Կարսի Կազվան գավառում գտնվող Եղեգնամորի վանքը, որը տեղի բնակիչները կոչում են հենց գյուղի թուրքական անվանումով՝ Չենգիլլիի եկեղեցի, սկսել է ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավել։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ սույն վանքը, որի կառուցման տարեթիվն անհայտ է, գտնվում է տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ Չենգիլլի գյուղի հենց մեջտեղում գտնվող սույն եկեղեցին ունի խաչաձև գմբեթ և ուշագրավ զարդաքանդակներ։
Կովկաս համալսարանի դասախոս և Անիի ավերակներում պեղումներ իրականացնող խմբի ղեկավար, դոկտոր Մուհամմեդ Արսլանը «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, թե հիմնվելով եկեղեցու առանձնահատկությունների վրա՝ կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-11-րդ դարերում Բագրատունյաց արքայատոհմի կողմից։ Ըստ նրա՝ եկեղեցու վրա 3 տարբեր արձանագրություններ, որոնք վրացերեն են։ Այստեղ հարկ է նշել, որ եկեղեցին ունեցել է նաև հայատառ արձանագրություն, որն իրականում չի պահպանվել։
Կարդացեք նաև
Թեև թուրք «գիտնականը» հայտնել է, որ եկեղեցին Բագրատունիներն են կառուցել տվել, սակայն փորձել է տպավորություն ստեղծել, թե այն հայկական չէ, ուղղակի հայերը մի ժամանակ օգտագործել են այս վանական համալիրը։ Նա նաև հավելել է, թե սելջուկյան արշավանքների հետևանքով, երբ Անին նվաճվեց սուլթան Ալփ-Արսլանի կողմից, Կարսն իր շրջակայքով հանդերձ ևս անցավ սելջուկների տիրապետության տակ։
«Անադոլու» գործակալությանը հարցազրույց տված թուրք զբոսաշրջիկներից մեկն էլ ընդգծել է, թե եկեղեցին բավականին լավ է պահպանվել, բայց և այնպես՝ վերանորոգման կարիք ունի։
Հիշեցնենք, որ սույն վանական համալիրը կառուցվել է 10-11-րդ դարերում, հայ Բագրատունիների կողմից։ Եկեղեցին վեր է բարձրանում եռաստիճան հիմքի վրա: Գլխավոր մուտքը արևմուտքից է: Եկեղեցին ունի 20 x 15 մ երկարություն և 25 մ բարձրություն: Կառույցը կոնաձև վրան է հիշեցնում: Խորանի վերին հատվածում նկատելի են սիմետրիկ ծառերի տերևների և խաղողի որթը ուտող օձի քանդակ: Այս հատվածի վրա նաև առկա են Սուրբ Մարիամ Աստվածածնի և Հիսուս Քրիստոսի պատկերները: Շինության քանդակների մեծ մասն այսօր չի պահպանվել: Պատերը կառուցված են 1 մ հաստությամբ սրբատաշ բազալտե քարից:
Թարգմանեց Մելինե Անումյանը