Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի պահվածքը միջազգային դաշտում խաղացողների մոտ անվստահելի գործընկերոջ տպավորություն է ձեւավորում. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 06,2022 11:09

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից երկու օր անց պաշտոնական Բաքուն վերսկսեց որդեգրած մարտավարությունը՝ հայադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ տարածելով: Սեպտեմբերի 3-ին եւ 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց նման երեք ապատեղեկատվություն՝ ստիպելով ՀՀ ՊՆին հանդես գալ հերթական հերքումներով: Հատկանշական է, որ մինչ բրյուսելյան հանդիպումը Բաքվից նման կեղծ հայտարարությունների տարածման դեպքերը կտրուկ նվազել էին, բայց սեպտեմբերի 4-ին օրվա ընթացքում Բաքվից արդեն երկու անգամ հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածվեց:

Վերոնշյալ փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ուժի դիրքերից խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Վերջինս փորձում է իմիտացնել մի իրավիճակ, երբ հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման մասին ապատեղեկատվություն տարածելով՝ իր համար թվացյալ հիմքեր է նախատեսում ՀՀ-ի վրա հարձակվելու համար: Այլ կերպ ասած, Բաքուն այս ձեւով՝ ճնշման իմիտացիայով փորձում է առաջ տանել հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման իրեն ձեռնտու տարբերակը՝ ակնարկելով, որ իր առաջադրած պայմանները չբավարարելու դեպքում կխախտի նաեւ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանը:

Ադրբեջանի այս մարտավարությունը հեռու է իրականությունից, քանի որ ՀՀ սահմանները բացահայտ խախտելու դեպքում գործելու է ՀԱՊԿ պայմանագրի համապատասխան դրույթը: Ինչքան էլ վերջինիս անդամ պետությունները լավ հարաբերություններ ունենան Ադրբեջանի հետ, միեւնույն է՝ պարտավոր են արձագանքել պայմանագրի անդամ երկրի վրա ցանկացած ագրեսիայի դեպքին: Դրանից բացի, Իրանը գրեթե ամենամսյա պարբերականությամբ հայտնում է, որ չի հանդուրժի իր հարեւան պետությունների սահմանների խախտումը՝ դրանով պարզ հասկացնելով, որ նման միջադեպի ժամանակ անխուսափելիորեն կմիջամտի: Մյուս կողմից էլ Ադրբեջանը լավ գիտի, որ իրավիճակն ապակայունացնելու փորձի դեպքում համարժեք պատասխան կստանա ՀՀ զինված ուժերից, ինչը պարբերաբար զգացել եւ զգում է իր մաշկի վրա յուրաքանչյուր նման արկածախնդրության փորձի դեպքով:

Պաշտոնական Բաքվի նման պահվածքը միջազգային դաշտում խաղացողների մոտ նրա հանդեպ անվստահելի գործընկերոջ տպավորություն է ձեւավորում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930