ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ Սեպտեմբերին լրանում է Տիգրան Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, եւ նրա թեկնածությունն ԱԺ լիագումար նիստում քննարկելուց առաջ այն այսօր ներկայացվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ բոլորը ճանաչում են Տիգրան Հակոբյանին, եւ ՔՊ-ն շնորհակալ է նրան, որ համաձայնել է աշխատանքը շարունակել նույն՝ մասնագիտական ոլորտում։
Տիգրան Հակոբյանը հայտարարեց, որ իր նախագահության տարիներին հանձնաժողովի աշխատանքը մանրամասն ներկայացվել է տարեկան հաղորդումներում, եւ կան անելիքներ՝ անկախ նրանից, թե ինքը կլինի՞ հանձնաժողովում, թե՞ ոչ․ «Ոլորտում այսօր կարեւոր օրենսդրական փոփոխություններ են կատարվում, բայց մի քանի տարի է, որ մենք դա անում ենք իրավիճակային եւ հատվածական։ Տեսալսողական մեդիայի ոլորտը չի կարող կարգավորվել առանձին օրենքներով։ Ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու եմ՝ գործընթացի վրա ազդելու եւ գերակատար օրենք բերելու համար»։
Տիգրան Հակոբյանի խոսքով, տասնյակ խնդիրներ կան, որոնք «Տեսալսողական մեդիայի մասին» գործող օրենքը չի լուծում․ «Սա առաջնահերթ կապված է տեխնիկական միջոցների արագ զարգացման հետ։ Այն, ինչ երեք տարի առաջ հնարավոր չէր կարգավորել, այսօր լուծելի է։ Բացի այդ, դասական եւ նոր մեդիայի միջեւ այսօր անհավասար մրցակցային պայմաններ կան։ Տեխնիկական հեղափոխության արդյունքում համացանցում հեռարձակողներ ունենք, որոնց լսարանը երբեմն ավելին է։ Սա բերում է անհամաչափության։ Հեռուստատեսության դիտելիությունը կրճատվում է։ Նոր եւ ավանդական մեդիայի համար հստակ իրավակարգավորումներ պետք է սահմանել»։
Կարդացեք նաև
ՀՌՀ գործող նախագահը նաեւ շեշտեց, որ լեզվական, տեղեկատվական անվտանգության խնդիրները հենց նշյալ հարցերի՝ կարգավորված չլինելու հետեւանքն են․ «Ցավոք, ՀՀ-ում չկա այնպիսի համակարգ, որը կզբաղվեր լեզվական եւ տեղեկատվական անվտանգության խնդիրներով։ Հատկապես կորոնավիրուսը, պատերազմը ցույց տվեցին, որ ազգային մեդիա-կարգավորողները, անկախ քաղաքական ռեժիմից, կոշտ են արձագանքում, երբ գտնում են, որ երկիրը սպառնալիքի առաջ է։ Կորոնավիրուսի ժամանակ անգամ ազատական երկրներում լիցենզիայից զրկում էին այն հեռարձակողներին, որոնք հակակորոնավիրուսային քարոզչություն էին վարում։ Եթե ՀՌՀ-ն ունենա համապատասխան լիազորություններ, ապա մենք գուցե տխուր պատկեր չունենայինք։ Նույնը եւ պատերազմական իրավիճակում։ Տասնյակ հեռարձակողներ քարոզչություն էին անում եւ վտանգում մեր երկիրը։ Ցանկացած օտարերկրյա ծրագիր պետք է անցնի համապատասխանեցում, որից հետո թույլ տրվի հեռարձակել։ Տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնց վրա ազդեցություն չունենք եւ որոնք հարկավոր չեն ՀՀ-ին։ Դրանք աղբ են եւ բացասաբար են ազդում»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվեց՝ ՀՌՀ-ն ի՞նչ գործիքակազմ ունի, որպեսզի գրաքննի Հակոբյանի մատնանշած՝ աղբ հանդիսացող հաղորդումները․ «ԱԺ-ն որքանո՞վ կարող է օգնել, որ ինչ-որ ձեւով փակենք այդ զիբիլի ճանապարհը»։ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ հարցը բարդ է, բայց կան ներքին գործիքներ․ «Մեկը պետության օժանդակությունն է, մյուսը՝ մեդիաների ինքնակարգավորումը»։
Ապա Տիգրան Հակոբյանը նաեւ ասաց, որ քաղաքակիրթ երկրներում մեդիայի խնդիրներով զբաղվող դատավորները հատուկ վերապատրաստում են անցնում, իսկ մեզանում մինչեւ հիմա դատարանները կարողանում են բեկանել ՀՌՀ որոշումները․ «Սա խնդիրների մի մասն է միայն։ Առանց ԱԺ-ի գործուն մասնակցության՝ հարցերը չեն լուծվելու»։
Այնուհետեւ ցանկանալով մատնանշել օրենքի բացը՝ Տիգրան Հակոբյանը մեկ օրինակ բերեց․ «Կա մի հեռուստաընկերություն, անունը չտամ, որը միայն այս տարվա ութ ամսում յոթ անգամ խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները՝ գռեհկաբանություն, մարդկանց վիրավորել․․․նորից նույնը կրկնում են, եւ հանձնաժողովը չունի լծակ, չկա օրենքի նորմ, որ նման հեռուստաընկերությունները պատժվեն, իսկ անորակ բովանդակությունը՝ նվազի»։
ԱԺ գլխադասային հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելուն։ Խորհրդարանական ընդդիմությունը քննարկմանը չմասնակցեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ