Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան գալու հիմնական գործոններից մեկը հասարակության վերաբերմունքն է, չպետք է հույսներս դնենք միայն լավ վերաբերմունքի, համեղ սննդի կամ ռուսերենի իմացության վրա». Թունյան

Սեպտեմբեր 06,2022 17:31

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցը՝ ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում:

Ինչպես նշեց հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը, ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10% դրույքաչափով է նախատեսված:

Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա, մեր երկրի մրցունակությունը պահպանելու համար պետք են նոր մեխանիզմներ ու աջակցության նոր ուղղություններ: Հարկային հատուկ ռեժիմը, որը սահմանված է մինչեւ 30 աշխատակիցների համար, ուղղված է նորաստեղծ փոքր ընկերություններին, ինչը ստվերի առաջացմանն է նպաստում՝ կանխելով զարգանալու հնարավորությունը: Տնտեսվարողը, հարկային արտոնությունից օգտվելու համար, նախընտրում է մնալ փոքր չափերի մեջ:

Մի շարք երկրներում ավելի լավ պայմաններ են ու չի բացառվում, որ ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք եկել են ՀՀ, կարող են գնալ երրորդ երկիր:

Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ հիմա առաջարկում են հարկային բարենպաստ ռեժիմը տարածել ոչ միայն փոքր աշխատողների շրջանում, այլ՝ ողջ ՏՏ ոլորտի: Իսկ միկրոձեռնարկատիրական ընկերություններին առաջարկում են հարկերից ազատել:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ նպատակ ունեն ՀՀ-ն դարձնել ավելի գրավիչ ու մրցունակ հարթակ ստեղծել. «Ամեն ինչ քննարկվել է, ամեն բաղադրիչ ուսումնասիրվել է: Հարկային բեռը պետք է նվազեցնել, որը պետք է բերի ավելի մրցունակ հարթակ: Երկրորդը սոցիալական խնդիրներն են՝ դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային համալիրներ եւ այլն: Ես կարծում եմ, այն մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, պետք է ինտեգրվեն հայկական այդ համապատասխան կառույցներին: Երրորդը՝ մինչեւ այսօր գործող օրենքը ու վիճակագրությունը ասում են՝ այն կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում գրանցված չեն, կամ որպես մասնաճյուղ են գրանցված, բայց գլխամասային կառույցներ ունեն, ՀՀ-ում վճարում են միայն եկամտահարկ, ինտերնետի վճար ու վարձով տարածքի համար: Հավակնություն ունեցող հայկական կազմակերպությունները պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, որ գնան դեպի բրենդի ինստիտուտի՝ հայտնի դառնալու ամբողջ աշխարհում, որ մենք կարողանանք այլ եկամուտներ շահութահարկի տեսքով նույնպես ունենանք»:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ կառավարությունը վերջին շրջանում գնում է հարկային արտոնություններից աստիճանաբար հրաժարվելու ճանապարհով, որ հարկային դաշտը չձեւախեղվի: Բայց մյուս կողմից էլ, եթե ուզում ենք որեւէ ոլորտ առանձնացվի, դա պետք է արվի հարկային համակարգով, որ գրավիչ լինի՝ այլ երկրների հետ մրցակցելիս. «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, արդեն հարցման արդյունքներն էլ են այդ մասին վկայում, Հայաստան գալու հիմնական գործոններից մեկը հասարակության վերաբերմունքն է իրենց նկատմամբ, հետո գալիս են մնացած բաները: Կան նաեւ խանգարող հանգամանքներ, բայց մենք չպետք է հույսներս դնենք միայն լավ վերաբերմունքի, համեղ սննդի կամ ռուսերենի իմացության վրա: Պիտի որպես բիզնես այդ մարդկանց համար ապահովենք այնպիսի պայմաններ, որ իրենք չմտածեն Հայաստանից տեղափոխվելու մասին: Եթե մենք այս ռեսուրսը ճիշտ չօգտագործենք, կնշանակի պահը բաց թողնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930