Azdarar.am-ում տեղադրված հայտարարության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ծանուցում է ուղարկվել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին, նրա կնոջը՝ Լամարա Խուդավերդյանին, դուստրերին՝ Գոհար և Մերի Թովմասյաններին, նրանց փոխկապակցված ևս երկու անձի՝ Սոնա Խուդավերդյանին և Ռուբիկ Ղազարյանին՝ նրանց հրավիրելով դատախազություն: Բոլոր այս անձինք ստացել են առանձին ծանուցումներ, որոնցում նշված է, որ նրանց անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հրայր Վարդանի Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:
Վարույթն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ