Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, Հայաստանում 2022 թվականի 7 ամիսներին տնտեսական աճը կազմել է շուրջ 13 տոկոս, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ թեպետ արձանագրված աճ կա, բայց նման աճը նա քվազի աճ է որակում:
«Սա կեղծ աճ է, որը պայմանավորված է գործոններով, որոնք որևէ կապ չունեն մեր պետության հետ: Այդ աճը կառավարման համակարգի, առանձին ոլորտների զարգացման հետ որևէ աղերս չունի: Ընդհանրապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ ցուցանիշ է: Այն տվյալ տարածաշրջանում, մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ֆինանսական ռեսուրսի մեծությունն է ցույց տալիս: Այդ ֆինանսական ռեսուրսն իր մեծությունը կարող է դրսևորել նաև խաղատներում, ծառայությունների այլ ոլորտներում և այլն: ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանից կապիտալի ուժեղ ներհոսք եղավ ՀՀ, ինչով պայմանավորված՝ ՀՀ-ում որոշակի ցուցանիշների աճ նկատվեց: Այդուհանդերձ, միայն այն հանգամանքը, համաձայն որի՝ գնաճը խեղդում է և թուլացման որևէ միտում ու հեռանկար չունի, արդեն ցույց է տալիս, որ այդ աճը ՀՀ-ի հետ որևէ կապ չունի»,-ասաց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանի խոսքով, կառավարությունն այս պայմաններում ևս ոչ մի քայլ չի ձեռնարկում: «Կառավարությունն իրավիճակին չի տիրապետում: Տնտեսական ցուցանիշների նման աճը միայն հանգամանքների բերումով է գրանցվել: Բայց, բոլոր դեպքերում, եթե հանկարծ արտաքին գործոններով պայմանավորված վերոնշյալ իրողություններն այլևս գոյություն չունենան, մենք կհայտնվենք կոտրված տաշտակի առաջ: Առհասարակ, յուրաքանչյուր պետություն ինքը պետք է արտադրի, ինքն էլ պետք է սպառի: Եթե մեզ մոտ արտադրությունը ցածր մակարդակի վրա է, ի՞նչը պետք է սպառել: Լավագույն դեպքում մենք մեքենաներ ենք գնում, վաճառում, բայց դա օգտակար աշխատանք չէ, տնտեսության զարգացում չէ»,-ասաց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։