Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Դիմադրության» շարժումը ամռան մեկուկես ամիսը ուղղակի վատնել է»

Սեպտեմբեր 06,2022 15:45

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Դիմադրության» շարժման մեկնարկը ապրիլի 17-ին, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում նստացույց արեց, գնահատում է հաջող: «Որքան էլ տարօրինակ լինի, գագաթնակետը եղավ ապրիլի 24-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ մեծ երթ կազմակերպեցին Ծիծեռնակաբերդ: Թվում էր, թե շարժումը մեծ աջակցություն է ունենալու: Մայիսի 1-ից սկսվեցին քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ այդտեղից էլ սկսվեց շարժման դոփումը տեղում: Տպավորությունն այնպիսին էր, թե դա մեկ շաբաթվա կամ տասն օրվա գործողությունների ծրագիր էր:

Այդ ժամանակ լրատվամիջոցները, տարբեր ակումբներ ներկայացնում էին ապագայի անելիքները, սակայն տեսանք, որ «Դիմադրության» շարժումը ականջալուր չեղավ, չհետաքրքրվեց զարգացման այդ ծրագրերով եւ գնալով թուլացավ: Եկավ հունիսի վերջ, հուլիսի կեսը եւ արդեն հասկանալի էր, որ այլեւս անհնար է վրանային քաղաքը պահել: Վրանները հանվեցին եւ շարժումը դադարեցվեց, ավելի ճիշտ, այսպես ասած, ընդմիջում վերցվեց:

Քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ քաղաքական ընդմիջում վերցնելով՝ շարժման ղեկավարները պետք է ուսումնասիրեին ընթացքում նկատված սխալներն ու վրիպումները, փորձագիտական գնահատականները, ուսումնասիրեին քննադատությունը եւ համապատասխան գործողություններ իրականացնեին: Մասնավորապես, ես ու մի քանի փորձագետներ մի երկու-երեք ամիս առաջ նշել էինք, որ շարժումը պետք է վերածվի ինստիտուցիոնալ կառույցի: Այսինքն, նախ պետք է հստակ դառնար, թե «Դիմադրության» շարժումը որպես կառույց իրենից ինչ է ներկայացնում: Բայց այդպես էլ հասկանալի չեղավ, թե ինչ է: Հասկանալի է, որ այն ղեկավարում է ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը: Սկզբում կար ԱԱԾ նախկին տնօրենը, որը հետո չկար, հանրապետականները կան, բայց նրանք մի քանի գործիչներ են: Այսինքն, ինչ կապ ունեն իրար հետ, կազմակերպչական ինչ կառուցվածք ունեն, ինչ ղեկավար մարմին ունեն, այդպես էլ պարզ չդարձավ:

Հասարակությունը տեսնում է մի կողմից իշխանությունը, որը ինստիտուցիոնալ կառույց է՝ կառավարություն, Ազգային ժողով, գործադիր, ՔՊ, որը նիստեր է անում, դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե ոստիկանություն, կրթական համակարգ եւ այլն: Այս բոլորը դիտվում են որպես ուժ, ՔՊ ենթակայության տակ գտնվող մարմիններ եւ ՔՊ-ական կառույցներ: Հասկանալի է, որ դրան պետք է հակադրվի նույնպես ինստիտուցիոնալ հակառակ ուժ, որպեսզի հակակշռի ու ներկայացնի խնդիրների այլընտրանքային լուծումներն ու մեկնաբանությունները:

Կարիք կար հստակեցնելու, թե որ քաղաքական ուժերն են մտնում «Դիմադրության» շարժման մեջ, ով՝ ինչի համար է պատասխանատու: Երբ դու հստակ ու ճիշտ չես ներկայացնում քո մտադրությունները, միշտ ի հայտ է գալիս չհասկացվածությունը»:

Արմեն Բադալյանը նշեց, որ ընդմիջում վերցնելուց առաջ «Դիմադրության» շարժումը, ասում էր, թե քննարկումներ, վերլուծություններ պետք է անեն ու թեժ աշուն էր խոստանում, սակայն սեպտեմբերի 2-ի հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե հիմա են պատրաստվում քննարկումներ անել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այս մեկուկես, երկու ամիսը ինչի՞ վրա է ծախսվել: «Սեպտեմբերի 2-ը պատահական օր չէր, Արցախի անկախության օրն էր: Բայց ինչ տեսանք. հանրահավաքի բավականին քիչ մասնակից կար: Սա նշանակում է, որ «Դիմադրության» շարժումը մեկուկես ամիսը ուղղակի սպառել, վատնել է»,-ասաց քաղտեխնոլոգը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930