Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր տաճարը հիմնովին վերանորոգման է ենթարկվել՝ հիմքերից մինչեւ գմբեթի խաչը». Մուշեղ սրբազան

Սեպտեմբեր 06,2022 21:45

2012 թվականից Էջմիածնի Մայր տաճարում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ, որոնք արդեն ավարտին են մոտենում: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց որմնանկարների վերականգնման առաջատար մասնագետ Արժանիք Հովհանիսյանը, նախագիծը սկսելիս՝ երկու խնդիր էր դրված, նախ այն որմնանկարները, որոնք խանգարում էին տաճարի կոնստրուկտիվ մասի ամրակայմանը, առանձնացնել, ապա շինարարական աշխատանքների ավարտից հետո վերադարձնել իրենց տեղը, ապա անցնել նախագծի երկրորդ փուլին՝ աշխատանքների ընդհանուր վերականգնում եւ ամրակայումը:

Նա տեղեկացրեց, որ այն հատվածներում, որտեղ որմնանկարները առանձնացրել են պատից,  եւս երկու շերտով փոքր որմնանկարներ են հայտնաբերվել: Արժանիք Հովհանիսյանի խոսքով, այդտեղ պարզվում է հիմնականում աշխատել են Հովնաթանյանները: Ներկայումս 14 մասնագետ է աշխատում որմնանկարների վրա, որոնք վերապատրաստվել են Իտալիայում եւ աշխատում են Իտալիայից ներկրված նյութերով:

Արժանիք Հովհանիսյանի ձեւակերպմամբ, իրենք պարզել են, որ տաճարը լեցուն է եղել կոմպոզիցիաներով, ու միայն գմբեթի հատվածում եղել է 24 կոմպոզիցիա. «Փաստորեն ժամանակին պատերը ծածկված են եղել Հին ու Նոր կտակարանների կոմպոզիցիաներով»:

Մայր Աթոռ սուրբ  Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշեց, որ որոշակիորեն երկարել է Մայր տաճարի վերաօծման  ժամկետը, բայց մի բան փաստ է՝ ահռելի մի աշխատանք է կատարվել եւ կատարվում:« Սուրբ Էջմիածինը, մեր Մայր տաճարը 1700 եւ ավելի տարիներ ունի, եւ 2023թ. պիտի նշվի Մայր տաճարի հիմնադրման 1720-ամյակը: Տիրոջ ողորմությամբ շինարարական աշխատանքներն ընթանում են, եւ եթե ամեն ինչ այս ընթացքով շարունակվի, հույս ունենք, որ մեկ տարի հետո Մայր տաճարը իր դռները կբացի հավատացյալների եւ այցելուների առջեւ՝ վերաօծվելով եւ սրբագործվելով»,-հայտնեց սրբազանը: Հավելեց, որ ժամկետները կախված են   Մայր տաճարի վրա կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած անակնկալներից:

Նա վստահեցրեց, որ իր պատմության ընթացքում Մայր տաճարը, երբեք այսպես հիմնովին չի նորովել, ու աշխատանքներից հետո հավուր պատշաճի կկազմակերպվի համայն հայության հոգեւոր կենտրոնի վերաօծումն ու սրբագործումը: Սրբազանը հիշեցրեց, որ հայտարարված էր համազգային դրամահավաք, որը դեռ չի ավարտվել, եւ շինարարական աշխատանքների ավարտից հետո առանձին գրքույկով կներկայացվեն բոլոր նվիրատվությունները: «Մայր տաճարը հիմնովին եւ հիմնարար վերանորոգման է ենթարկվել՝ հիմքերից մինչեւ գմբեթի խաչը, թե արտաքին եւ ներքին ամբողջական վերանորոգում է եղել»,-ընդգծեց սրբազանը՝ ներկայացնելով, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները: Նա հավելեց, որ եղել են հայորդիներ, որոնք այլ կերպ են փորձել ներդրում ունենալ՝ լինի դա աշխատանքով, թե տեխնիկայով աջակցությամբ :

Վերականգնող  ճարտարապետ Ամիրան Բադիշյանը եւս փաստեց, որ ծրագիրը սկսվել է 2012թ՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ հանձնարարությամբ: Սկզբում  խնդիր էր դրված կոսմետիկ վերանորոգման՝ հիմնականում ծածկերի շրջանում, որտեղ  առատ բուսածածկույթ կար,  ու անգամ զանգակատան վեղարի վրա ծիրանի ծառ էր աճել: Հետագայում պարզվել է, որ հարկավոր է ամբողջական վերանորոգում եւ վերականգնում: Իսկ, երբ 2015թ. Հռոմի պապի այցելության առիթով նախատեսվել են ներքին պատերի մաքրման աշխատանքներ, այդ ժամանակ բացահայտվել են որմնանկարների վրա առկա քայքայումները, դեֆորմացիաներն ու ճաքերը: Մի խոսքով, նոր նախագծին  միացել է որմնանկարչական ծրագիրը:

Վերականգնող ճարտարապետը նշեց,  որ Զանգակատան վեղարի ծածկասալերի տակ հայտնաբերվել է  170 կահ կարասի, կարասներից 6-ը` մեկ մետր, քսան սանտիմետր բարձրությամբ: Դրանք թվագրվում են 17-րդ դար, եւ ըստ, Բադիշյանի, նվիրատվություններ են եղել: Ճարտարապետը վստահեցրեց, որ վերանորոգումից  հետո Մայր տաճարը հարյուրամյակներով կանգուն կլինի, քանի որ մասնագիտական հզոր թիմ է աշխատել՝ կոնստուկտորականից մինչեւ ճարտրապետական ու նյութաբանական:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930