Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակությունը ՀԿ-ները չեն

Սեպտեմբեր 07,2022 14:30

Դա, իրականում, մարդկանց միջեւ հորիզոնական կապերի ստեղծումն է

Քաղաքացիական հասարակություն հասկացությունը մեր՝ հետխորհրդային տարածքում խեղաթյուրված է: Որոշ չափով այդ խեղաթյուրմանը նպաստել է Արեւմուտքի քաղաքականությունը մեր երկրների հանդեպ: Ըստ այդմ՝ հասկացությունը նեղացել է եւ հաճախ ընկալվում է որպես ՀԿ-ների (հասարակական կազմակերպությունների) խումբ, որն Արեւմուտքը գործիք է դարձրել Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարելու, եւ, եթե հնարավոր է՝ «գունավոր» հեղափոխություններ իրականացնելու համար: Այստեղ, իհարկե, հեշտ է ընկնել դավադրությունների տեսությունների գիրկը՝ ամեն մի դրվագում տեսնելով ինչ-որ մութ ուժերի թաքուն մտադրությունները: Եթե ինձ հարցնեք՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելը եւ անգամ գունավոր հեղափոխություններ իրականացնելն ամենեւին էլ բացասական երեւույթներ չեն: Սակայն այդ ամենը քաղաքացիական հասարակության հետ կապ չունի:

Բուն այդ երեւույթի մասին, թերեւս, առաջիններից մեկը սկսեց խոսել իմ կողմից արդեն բազմիցս վկայակոչված ֆրանսիացի մտածող Ալեքսիս դե Տոկվիլը, որը 19-րդ դարի 30-ական թվականներին այցելելով ԱՄՆ, արձանագրեց, որ այդ երկրում չկա եվրոպական իմաստով արիստոկրատիա, բայց, մյուս կողմից, չկա նաեւ բացարձակապես տգետ եւ արհամարհված խավ: Հասարակությունը կազմակերպվում է ոչ թե ուղղահայաց՝ վերեւից ներքեւ, այլ հորիզոնական կապերով: Բժիշկներն իրենց շահերը պաշտպանում են՝ միավորվելով այլ բժիշկների հետ, փաստաբանները՝ փաստաբանների հետ, ֆերմերները՝ ֆերմերների հետ՝ ստեղծելով նաեւ բանկեր եւ լոբբիստական կազմակերպություններ, արհմիություններ, բարեգործական կառույցներ:

20-րդ դարի 60-70-ական թվականներին ամերիկացի քաղաքագետներ Ալմոնդը եւ Վերբան այդ բոլոր գործընթացներն ամփոփեցին «քաղաքացիական մշակույթ» հասկացության ներքո, որը նրանք դիտարկում էին որպես ժողովրդավարության հիմքերից մեկը: Հորիզոնական կապերը հավասարակշռում են շահերը: Մի կողմից՝ արգելափակում են կառավարությունների կամայականությունները, իսկ մյուս կողմից՝ թույլ չեն տալիս, որ զանգվածները «դուրս գան ափերից»: Գուցե դա՞ է պատճառներից մեկը, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգներում 1861-65 թվականի քաղաքացիական պատերազմից հետո նմանատիպ բուռն իրադարձություններ տեղի չեն ունեցել:

Իշխանությունները տոտալիտար կամ ավտորիտար երկրներում, բնականաբար, շահագրգռված են, որ ուղղահայաց կապերն ամրապնդվեն, իսկ հորիզոնականները թուլանան կամ ընդհանրապես վերանան: Օրինաչափ է, որ, օրինակ, ստալինյան ժամանակաշրջանում խրախուսվում էր իրար վրա մատնագրեր գրելը: Կամ՝ ծնողներից, զավակներից, եղբայրներից հրաժարվելը, որովհետեւ ընտանիքը հորիզոնական կապերի ամենահին եւ ամենաամուր ձեւն է:

Մասամբ ստալինյան ժառանգությունը կրելու պատճառով, մասամբ նաեւ՝ ֆեյսբուքյան յուրահատուկ «մատնագրերի» ազդեցության տակ իրական քաղաքացիական հասարակությունը հետխորհրդային երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, դանդաղ է զարգանում: Մեզանում չի խրախուսվում կամավորական աշխատանքը, անկեղծ, ոչ գովազդվող բարեգործությունը, մերձավորին պարզապես ձեռք մեկնելու ձգտումը, սոցիալական պատասխանատվությունը: Իսկ եթե այդպիսիք կան, ապա մշտապես հարցեր են առաջանում, թե ինչ վատ, շահադիտական նպատակներ են դրանց տակ թաքնված:

Եթե որեւէ երիտասարդ, ենթադրենք, որոշում է կիրակի օրն աշխատել, ենթադրենք, ծերանոցում, հաստատ Ֆեյսբուքում կասկածներ կհնչեն, որ նա կամ իրեն գովազդում է, կամ միավորներ է հավաքում արեւմտյան բուհ ընդունվելու համար: Եթե որեւէ հյուրանոց կամ սննդի օբյեկտի տեր որոշում է ասֆալտապատել ոչ միայն իր օբյեկտի դիմացը, այլեւ շրջակա փողոցները, ապա միանգամից կասկածներ կառաջանան, որ նա պատրաստվում է պատգամավոր կամ համայնքի ղեկավար դառնալ: Կամ վերջին, թարմ օրինակը. Հայտնի գործարարը տեղափոխվում է Արցախ՝ միանգամից հարցեր են ծագում՝ ո՞վ է նրան ուղարկել, ումի՞ց է նա փախել:

Քաղաքացիական հասարակության նախապայմաններից մեկն, այդպիսով, վստահությունն է, իրար նկատմամբ բարի, սրտացավ վերաբերմունքը: Դա, առաջին հայացքից ինչ-որ լիրիկա է թվում, բայց, իրականում դա, ինչպես ընդունված է ասել, անվտանգության խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930