Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի դատախազը քրեական ենթամշակույթ կրողների միջոցով փորձել է հետս գործարքի գնալ»․ Կարապետ Պողոսյան

Սեպտեմբեր 06,2022 21:30

Այսօր Շիրակի դատախազության դիմացի այգում մամուլի ասուլիս էր հրավիրել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանից պահանջելով ինքնակամ հրաժարական տալ։

Գյումրեցի իրավապաշտպանը պնդում էր, որ դատախազը մի քանի քրեական գործեր է սարքել իր գլխին, այնուհետ փորձել գործարքների գնալ՝ իր մոտ ուղարկելով քրեական ենթամշակույթ ունեցող անձանց։

«Սկսում ենք մի պրոցես, որ Շիրակի մարզում հաստատվի արդարություն, արդարադատություն․ տևական ժամանակ է՝ մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում է մի անձ, որը իրեն թույլ է տալիս բազմապիսի և բազմատեսակ օրինազանցություններ։

Ինքն իրավունք չունի այդ կառույցը ղեկավարելու։

Ես մի քանի փաստեր կբերեմ։ Ամիսներ առաջ մեկը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է իմ երեխայի լուսանկարը և սպառնալիքներ հնչեցնում իմ երեխայի ու ընտանիքի նկատմամբ։ Ես փորձում եմ գտնել, թե ով է, ուղարկում են իր ֆեյսբուքյան էջը, փորձում եմ իրեն զանգահարել, գտնել, չի պատասխանում։ Վերցնում են նրա ֆեյսբուքյան լուսանկարներից մեկը, տեղադրում եմ իմ էջին և կոչ եմ անում իմ ընկերներին ՝ ով իրեն ճանաչում է, ինձ տեղեկացնի։

Այդ անձը նկարված էր Ալեն Սիմոնյանի հետ։ Ես ասում եմ՝ ո՞վ է ճանաչում այս անբարոյականի որդուն, և որպեսզի լուսանկարի տակ չգրեն Ալեն Սիմոնյան, հատուկ շեշտադրում եմ, որ խոսքը Ալեն Սիմոնյանի մասին չէ։

Այդ ընթացքում տվյալ դատախազն իմ վրա անընդհատ քրեական գործեր էր հարուցում։Մտքովս էլ չանցավ, որ ինքը դրան էլ է անդրադառնալու, որովհետև դրան անդրադառնալու դեպքում բարոյական մարդը ոչ թե պիտի անդրադառնար, թե այնտեղ ով է նշված և ում են անբարոյական անվանում, այլ առաջին հերթին պիտի անդրադառնար, թե 10 տարեկան երեխային ով է սպառնում»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

Նրա պատմելով, տևական ժամանակ անց, իրեն է զանգահարում քննիչը և տեղեկացնում, որ իր նկատմամբ քրգործ է հարուցվել ։ Ընդ որում քրեական գործ հարուցվել է Ալեն Սիմոնյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Քրեական հոդվածի 137․1 հոդվածի կիրառումից դուրս գալուց հետո, քննիչը զանգահարում է Կարապետ Պողոսյանին, կանչում՝ առաջարկելով զղջման դիմում գրել, ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, որպեսզի քրգործը կարճվի։

«Ես դիմում չեմ գրում և հստակ բացատրում եմ՝ ոնց գործը հարուցել եք, գործի տակից դուրս եկեք, ես բացարձակապես ոչ մի բան չունեմ գրելու կամ ավելացնելու։ Մի քանի օր անց այդ նույն խայտառակ հոդվածով մեկ այլ քրգործի շրջանակներում դատարանը նիստ է նշանակում, ես գնում եմ, հերթական անբարոյականությունն է տեղի ունենում իմ նկատմամբ։ Գուրգեն Գրիգորյանը այն բոլոր քրգործերը, որոնք հարուցել էր, հսկող դատախազ նշանակել էր մի անձի, որը եղել է իմ աշակերտը, ում նկատմամբ ես ունեցել եմ հոգատար վերաբերմունք։

Իմ համար, բնականաբար, մեծ ցավ էր, երբ աշակերտս ցինիկ պահվածքով էր մտնում դատարան։ Դատարանը իմ նկատմամբ սանկցիա կիրառեց, որովհետև ինձ թույլ էի տվել դատավորին որոշակի հայրենասիրական դասեր տալ, ինձ հեռացրեց դահլիճից, և երբ ես իր պահանջն էի կատարում, մի երկու խոսք ռեպլիկի տեսքով ասացի աշակերտիս, իրեն տվեցի կոնկրետ բնորոշում՝ հիմնավորելով, թե ինչու եմ այդպես մտածում իր մասին։

Դրանից հետո ես դուրս եմ գալիս, դատախազը սկսում է իմ հետ գործարքների լեզվով խոսել, շատ արագ իմ մոտ ուղարկում է ծառայակից ընկերներից մեկին և ինձ առաջարկում է գործարք։ Ասում է՝ դու մի մտի դատարանի դահլիճ, փոխարենը քո նկատմամբ հարուցված քրգործը կկարճենք։

Քանի որ ինքս հայտարարել էի, որ դահլիճ չեմ մտնելու, բնականաբար համաձայնվեցի։

Դրանից մի քանի օր այդ նույն ծառայակիցը ինձ զանգում է, խնդրում է հանդիպել, քանի որ ես Գյումրիում չէի, հեռախոսով ինձ երկրորդ գործարքն է առաջարկում, թե եթե դու համաձայնես եղած քրգործերի հետ, մենք բոլոր գործերը քո նկատմամբ կկարճենք և կաշխատենք քո նկատմամբ որևէ քրեական հետապնդում չիրականացնել։ Ես բնականաբար չեմ համաձայնում։

Անցնում են օրեր, ոստիկանության աշխատակիցները մտնում են մեր տուն՝ ծանուցագիրը ձեռքերին, և ասում են՝ դուք ընդամենը մեկ ժամ ունեք, որպեսզի ներկայանաք քննչական կոմիտե, հակատակ դեպքում ձեզ բերման կենթարկենք։ Այդ պահին զանգահարում եմ քննիչին, որպեսզի ճշտեմ, թե ինչ խնդիր կա, բա դատախազի հատուկ հանձնարարությամբ ձեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար։

Եվ ես շատ լավ հասկանում եմ, որ ես սեռական բնույթի հայհոյանք չեմ տվել, ի տարբերություն դատախազի՝ գիտեմ սեռական բնույթի հայհոյանքը որն է, անձին բնորոշող արտահայտությունը որն է։ Ես նորից զանգահարում եմ քննիչին, ասում եմ՝ ձեր ասած մեկ ժամվա ընթացքում չեմ կարող ներկայանալ, որովհետև իմ փաստաբանները պիտի ներկայանան Երևանից։ Երևանից Գյումրի մեկ ժամվա ընթացքում հաստատ հնարավոր չէ, քննիչն ինձ ասում է՝ ես դատախազի հատուկ հանձնարարական ունեմ, եթե չեք գա, ես ձեզ բերման կենթարկեմ, նաև այս պահին գրություն եմ ուղարկել հանրային պաշտպաններին, որպեսզի նրանք ձեզ այս պահին փոխարինեն։

Ես այդ պահին գյումրեցի փաստաբաններից մեկի հետ եմ գնում, ինքն ինձ մեղադրանք է առաջադրում, բնականաբար հրաժարվում եմ ցուցմունք տալուց, ինքը հայտարարում էր, որ երեքշաբթի այս գործը մտցնելու են դատարան, որովհետև դատախազն է հանձնարարել»։

Այս ամենից հետո Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքում քննադատել է դատախազ Գուրգեն Գրիգորյանին, որից հետո իրեն են մոտեցել ինչ-որ անձինք։

«Մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն ո՛չ դատախազության, ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ-ի հետ, ուղղակի թաղի տղերք են, Քրեական օրենսգրքով, եթե ասենք՝ քրեական ենթամշակույթ կրող անձիքն են, ինձ առաջարկում են գնալ գործարքի և առհասարակ հեռու լինել դատախազից»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

Նրա ասելով, իր դիրքորոշումը լսելուց հետո էլ նորից գործարք են առաջարկում, թե դադարեցրու քո ֆեյսբուքյան արշավը, մեկ ժամից կզանգենք։ Մեկ ժամ անց զանգում են, թե շաբաթ օրը քրգործը կկարճվի։ Իսկ շաբաթ օրը քննիչն ասում է՝ արի դատախազություն, ներողություն խնդիր, գործը կկարճվի։ Երբ Կարապետ Պողոսյանն իր զայրույթն է հայտնում, այդ նույն անձինք նորից են զանգահարում՝ ասելով, թե սխալ ես հասկացել, քեզ դատախազություն չեն կանչում ներողություն խնդրելու։

«Քննիչը, զանգահարելով, ասում է՝ ինձ դատախազությունից տեղեկացրել են, որ գալու եք, գրելու եք այն դիմումը, որ այդ գործը փակելու են։

Ես ասի՝ ոնց սարքել եք, այնպես էլ պարտավոր եք կարել, օրենքը ձեզ ինչ է թույլ տալիս, ինչ թույլ չի տալիս, բարի եղեք սովորեք իրավաբանություն, եթե ես հանցագործ եմ, ինձ դատապարտեք հանցագործության համար։ Եթե իմ նկատմամբ քրգործ ես հարուցել ու չես կարող տակից դուրս գալ, դա իմ խնդիրը չէ, ուրեմն ներողություն խնդրի, ոչ թե փորձիր իմ հետ գործարքի գնա»։

Կարապետ Պողոսյանն հարցնում է՝ ո/ր իրավունքով է դատախազը գործարքների գնում, այն էլ քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ համագործակցելով։

«Վերջերս Գյումրիում ձերբակալեցին իմ համար շատ հարգված մարդկանց շատ խնդալու քրեական գործով և անունը դրեցին քրեական ենթամշակույթի կրել և տարածել։ Ընկեր ջան, դու գողերին բռնում ես, քո ծանոթներին փորձում ես էս քաղաքում գող դարձնե՞լ։

Միանշանակ դա չի ստացվում, այսինքն՝ դու փորձում ես թաղում հեղինակություն վայելող, կյանք ապրած մարդանց ձերբակալել ինչ-որ անիմաստ քրեական գործերով, անունը դնել քրեական ենթամշակույթ և այդ նույն քրեական ենթամշակույթի փոխարեն դու քո սեփական քրեական ենթամշակույթը հաստատե՞լ այս քաղաքում»,-ասում է ընդդիմադիր իրավապաշտպանը։

Ըստ նրա, իր նկատմամբ 7 քրեական գործ է հարուցվել,, որոնք ապագա չեն ունեցել, ինչը խոսում է դատախազության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։

Կարապետ Պողոսյանի ասելով, 10 տարեկան երեխայի շահը պաշտպանելու փոխարեն, դատախազ Գուրգեն Գրիգորյանը փորձում է քծնել Ալեն Սիմոնյանին, ներողություն խնդրել տալ, երբ վերջինս անունն ընդհանրապես չի շոշափվել։ Ըստ բանախոսի, դատախազը սա անում է ամենայն հավանականությամբ ավելի բարձր պաշտոն ստանալու ակնկալիքով։

Կարապետ Պողոսյանը գլխավոր դատախազությունից պահանջում է քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ համագործակցելու համար քրգործ հարուցել ու դադարեցնել Շիրակի դատախազի պաշտոնավարումը։

Մենք պատրաստ ենք լսել նաև Շիրակի դատախազին, պարզաբանում ստանալու խնդրանքով դիմել ենք նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930