Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը՝ սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:
Հատկանշական է, որ երկու բարեկամ երկրների միջև շուրջ երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում սա երկու երկրների արդարադատության նախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է: Նախարարների համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2021 թվականին՝ Վենետիկում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Այցի շրջանակներում կայացել է նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի Հանրապետության ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։ Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը հետաքրքրական ոլորտներում։
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Զագրեբի Մունիցիպալ քաղաքացիական դատարան և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարություն, քննարկումներ են տեղի ունեցել արդարադատության ու հանրային կառավարման ոլորտների թվայնացման համար պատասխանատու գործակալության, Դատական դեպարտամենտի, Եվրոպայի հետ հարաբերությունների և միջազգային համագործակցության դեպարտամենտի, կոռուպցիայի կանխարգելման ստորաբաժանման, Քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Նշված քննարկումների շրջանակում կողմերը ներկայացրել են երկուստեք ձեռքբերումները և բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության հետագա շարունակականության ապահովման և ընդլայնման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Խորվաթիայի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Էլեկտրոնային արդարադատություն և արդարադատության ոլորտի հետ կապված պետական ծառայությունների մատուցման հարցեր» խորագրի ներքո հայաստանյան պատվիրակության այցը Խորվաթիայի Հանրապետություն կայացել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում:
ՀՀ արդարադատության նախարարություն