Բաց նամակ Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին
Ռուբեն Վարդանյանի Արցախում հաստատվելն ու հնարավոր միջոցներով Արցախին, արցախցիներին օգնելը բազմաթիվ բամբասանքների, զրպարտությունների առիթ է դարձել։ Դեռևս իր ծրագրի գոնե մի կետ անգամ չիրագործած, իր մտահղացումները դեռևս կյանքի չկոչած մարդու դեմ աներևակայելի արշավ են սկսել մարդիկ, որ իրենց կյանքում Արցախի համար քարի վրա մի քար չեն դրել։ Պարզ է, որ այս արշավին լծվածների ստվար մասը ներկայիս ՀՀ թուրքամետ իշխանությունների կամակատարներն են, վարձու գրչակները, զանազան բացահայտ կամ քողարկված գործակալները։
Այսօր, երբ ՀՀ-ից և Արցախից արտագաղթի վտանգն է օդում կախված, Արցախ վերադարձող և այստեղ աշխատել ցանկացող ցանկացած հայի որոշում ողջունելի է` անկախ նրանից նա միլիարդատե՞ր է, թե՞ շարքային քաղաքացի։ Ու բնականաբար հասարակ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանի որոշումը հույս ու հավատ է առաջ բերել։
Մի բան ակնհայտ է. այսօր մենք այն վիճակում ենք, որ սրանից ավելի վատի տեղ այլևս չկա, սրանից ավելի վատ չի լինելու։ Եթե որևէ բանով օգնել չեք կարող մեր հայրենիքին, ապա բարի եղեք չխանգարել նրանց, ովքեր փորձում են օգնել։ Ձեր անհիմն ենթադրություններով, բամբասանքներով դուք միայն թշնամուն եք օգնում, ոչ թե մեր երկրին։
Կարդացեք նաև
Մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդանյանը խոստովանել է, որ կյանքում ինքն էլ է սխալներ գործել, բայց դրանից դասեր է քաղել և սովորել իր սխալների վրա։ Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ Բայց ոչինչ չանելը հենց նրա մեծագույն սխալն է։ Մարդու մասին դատում են նրա կատարած աշխատանքով։ Եվ բոլորին` անկախ նրանից, շարքային քաղաքացի՞ է, թե՞ հայտնի անձնավորություն, պետք է աշխատելու հնարավորություն տալ, հետո միայն դատել նրա կատարածի մասին։
Բազմաթիվ արցախցիների անունից`
Վարդգես Օվյան – գրող, հրապարակախոս
Հայկ Մարտիրոսյան – վաստակաշատ ռադիոլրագրող, հրապարակախոս
Վահրամ Ղահրամանյան – իրավաբան
Նվարդ Ավագյան – բանաստեղծ, վաստակավոր լրագրող
Նատաշա Պողոսյան – ԱՀ վաստակավոր մանկավարժ
Վալերի Խաչատրյան – իրավաբան
Սամվել Առաքելյան – մանկավարժ
Աշոտ Բեգլարյան – գրող, լրագրող
Արթուր Բաբայան – մանկավարժ
Արամ Խաչատրյան – իրավաբան