Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում համամասնական, իսկ մեկ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով, ընտրություններ կանցկացվեն։ Նախընտրական քարոզարշավն արդեն մեկ շաբաթ է՝ ընթանում է, այն կավարտվի սեպտեմբերի 23-ին, սեպտեմբերի 24-ը լռության օր է։
Սեպտեմբերի 25-ին թեժ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին համայնքում: Տեղական իշխանության համար այստեղ կպայքարեն հինգ ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները: ՔՊ համամասնական ցուցակը Թալինում գլխավորելու է Տավրոս Սափեյանը, «Ապրելու երկրինը»՝ Դավիթ Մանուկյանը, «Արդար Հայաստանինը»՝ Արմեն Գրիգորյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակը կգլխավորի Սարգիս Մուրադյանը, «Կայունություն» կուսակցությանը՝Ալբերտ Հարոյանը:
26 695 ընտրող ունեցող այս համայնքում հիմնական պայքարը կընթանա իշխող «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Ապրելու երկրի» միջեւ։
Կարդացեք նաև
Իշխող ուժի ավագանու ցուցակը գլխավորող Տավրոս Սափեյանը Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։
Հիշեցնենք, 2021 թվականին Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերի կողմից որպես համայնքապետի թեկնածու առաջադրվել էր «Հայք» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը, բայց համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Ինչեւէ, համայնքի ղեկավարի պաշտոնում Տավրոս Սափեյանը չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով: Հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։
Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։
Թալինի արտահերթ ընտրություններում իշխող ուժի ցուցակում ավագանու 81 թեկնածուներ կան, հիմնականում կուսակցականներ։ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ։
Իշխանության գլխավոր մրցակիցը «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Դավիթ Մանուկյանն է։ 2021 թվականի ընտրություններում նա էր Տավրոս Սափեյանի մրցակիցը. Դավիթ Մանուկյանը գլխավորում էր «Հայք» կուսակցությունը եւ ընդդիմության քաղաքապետի թեկնածուն էր:
Թալինում, դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ, «Կայունություն» խմբակցության անդամ Մանվել Կրպեյանն արդեն ահազանգեր էր հնչեցրել խմբակցության անդամների վրա ճնշումների վերաբերյալ:
Դավիթ Մանուկյանն իր քարոզարշավը սկսել է Իրինդ բնակավայրից: Տավրոս Սափեյանը քարոզարշավը սկսել է Ագարակավան եւ Պարտիզակ բնակավայրերից: Դատելով թեկնածուների ֆեյսբուքյան էջերից՝ երկուսն էլ ակտիվ քարոզարշավ են վարում:
Թեժ ընտրապայքար է սպասվում նաեւ Չարենցավան քաղաքում: Չարենցավանն ունի 26 832 ընտրող։ Այս համայնքում հայտ են ներկայացրել երեք ուժ. իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը» եւ «Միասնական համայնք» դաշինքը։ ՔՊ–ի քաղաքապետի թեկնածուն Չարենցավանում Արթուր Գալստյանն է։ Նա կուսակցական է, հայտնի է «Ճնդո» մականվամբ, ըստ մամուլի հրապարակումների, հովանավորվում է նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրների կողմից:
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է այս ընտրապայքարի միակ կին թեկնածուն՝ Անահիտ Խեչոյանը, «Միասնական համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Հակոբ Շահգալդյանը: Նա Չարենցավանի գործող քաղաքապետն է: Ըստ վերլուծությունների, այս համայնքում բացարձակ առաջատար ուժ, հավանաբար, չի ձեւավորվի, կարիք կլինի կոալիցիաներ կազմելու:
Արթուր Գալստյանը եւ Հակոբ Շահգալդյանը 2007-ին էլ էին ընտրապայքարի դուրս եկել Չարենցավանում, սակայն, ավելի ուշ, Արթուր Գալստյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իր քայլը միտված է բախումներից խուսափելուն:
Արթուր Գալստյանի ֆեյսբուքյան էջը նորաբաց է, ակնհայտ է, որ այն գործարկվել է հենց ՏԻՄ ընտրությունների համար: Տեղեկատվական առումով էջը բավական սակավ է, տեղադրված են մի քանի նախընտրական քարոզչական նյութեր եւ թեկնածուի կենսագրությունը:
Անահիտ Խեչոյանը քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 2-ին՝ այցելելով արցախյան ազատամարտի ընթացքում Չարենցավանից զոհվածների շիրիմներին: Հաջորդող օրերից նա ակտիվ հանդիպումներ է ունենում ընտրողների հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ