Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հատուկ դպրոցներին պետությունը դասագրքերով չի ապահովում, բարերարներն են աջակցում»․ Զարուհի Բաթոյան

Սեպտեմբեր 06,2022 15:32

«Կրթության մասին» օրենքում լրացումների նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նախադպրոցական, հանրակրթական, արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու եւ կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց նախագծի հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Նա նշեց, որ հանրակրթության ոլորտում արդեն իսկ կան կարգավորումներ, եւ խելամիտ հարմարեցումների համար դպրոցները ստանում են պետական ֆինանսավորում․ «Իմ նախաձեռնությունը լրացնում է կրթության մյուս մակարդակներում նման կարգավորումներ ունենալու հարցը։ Բաց է նաեւ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման հարցը հատուկ դպրոցներում, որտեղ ունենք դասագրքերի ապահովման՝ պետության պարտավորության ամրագրման հարց։ Պետությունն արդեն քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ, բայց նկատի ունենանք, որ հատուկ դպրոցներում տեսողության խնդիրներ ունեցող անձանց դպրոցներում պետությունը չունի օրենքով սահմանված՝ դասագրքեր տրամադրելու պարտավորություն։ Մինչեւ օրս համապատասխան դասագրքերն ու տետրերը տպագրվել են բարերարների, անհատների ուժերով, ինչն առնվազն տարօրինակ է։ Անկախ նրանից, թե երեխան որտեղ է սովորում, հավասար երաշխիքներ պետք է ունենա պետությունից։ Այո, կառավարության ծրագրեր կան, բայց օրենքի մակարդակում սա պետք է պարտադիր լինի։ Այս նախագծով այդ երաշխիքն ամրագրվում է»։

Պատգամավոր Կնյազ Հասանովին հասկանալի չեղավ պնդումը, որ պետությունը ոչ բոլոր դպրոցներում է ֆինանսավորում դասագրքերի տրամադրումը․ «Որքան գիտեմ, պետությունն է բոլոր դպրոցների համար տալիս։ Եթե բարերարներն են անում, դրա մեջ վատ բան կա՞»։

Զարուհի Բաթոյանն արձագանքեց․ «Թվում է, թե բոլորս էլ այդպես գիտենք։ Խոսքը հատուկ դպրոցներում բրալյան դասագրքերի մասին է։ Իհարկե, եթե կան բարերարներ, ապա բարեգործությունը պետք է նպատակային լինի՝ գործակցության սկզբունքով։ Պետությունը պետք է նրանց ուղղորդի։ Այդպես միջոցները ճիշտ կօգտագործվեն եւ կուղղվեն այն ծրագրերին, որոնց համար պետությունը դեռ չի կարող միջոցներ ձեռնարկել։ Բայց բոլոր երեխաների համար դասագրքերի ապահովումը պետության պարտավորությունն է»։

Զարուհի Բաթոյանը նաեւ շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքները ՀՀ-ում դեռեւս ունեն պետության աջակցության կարիքը, եւ բացի հիմնական իրավունքների ապահովումից, ծնողները լրացուցիչ ծախսեր են իրականացնում․ «Քանի դեռ կրթությունը հավասարապես հասանելի եւ մատչելի չէ, նման երաշխիքներ պետք է ապահովենք բոլոր երեխաների համար։ Տվյալ դեպքում խոսքը տեսողության խնդիրներ ունեցող երեխաների մասին է»։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախագծի վերաբերյալ հայտարարեց, որ փոփոխությունները համահունչ են կառավարության քաղաքականությանը եւ ամրապնդում են ներառականության որակը կրթության բոլոր մակարդակներում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930