Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հետո հիմա էլ Կառավարման ակադեմիան աշխատանքային պայմանագիր չի կնքել ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Ղազարյանի հետ:
Գիտնականը Aravot. am-ի հետ զրույցում այդ առիթով ասաց. «Կառավարման ակադեմիայի հետ ես ունեի մեկ տարով ժամկետային պայմանագիր՝ ժամավճարով: Այսինքն, ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ, համատեղության կարգով, որի շրջանակներում հիմնականում ղեկավարում էի մագիստրոսական ատենախոսություններ: Այս տարի իմ հետ նորից չեն կնքել պայմանագիր այն պատճառաբանությամբ, որ ուսանողների թվաքանակը քիչ է եւ ժամերի բաշխումն իրականացրել են միայն իրենց հիմնական դասախոսական կազմի համար: Բայց հաշվի առնելով, որ Կառավարման ակադեմիան նման դիրքորոշում ունեցել է նաեւ մյուս ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Արտակ Զաքարյանի, Հայկ Մամիջանյանի, որոնց հետ համագործակցությունը, կարծեմ, խզվել է անցած տարի, ակնհայտ է դառնում, որ իրենց բերած պատճառաբանությունը հիմնավոր չէ: Առավել եւս, որ իմ ծանրաբեռնվածությունը շատ մեծ չէր. ընդամենը մագիստրոսական ատենախոսությունների ղեկավարում կամ մեկ դասընթացի շրջանակներում դասախոսություններ վարել:
Եվ սա այն դեպքում, երբ ես իրենց մոտ դասավանդել եմ, երբ իրենք չունեին այդ դասավանդող դասախոսը եւ ես իրենց համար դժվարին ժամանակաշրջանում համաձայնել եմ գրեթե անվճար՝ սիմվոլիկ վարձատրության դիմաց այդ ֆունկցիան կատարել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ