Հայաստանում սպառողական գները շարունակում են բարձր մնալ, ու չնայած հուլիսին հունիսի համեմատ գնաճը մի փոքր նվազել է, այդուհանդերձ, պարենի եւ ոչ պարենային ապրանքների գները զգալի բարձր են՝ հաշվի առնելով մեր երկրում միջին աշխատավարձի չափսը։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սոցիալ-տնտեսական ցուցանիշները։
Հուլիսին, ըստ ՎԿ-ի, գնաճը կազմել է 8.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Նկատենք, որ հունիսին, կրկին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել էր 9.8% գնաճ։
Շինարարությունում գնաճը կազմել է 6.4%, արդյունաբերական արտադրանք արտադրողների գները նվազել են 2,7%-ով, բեռնափոխադրումների սակագները նվազել են 0,4%-ով, իսկ գյուղատնտեսական մթերք արտադրողների իրացման գներն աճել են 7.3%-ով։
Կարդացեք նաև
Առաջնային անհրաժեշտության ապրանքների գները շարունակում են բարձր մնալ։
Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբում գնաճը հուլիսին կազմել է 13.5%, հացաբուլկեղենն եւ ձավարեղեն ապրանքախմբում՝ 20.6%։ Բարձր գնաճ է արձանագրվել նաեւ մսի շուկայում, այն կազմել է 12%, իսկ ձուկ եւ ծովամթերք ապրանքախմբում գնաճը կազմել է 8.3%:
Քաղաքացիների սպառողական զամբյուղում կարեւոր սննդամթերքներից կաթնամթերքը, պանիրն ու ձուն եւս թանկացել են, այս ապրանքախմբում գնաճը 12.7% է, իսկ յուղեր եւ ճարպեր ապրանքախմբում՝ գնաճը 6.1%:
Միրգը թանկացել է 21.7%-ով, բանջարեղենը՝ 0.9%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում շաքարն ու շաքարավազը թանկացել են 7.5%-ով, ոչ ալկոհոլային խմիչքը՝ 11.2%-ով, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբում գնաճը կազմել է 12 %։
Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8.2%-ով։
Ըստ վիճակագրական կոմիտեի, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 8.2%։
Այս ապրանքախմբից օրինակ հագուստը թանկացել է 11.2%-ով, կոշիկը՝ 10.5%-ով, մաքրող, լվացող միջոցները կամ բնակարանի խնամքի այլ պարագաները՝ 10.5 %-ով։
Ծառայությունների ոլորտում գնաճը 5.7% է։
Բենզինի ու դիզվառելիքի գներն այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ մի փոքր նվազել են, սակայն այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, բենզինը թանկացել է 0.8 %-ով, իսկ դիզվառելիքը հուլիսին հունիսի համեմատ 0.4%-ով էժանացել է։
Այս տարվա հուլիսին բենզինի գնաճը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ կազմել է 11.6%, դիզելային վառելիքի գնաճը՝ 43.2%, իսկ հունիս ամսին բենզինի գնաճը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 13.3%, դիզվառելիքինը՝ 45.4%։
Նկատենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի, 2022 թվականի 7 ամիսներին մեր երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ կազմել է 13,1%, իսկ ՀՆԱ-ն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 8,7 %-ով։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների,մեր երկրում հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 239 հազար 631 դրամ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ