Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը, որը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ռազմավարությունից է բխում, կա միջազգային քաղաքական պարտավորություն: Ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցող՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, սահմանվում է «հարկադիր աշխատանք» եզրույթը, չնայած օրենսգրքում նշված է ցանկացած ձեւի հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնության արգելքի մասին: Պարզապես նշված չէ, թե ինչն է հարկադիր, պարտադիր աշխատանքը՝ թրաֆիքինգը:
Ինչպես ՀՀ գործող, այնպես էլ 2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքերում արդեն իսկ հարկադիր աշխատանքը համարվում է մարդու շահագործում եւ քրեորեն պատժելի հանցանք: Անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում եւ համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման համար:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի հարցում էական չէ՝ կա՞ աշխատանքային պայմանագիր, թե՞ ոչ. «Եթե չկա աշխատանքային պայմանագիր, դա անօրինական աշխատանք է, բայց եթե պայմանագիրն առկա է ու աշխատանքը կատարվում է անձի կամքին հակառակ, նա չի տվել դրա համաձայնությունը, ուրեմն գործ ունենք պարտադիր կամ հարկադիր աշխատանքի հետ»:
Հարակից զեկուցող Լիլիթ Ստեփանյանն էլ ասաց, որ բոլոր ժողովրդավարական երկրներում բնականաբար պիտի արգելվի հարկադիր կամ պարտադիր աշխատանքը: ՀՀ օրենսդրությամբ կան բացառություններ, թե որոնք են այն աշխատանքները, որոնք անձի կամքին գուցե հակառակ են, բայց հարկադիր կամ պարտադիր չեն համարվում: Դրանք դատապարտյալների համար աշխատանքներն են, զինվորական կամ այլընտրանքային ծառայության մեջ գտնվող քաղաքացու աշխատանքը կամ արտակարգ իրավիճակներում տրվող այս կամ այն աշխատանքն է, որը բխում է հասարակության, տվյալ համայնքի անվտանգությունից, բարեկեցությունից եւ այլն:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ կարեւոր է մուրացկանության մեջ ներգրավելը սահմանել որպես շահագործման տեսակ, որովհետեւ դա ԵԽ առաջարկն է եղել մեր երկրին. «Վերջին տարիներին գուցե այդքան շատ մեծ թվով չեն մուրացկանության մեջ ներգրաված երեխաների դեպքերը, բայց շահագործման այդ դեպքերն, այնուամենայնիվ, դեռևս առկա են»:
Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ կարող են աշխատանքային կարգով դա առանձին քննարկել ու մուրացկանությունը դիտարկել որպես հարկադրանք, պարզապես հարց է՝ դա ինչպե՞ս դիտարկել՝ աշխատող-գործատու հարաբերությունների համատեքստո՞ւմ, թե՞ ընտանեկան:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ