Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ԵՊՀ-ն հայտարարում է, որ ապաքաղաքական է, բայց ազատվում է ընդդիմադիրներից

Սեպտեմբեր 06,2022 15:15
eph

Aravot.am-ը Երեւանի պետական համալսարանի հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ դասաժամեր չեն տրվել իրավապաշտպան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանին եւ բանասիրական ֆակուլտետի դասախոս, Սփյուռքի նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանին, արդյոք դա արվել է քաղաքակա՞ն դրդապատճառներով, եւ ԵՊՀ-ում փորձում են ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից:

«Այո, դուք ճիշտ եք, ձեր նշած անձանց դասաժամեր չեն հատկացվել, բայց դա որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող պարունակել եւ չի էլ պարունակում: Առհասարակ համալսարանը ապաքաղաքական կառույց է, մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք, ռեկտորն էլ է հայտարարել: Նաեւ հավելեմ, որ ռեկտորի կողմից որեւէ մեկին քաղաքական ենթատեքստ պարունակող որեւէ հորդոր չի արվել: Այնպես որ՝ դասաժամ չտրամադրելը դրանով պայմանավորված լինել չի կարող»,-ասաց Ազնիվ Գրիգորյանը:

Մեր պնդմանն ի պատասխան, եթե քաղաքական ենթատեքստ չկա, այդ դեպքում ուրիշ ի՞նչ պատճառով են իրենց ոլորտում կայացած մարդիկ զրկվել դասաժամերից, հանրային կապերի և մարքեթինգի վարչության ղեկավարն առաջարկեց գրավոր նամակ ուղարկել, որպեսզի ԵՊՀ-ն գրավոր պատասխանի հարցի այդ մասին:

Հավելենք, որ Ռուբեն Մելիքյանն Օragir.am-ի հետ զրույցում ասել էր, որ այլ պատճառ, քան քաղաքականը չի տեսնում, իսկ Սերժ Սրապիոնյանը «Փաստինֆո»–ին հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի միջոցով է փորձել իրեն փոխանցել, որ իշխող կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ չխոսի, այլապես կզրկվի դասաժամերից։ Դոցենտի հետ, ի վերջո, պայմանագիր կնքվել է՝ դեկանի եւ ամբիոնի վարիչի դիմադրության արդյունքում, որոնք նշել են, որ բուհում Սրապիոնյանի փոխարեն այլ մասնագետ չկա տվյալ շրջանը դասավանդելու համար։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930