Երեւանում ընթացող STARMUS-ի ժամանակ հայտարարվեցին Սթիվեն Հոքինգի մեդալի 2022 թվականի դափնեկիրները: STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը այդ առիթով հրավիրված ասուլիսում ներկայացրեց Սթիվեն Հոքինգի մեդալի նշանակությունը եւ դրանով պարգեւատրվածներին, որոնցից երկուսը` Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը եւ պոետ, նատուրալիստ Դայան Աքերմանը ներկա էին ասուլիսին:
«Ես Գարիկ Իսրայելյանի հետ համագործակցում եմ դեռեւս առաջին STARMUS-ից, ինչն ինձ համար հրաշալի փորձառություն էր այս տարիների ընթացքում` ճանաչել ավելի քանի 300 անվանի գիտնականների եւ անդամների: Անկեղծ ասած՝ ինձ համար անակնկալ հուզիչ էր ստանալ այս մեդալը:
Մենք, իհարկե, ամբողջ ընթացքում խոսել ենք այն մարդկանց ու գիտնականների մասին, որոնք արժանի են այս պատվին: Նրանք գիտության միջոցով փոխել են աշխարհը: Ինձ համար մեծ պատիվ էր մեդալ ստանալ Դայան Աքերմանի եւ Ջեյն Գուդոլի հետ, ինչպես նաեւ լինել այստեղ: Ընդ որում, երբ Գարիկ Իսրաելյանն ասաց. որ պետք է մեդալ ստանամ, ես ասացի, որ չեմ քվեարկի դրա համար, ինքն ասաց, որ այլեւս ոչ մի փոփոխություն չենք կարող անել: Եվ ինձ ոչինչ չէր մնում, քան ընդունել այս պատվավոր մրցանակը: Ինձ համար անչափ հաճելի է նույն հարթակում լինել այս հրաշալի կանանց հետ, որոնք փոխում են մարդկանց, նրանց տեսլականն ու հայացքները աշխարհում»,-ասաց աշխարհահռչակ երաժիշտը:
Գարիկ Իսրաելյանը նշեց, որ համավարակից հետո շատ են խոսել Բրայան Մեյի հետ, քանի որ տպավորություն էր, որ մարդկությունը կարծես կորցնում է իր հավատը գիտնականների նկատմամբ. «Այդ ամենը հաղթահարելուց հետո հասկացանք, որ մեդալը այժմ շատ ավելի ուժ ու կարեւորություն պետք է ունենա»:
Կարդացեք նաև
Բրայան Մեյը նշեց, որ միշտ ցանկացել է հայ երաժիշտների հետ համագործակցության նպատակով լինել Հայաստանում. «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ճանաչված երաժիշտ Ջիվան Գասպարյանի հետ: Այս անգամ ես հաճույքով կաշխատեմ նաեւ նրա թոռան հետ»:
Նա ասաց, որ ցանկանում է տեսնել առանց խնդիրների աշխարհ եւ հոգածություն դեպի Երկիր մոլորակը. «Այն ամենը, ինչ մարդկությունն անում է Երկիր մոլորակի հետ, իր ազդեցությունն է թողնում հենց մարդկության վրա»:
Բրայան Մեյն անդրադարձավ նաեւ Տավուշի մանկապատանեկան երգչախմբի հետ նույն բեմում հանդես գալուն:
View this post on Instagram
«Ես հասկանում եմ, որ երեխաների հետ գործ ունենք, դրա համար այդքան փոփոխություններ չեմ արել: Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգայական դաշտի: Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի»:
Հարցին` Ֆրեդի Մերկյուրիի հետ երբեւէ խոսե՞լ է գիտության մասին, Բրայան Մեյն այսպես պատասխանեց. «Ֆրեդին հետաքրքրված էր ամեն ինչով, նա միշտ խորը կենտրոնանում էր այն ամենի վրա, երբ ինչ-որ բան էր ուզում անել, ուզում էր շատ լավ անել…Ինչ վերաբերվում է ինձ, ես ուրախ եմ համատեղել երկու ճյուղերը` գիտությունն ու արվեստը»:
Aravot.am-ը հետաքրքրվեց` իր կարծիքով ինչո՞ւ հիմա չի ծնվում Queen-ի, Beatles –ի երաժշտություն, արդյոք բարձր տեխնոլոգիանե՞րն են պատճառը, որ մարդիկ դարձել են չոր ու ցամաք, առանց հույզերի ու մնացել առանց նման երաժշտության:
«Շատ լավ հաճոյախոսություն է ինձ համար,-ասաց Մեյն ու շարունակեց…Իմ սերնդի համար մի փոքր բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը, գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են տանում նրան, որ այսօր չկա ձեր նշած երաժշտությունը: Իհարկե, մեր բախտը բերել էր` լինել Queen-ի անդամ: Մենք բոլորս այն ժամանակ քննադատաբար էինք մոտենում միմյանց, եւ ստեղծագործ ոգին դրանից գալիս էր ներդաշնակության բալանսի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ