Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադառնում է ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը

Սեպտեմբեր 06,2022 11:44

Ֆուտբոլային էլիտան կարճատև հանգստից հետո վերադառնում է թատերաբեմ։ Տասնյակ տարիներ շարունակ ֆուտբոլասերներին էմոցիոնալ լարված րոպեներ պարգևած մրցաշարը՝ «Չեմպիոնների լիգան» վերադառնում է։ Դեռ շաբաթներ առաջ մեկնարկել էր այս մրցաշարի խմբային փուլին մասնակցելու պայքարը. շատերը պայքարեցին՝ քչերը արժանացան այդ պատվին։ Բացի նրանցից, ովքեր վաստակել են «Չեմպիոնների լիգային» մասնակցելու իրավունքը, կան նաև այս մրցաշարի մշտական բնակիչները, որոնք էլ ամենից ավելի են հավակնում բաղձալի գավաթին։ Սակայն ֆուտբոլը մեզ ապացուցել է, որ ֆավորիտները միայն թղթի վրա են ֆավորիտ։ Այդ թուղթն էլ այսօր կներկայացնենք ձեզ…

A խմբում տեղ են զբաղեցրել «Լիվերպուլը», «Այաքսը», «Նապոլին» և «Ռեյնջերսը»։ Առաջին հայացքից հիմնական ֆավորիտը նշմարվում է, սակայն Կլոպի սաները այս մրցաշրջանում տհաճ անակնկալներ են մատուցում իրենց երկրպագուներին։ «Լիվերպուլը» մրցաշրջանը լավ չի սկսել, ԱՊԼ-ում յոթերորդ հորիզոնականում է՝ իր ակտիվում ունենալով 9 միավոր։ Այս ցուցանիշները հույս են ներշնչում խմբի մյուս ակումբներին։ «Նապոլին», որը նախորդ մրցաշրջանը վատ հանդես չեկավ, ներքին առաջնությունում գրավելով երկրորդ հորիզոնականը, այս մրցաշրջանում երիտասարդ տաղանդ՝ Խվիչա Կվարացխելիայով է համալրել իր թիմը և պատրաստ է պայքարել նույնիսկ մերսիսայդցիների դեմ։ «Այաքսին» արդեն սովոր ենք տեսնել նախանձելի մարզավիճակում. Նիդերլանդների չեմպիոնը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել է մի շարք առանցքային ֆուտբոլիստների, փոխել է գլխավոր մարզչին, սակայն ամստերդամյան թիմից բոլորը սպասում են ևս մեկ հաջող մրցաշրջան։ Դե իսկ խմբի վերջին անդամը «Եվրոլիգայի» նախորդ մրցաշրջանի ֆինալիստն է։ «Ռեյնջերսը», որը նախորդ մրցաշրջանում հաճելիորեն զարմացրեց ֆուտբոլային հասարակությանը, այս տարի նույնպես անակնկալ մատուցեց՝ հաղթահարելով «ՊՍՎ»-ի արգելքը։

B խումբը նույնպես խոստանում է թեժ պայքար. «Ատլետիկո», «Պորտու», Լեվերկուզենի «Բայեր» և «Բրյուգե»։ Խմբից դուրս գալու համար մեկ հավակնորդը «Ատլետիկոն» է՝ Սիմեոնեն ամեն տարի եվրագավաթները մեկնարկում է ամենաբարձր նշաձողով, սակայն մայրաքաղաքայինները արժանի հակառակորդներ ունեն։ «Բայերը», որը վերջին անգամ 2019 թվականին է մասնակցել «Չեմպիոնների լիգային» և կփորձի ապացուցել, որ արժանի է լինել Եվրոպայի ուժեղագույններից մեկը։ «Պորտուն» անցած մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն, ունի մարտունակ կազմ և անցանկալի մրցակցի հեղինակություն Եվրոպայում։ Հիմնական պայքարը ընթանալու է այս երեքի միջև, սակայն «Բրյուգեն» նույնպես ձեռնունայն չի լքի պայքարը։ Բելգիական թիմին բաժին է հասել հարմար խումբ, անցանելի մրցակիցներ և նրանք վստահաբար անակնկալներ կմատուցեն ֆուտբոլասերներին։

Այս մրցաշրջանում ևս ունեցանք «մահվան խումբ»։ Իհարկե, այս բնորոշումը հոգեհարազատ է «Վիկտորիա Պլզենին»։ «Բավարիա», «Բարսելոնա» և «Ինտեր». Թիմեր, որոնք մոտիվացիայի պակաս անկասկած չունեն։ Հին հաշիվներ ունեն միմյանց դեմ երեք թիմերն էլ։ «Բարսելոնային» և «Բավարիային» նախկինում հաղթել է «Ինտերը»։ «Բարսելոնային» «Բավարիան» և հակառակը։ Իհարկե, կապտանռնագույնները ամեն ինչ կանեն, որ ռեւանշի հասնեն Գերմանիայի չեմպիոնի նկատմամբ։ Դրա համար բոլոր նախադրյալները կան՝ թիմը համալրվել է բարձրակարգ ֆուտբոլիստներով, «Բարսան» գլխավորում է ակումբի լեգենդ Չավին և իհարկե, «Բլաուգրանան» երկար է սպասել այս ռեւանշին։ Այս խմբում ֆավորիտ կարելի է համարել բավարական թիմին, սակայն որևէ բան կանխատեսելը շատ ռիսկային կլինի։ Երեք թիմերն էլ համառ պայքար են մղելու ամեն միավորի համար, իսկ Չեխիայի չեմպիոնը կփորձի հնարավորինս ուրախացնել իր երկրպագուներին։

Եթե նախորդը «մահվան խումբ» է կոչվում ակումբների խաղամակարդակի և հեղինակության շնորհիվ, ապա D խմբին կարելի է նույն բնորոշումը տալ, քանի որ թիմերից յուրաքանչյուրը տեսականորեն և գործնականում ունեն բոլոր հնարավորությունները խմբից դուրս գալու համար։ «Տոտենհեմ», Մարսելի «Օլիմպիկ», «Այնթրախտ» և «Սպորտինգ»։ Առաջին հորիզոնականը վերագրել «Տոտենհեմին» ճիշտ չի լինի։ Կոնտեի սաները նախորդ մրցաշրջանում դժվարությամբ հայտնվեցին ՉԼ-ի գոտում, սակայն պայքարելու են մինչև վերջին րոպեն։ Լոնդոնյան թիմը միշտ էլ վայրիվերումներով է հանդես եկել եվրագավաթներում։ «Այնթրախտը» «Եվրոպա լիգայի» գործող չեմպիոնն է և արժանացել է հանդես գալ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Ոչ միայն նրա համար, որ ԵԼ-ի գավաթակիրն է, այլ նաև կարողացել է հաղթահարել այնպիսի հեղինակավոր թիմերի արգելքը, ինչպես «Բարսելոնան» է։ «Մարսելը» և «Սպորտինգը» նույնպես պայքարելու են խմբից դուրս գալու համար։ Երկուսն էլ հեղինակավոր թիմի համբավ ունեն Եվրոպայում և նրանց մտովի պայքարից դուրս թողնելը անմտություն կլինի։

E խումբը կանխատեսելի խմբերից մեկն է այս մրցաշրջանում։ «Միլանն» ու «Չելսին» պայքարելու են խմբում առաջին հորիզոնականը գրավելու համար։ «Միլանը» նոր է վերածնունդ ապրում և ամբողջ Եվրոպային կփորձի ապացուցել, որ փառքի գագաթնակետին հասած երբեմնի թիմը վերադարձել է։ «Չելսին» վերջին կես տարում հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ, տրանսֆերային պատուհանում ունեցավ և ստացված և ձախողված գործարքներ։ Ազնվականները անկանխատեսելի թիմերից մեկն են այս մրցաշրջանում և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողությունների կհասնեն։ Նրանց հետ խմբում հայտնվել են «Զալցբուրգը» և Զագրեբի «Դինամոն», որոնք, հավանաբար, հեշտությամբ միավորներ չեն նվիրի խմբի ֆավորիտներին։

F խմբում, եթե տեղի չունենա վերջին տարիների գլխավոր սենսացիան, խմբից առաջինը փլեյ-օֆֆ փուլ դուրս կգա Մադրիդի «Ռեալը»։ Սերուցքայինները մրցաշարի գործող ֆավորիտն են և այս մրցաշրջանի ՉԼ-ի հիմնական ֆավորիտներից մեկը։ Արքայական թիմին խմբում կփորձեն խանգարել վերջինիս քաջածանոթ Դոնեցկի «Շախտյորը», ինչպես նաև «Սելտիկը» և «Լայպցիգը»։ Երկրորդ հորիզոնականի համար պայքարը ծավալվելու է երեք թիմերի միջև, սակայն խաղամակարդակի առումով առավելություն ունի գերմանական թիմը։ «Սելտիկը» և «Շախտյորը» մրցաշարի հնաբնակներից են և նվազագույնը պայքարելու են պահել իրենց բարձր համբավը։

G խմբում իրար դեմ մրցելու են «Մանչեսթեր Սիթին», «Դորտմունդը», «Սևիլյան» և «Կոպենհագենը»։ Իհարկե, ոչ միայն խմբի, այլ նաև մրցաշարի ֆավորիտներից է մանչեսթերյան ակումբը։ Սակայն քաղաքաբնակները նույնպես այնքան էլ հաջող չեն մեկնարկել մրցաշրջանը։ Առաջին 6 տուրից հետո «Սիթին» արդեն երկու անգամ սայթաքել և ոչ-ոքի է գրանցել, այն էլ ոչ թոփ ակումբների հետ խաղերում։ Չնայած այս փաստին, «Սիթիի» գլխավոր ձեռքբերում Էրլինգ Հալանդը, չի նկատում մրցակիցներին և արդեն իսկ ռեկորդային քանակի գոլեր է խփել։ «Սիթիի» հիմնական մրցակիցներն են խմբում Գերմանիայի փոխչեմպիոն «Դորտմունդը» և իսպանական «Սևիլյան»։ Այս թիմերի մոտ նույնպես ամեն ինչ սահուն չի ընթանում։ Եթե «Դորտմունդը» դեռ մեկ պարտություն է կրել, ապա «Սևիլյան» մեկնարկային չորս մրցափուլերում ունի երեք պարտություն, մեկ ոչ-ոքի և զրո հաղթանակ… Իսկ վերջին թիմը խմբում «Կոպենհագենն» է։ Վերջինը կլինի խմբային փուլի ավարտից հետո, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը և, իհարկե, մարզական բախտը։

Վերջին՝ H խմբում միմյանց դեմ կմրցեն «ՊՍԺ»-ն, «Յուվենտուսը», «Բենֆիկան» և «Մակաբի Հայֆան». «ՊՍԺ»-ն Եվրոպային կփորձի ապացուցել, որ լոկ աստղակույտ չէ, ինչպես նաև անցած մրցաշրջանի ձախողումը զուտ պատահականություն էր։ Իհարկե, փարիզյան թիմի ներքին խոհանոցում կան անհաշտություններ, սակայն ֆուտբոլիստների անուններն անգամ պետք է հաջողություն ապահովեն ֆրանսիական գրանդին։ «ՊՍԺ»-ին խմբի ֆավորիտի կարգավիճակից կփորձի հեռացնել «Յուվենտուսը», որը վերջին տարիներին չի փայլում հաջողություններով և կաշխատի վերականգնել վստահությունը երկրպագուների շրջանում։ «Բենֆիկան» նույնպես, կփորձի անհարմարություններ ստեղծել մրցակիցների համար և իրատեսական կլինի նաև պորտուգալական թիմի փլեյ-օֆֆ դուրս գալը։ Իսկ այս խմբի հետնապահը «Հայֆան» է, որը կփորձի ֆուտբոլային տոն պարգևել իր երկրպագուներին…

«Չեմպիոնների լիգան» գունեղ են դարձնում ինչպես ֆուտբոլային Օլիմպոսի ակումբները, այնպես էլ կարգով ավելի ցածր թիմերը, որոնք հաճելիորեն զարմացնում են ֆուտբոլասերներին գրանցած հաջողություններով։ Այս մրցաշրջանը արտասովոր է լինելու խաղային օրացույցի առումով, քանի որ երկու ամիս անց մեկնարկելու է ֆուտբոլային գլխավոր տոնակատարությունը՝ «Աշխարհի առաջնությունը»։ Ակումբային ֆուտբոլը հանգստի է մեկնելու մինչ նոյեմբերի երկրորդ կեսը։ Ակումբները արդեն իսկ խաղում են խտացված գրաֆիկով, իսկ եվրագավաթները էլ ավելի կթեժացնեն մոտակա ֆուտբոլային շաբաթները։ Մեզ մնում է վայելել գալիք խաղաշրջանը և երկրպագել մեր համակրելի թիմերին…

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Երրորդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930