«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումների նախագծի համաձայն՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման համար իրավական հիմքեր են ստեղծվում, ինչը բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից: Ինչպես այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց նախագծի հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, նորություն չէ, որ հատկապես լսողության խնդիրներ ունեցող անձինք տեղեկատվության մատչելիության բավականին լուրջ խնդիր ունեն։
Բաթոյանի խոսքով․ «Գործող օրենքով այն հեռարձակողները, որոնք արտադրում են մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են ապահովել լսողական խնդիրներով սպառողների տեղեկատվության ընկալման մատչելիությունը։ Օրական առնվազն մեկական մանկական եւ մեկական լրատվական հաղորդման մասին է խոսքը, որը պետք է ներկայացնել ժեստերի լեզվով, թարգմանությամբ կամ հայերեն ենթագրերով։ Այս մեկ ժամը, բնականաբար, բավարար չէ, որպեսզի տարբեր ոլորտի տեղեկատվությունը հասանելի լինի։ Երեխաների դեպքում խնդիր ունենք, որովհետեւ մանկական հաղորդումները հեռարձակվում են ոչ թե ժեստերի լեզվով, այլ ենթագրերով, ինչն էլ ավելի դժվարամատչելի է իրավիճակը դարձնում, որովհետեւ նախադպրոցական տարիքի ոչ բոլոր երեխաները գիտեն կարդալ։ Տեխնիկական խնդիր կա»։
Զարուհի Բաթոյանը նշեց, որ խնդիրը լուծելու համար մի քանի կարգավորումներ է առաջարկվում․ «Հստակեցնել ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը։ Հանրային հեռարձակողների դեպքում առաջարկում եմ նաեւ ավելացնել ֆիլմեր՝ ժեստերի լեզվով եւ ենթագրերով։ Այս նախագիծը մշակվել է հատկապես «Խուլերի միության» պահանջով եւ առաջարկով։ Բազմիցս դիմել են։ Հատկապես ֆիլմերի լուրջ կարիք ունեն, թեկուզ սերիալների։ Անձամբ ես դա չեմ ողջունում, բայց դա մարդու իրավունքն է՝ դիտել այն, ինչ ուզում է։ Առաջարկս վերաբերում է ֆիլմեր ցուցադրող բոլոր հեռուստաընկերություններին»։
Պատգամավորի փոխանցմամբ, նախագծով սահմանվել են նաեւ եթերի տեխնիկական պահանջներ․ «Պարզապես ժեստերի լեզվով էկրանի մի փոքրիկ անկյան պատուհանը բավարար չէ։ Այն պետք է ունենա չափեր, իսկ թարգմանիչը՝ հստակ հմտություններ։ Անգամ հագուստը պետք է համապատասխանի չափանիշներին։ Կից փաթեթով առաջարկում եմ սահմանել նաեւ «հայերեն ժեստերի լեզու» հասկացությունը, իսկ ԱԺ հատուկ նիստերի եւ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն ուղեկցել հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ»։
Կարդացեք նաև
Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է։ Այն առաջիկայում քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ