ եւ պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար»: Նա նաեւ հավելեց. «Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետեւողական աշխատել։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական ու համապարփակ խաղաղություն, եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»։

Բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումը նշանավորեց Մոսկվայի կողմից բավական ցցուն բացասական արձագանքով: Սա, թերեւս, առաջին անգամ էր, որ Մոսկվան հրապարակավ ու նման տոնայնությամբ հակադրվեց Բրյուսելի հովանու ներքո ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:

Բոլորին պարզ էր, որ պաշտոնական Մոսկվան կողմնակից է, որպեսզի Երեւանի եւ Բաքվի միջեւ «առարկայական բանակցություններն» ընթանան ոչ թե Բրյուսելի, այլ՝ Մոսկվայի միջնորդությամբ: Բայց Ռուսաստանի կողմից նման արձագանքն, արդեն, վկայում է այն մասին, որ Մոսկվան ապագայում կարող է էլ ավելի «պահանջկոտ» դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպման նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ եվրոպացիներին ուղղակի մեղադրեց «միջնորդության դափնիները յուրացնելու փորձերի» մեջ։

Եվրամիության «իրական ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ» որեւէ կապ չունեն, ադրբեջանական ամենշաբաթյա մամլո ասուլիսում ասաց Զախարովան` մեկնաբանելով Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող հանդիպումներն ու բանակցությունները: «Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, եւ այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա», – նշեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը` շարունակելով. «Եթե ինչ-որ մեկը իրեն որպես միջնորդ է ներկայացնում` այդպիսին չհանդիսանալով, ապա, ըստ ամենայնի, նա որեւէ բան առաջարկել չի կարող եւ ցանկանում է պարզապես ի ցույց դնել իր մասնակցությունը։ Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելը կորցրել է դիվանագիտական հմտությունները»:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ձեւակերպմամբ` Երեւանի եւ Բաքվի միջեւ առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։ «Ինչ վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստի մշակմամբ զբաղվող աշխատանքայի խմբի ստեղծման մասին տեղեկատվությանը, ապա Ադրբեջանի եւ Հայաստանի մեր գործընկերներից մենք նման որեւէ տեղեկություն չենք ստացել», – շեշտեց Զախարովան։

Այսպիսով, Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը տեղափոխվել է Հայաստան-Ադրբեջան խնդիրների, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դաշտ: Սա մի իրադրություն է, երբ հայկական կողմի համար իրավիճակն էլ ավելի է բարդանալու, առավելեւս, եթե գործող իշխանությունների կողմից չցուցաբերվի անհրաժեշտ հմտություն, հավասարակշռություն եւ խելամտություն:

Հավելենք նաեւ, որ ԵՄ-ի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հերթական բանակցություններին արձագանքել են նաեւ Վաշինգտոնից՝ կոչ անելով կողմերին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 06.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930