Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է առաջ գալ այնպիսի իրավիճակ, երբ ես ստիպված կլինեմ և ճիշտ կհամարեմ զբաղեցնել պետական պաշտոն. Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 05,2022 22:15

Հեղինակավոր Forbes պարբերականի ռուսական ծառայությունը զրուցել է ծագումով հայ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, որն օրերս հայտարարել էր, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ՝ մշտական բնակության: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

– Ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել Արցախ:

– 2020թ. սկսվեց Արցախյան երկրորդ մեծ պատերազմը: 2020թ. հոկտեմբերի 5-ին ես հանդես եկա Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարությանն ուղղված ուղերձով՝ կանխատեսելով այն ողբերգության խորությունը, որ կարող էր տեղի ունենալ: Այդ ընթացքում ես շատ բան վերաիմաստավորեցի, կյանքը բաժանվեց պատերազմից հետո և առաջ»-ի:

Ես երբևիցե չեմ ունեցել այլ անձնագիր` ռուսականից բացի, և անցյալ տարվա հունիսին ես ստացա Հայաստանի քաղաքացիություն: Երկու տարում իրավիճակը չբարելավվեց: Արցախում ապրում է ավելի քան 120 հազար մարդ, և ինձ համար շատ կարևոր է,  որ նրանք ազդակ ստանան առ այն, որ իրենք միայնակ չեն: Որպեսզի ոչ միայն հասկանան, որ իրենց կարող են գումար փոխանցել, այլև որ իսկապես կարող են ապրել իրենց հայրենիքում, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց հետ անցնել այդ դժվարին ճանապարհը:

Տեղափոխվելու որոշումը հեշտ չի տրվել ո՛չ ինձ, ո՛չ իմ ընտանիքին. Չէ՞ որ ես նրանց տեղափոխում եմ իրենց սովորական  և հարմարավետ կյանքից: Բայց ես նաև հիանալի հասկանում եմ, որ ինչ-որ պահի այն պետք էր ընդունել, անցնել Ռուբիկոնը: Որոշել՝ պատրա՞ստ եմ ես դա անել հանուն իմ հայրենիքի, թե՞ ոչ:

– Ռուսաստանում դուք թողել եք ձեր բիզնեսը, իմփեքթ նախագծերը: Ի՞նչ է լինելու դրանց հետ:

– Բոլոր նախագծերում ես ունեմ օպերացիոն գործընկերներ, որոնք կառավարում են բիզնեսները: Հայաստանը Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, այնպես որ ցանկացած պահի կարող եմ վերադառնալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Իսկ տնօրենների խորհրդի նիստերին, օրինակ, ես կարող եմ միանալ առցանց: Հարցն այն է, թե որքան ժամանակ ես կարող եմ տրամադրել նախագծերին: Բայց ես դրանցից որևէ մեկը կասեցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում:

– Դուք ասացիք, որ Ռուսաստանում Ձեր ակտիվները կփոխանցեք ընտանեկան հիմնադրամ: Ո՞վ դրանք կկառավարի:

– Իմ ակտիվները կառավարում է  family office-ը: Հասկացեք, ես փոխում եմ քաղաքացիությունս ոչ թե նրա համար,որ չեմ կարողանա զբաղվել իմ գործերով: Բայց կարող է առաջ գալ այնպիսի իրավիճակ, երբ ես ստիպված կլինեմ և ճիշտ կհամարեմ զբաղեցնել պետական պաշտոն: Հայաստանում օրենսդրությունն արգելում է պետծառայողներին ունենալ երկքաղաքացիություն և ակտիվներ արտասահմանում: Բացի այդ, դու պետք է երկրում որոշ ժամանակ ապրես և այդ ընթացքում չունենաս այլ քաղաքացիություն, որպեսի կարողանաս զբաղեցնել պետական պաշտոն:

– Դուք պատրաստվում եք պետական պաշտո՞ն զբաղեցնել:

– Ոչ: Ես ցանկանում եմ ունենալ գործողությունների լիարժեք ազատություն, այդ թվում բարոյական տեսանկյունից: Ամեն դեպքում Արցախը տարածք է, որը մինչ այժմ չունի որոշակի լիարժեք կարգավիճակ, և այդ կոնֆլիկտային իրավիճակում ես չեմ ցանկանում «գցել» Ռուսաստանին:

– Կարելի է՞ ասել, որ տեղափոխումը Ձեր քաղաքական կարիերայի սկիզբն է:

– Ռուսաստանի համար այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ցավոտ թեմա է: Արցախի հայերի համար դա մեծ ցավ է: Նման ճգնաժամի պայմաններում և՛ քաղաքականությունը, և՛ պաշտոնները երկրորդական են, այժմ առաջին հերթին անհրաժեշտ է համախմբել հանրությանը, կանխել այնպիսի իրավիճակը, որում մենք կարող ենք ամեն բան կորցնել:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ. նախկին աշխարհը քանդվում է, և ոչ թե միայն մեկ տարածաշրջանում, այլ ամենուր և բոլոր ուղղություններով. քաղաքական, տեխնոլոգիական, հոգեբանական: Համավարակը, տեխնոլոգիական նորարարությունները, քաղաքական կատակլիզմները, պատերազմները… Դա հանգեցնում է նրան, որ մարդկանց մոտ աճում է անհանգստության, անվստահության մակարդակը: Ապագայի անկանխատեսելի լինելը շատ վտանգավոր է: Եվ ես նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ իրավիճակն ավելի բարդ է:

– Ո՞րն է ՁԵր գլխավոր խնդիրը Արցախում:

-Ստեղծել պայմաններ Արցախում հաջող ապագա կառուցելու համար, որտեղ կլինի ուժեղ տնտեսություն և սոցիալական ինստիտուտներ, որոնք կամրապնդեն երկրի և տարածաշրջանի անվտանգությունը: Եվ այս առումով իմ գլխավոր գործառույթն է օգտագործել իմ փորձը  (և՛ կառավարչական, և՛ ֆինանսական) և իմ կապերը՝ իմ հնարավորությունների հետ՝ որպես մարդ, որը կարողանում է պայմանավորվել: Անել ամեն բան, որպեսզի բազմամյա հակամարտության չափազանց բարդ իրավիճակում Արցախը պահպանի իր հողերը, որտեղ հայերն ապրում են հազարամյակներով: Դրանով հանդերձ` սկսել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհը՝ հենվելով ոչ թե քսենոֆոբիայի և փոխադարձ ատելության, այլ իրար կողքի ապրել սովորելու ձգտումի վրա: Ես միշտ եղել եմ մարդ, որը միավորել է չմիավորվող բաները: Ես չեմ մասնակցել պատերազմին, չեմ կռվել, այդ առումով ինձ հետ շփվելը կարող է ավելի հեշտ լինել, քան այն մարդկանց հետ, ովքեր անցել են Արցախի պատերազմի միջով:

– Դուք ունե՞ք գործողությունների հստակ ծրագիր:

-Ես արդեն 20 տարի նախագծեր եմ անում Հայաստանում, Արցախում: Առաջին հերթին անհրաժեշտ է շեշտը դնել կրթության, առողջապահության, տեղեկատվական և մշակութային-հանրային տարածություն ձևավորելու, կառավարման կադրերի համակարգ ստեղծելու վրա, ինչպես որ ես դա արել եմ Սկոլկովոյի բիզնես դպրոցում: Այդ առաջադրանքների լուծման գործում ես կներգրավեմ իմ գործընկերներին և իմ ռեսուրսները, որպեսզի դա արվի արագ, որակյալ և համապատասխանի համաշխարհային լավագույն չափանիշներին:

– Արդյո՞ք Դուք Արցախի իրավիճակը քննարկել եք ծագումով հայ այլ խոշոր գործարարների հետ: Պատրա՞ստ են նրանք հետևել Ձեր օրինակին:

– Դա յուրաքանչյուրի անձնական գործն է: Բայց ես ուրախ եմ այն արձագանքի համար, որն առաջ բերեց իմ որոշումը և ոչ միայն հայերի շրջանում:

– Հայաստանի ճակատագրին և Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ակտիվորեն մասնակցում են «ՌԵՍՈ»-ի համահիմնադիրներ Սերգել և Նիկոլայ Սարկիսովները:

– Ես մեծ հարգանքով եմ վերաբերում Սերգեյին և Նիկոլային, որոնք շատ բան են արել Արցախում: Նրանք քիչ ուժեր չեն ներդրել տեղի կրթության զարգացման գործում, կառուցում են դպրոցներ, սերիալ են նկարել Արցախի մասին: Իհարկե, մենք համագործակցում ենք: Եվ ոչ միայն նրա հետ, կան նաև Ռուսաստանում հայտնի ծագումով հայ մի քանի խոշոր գործարարներ,որոնց հետ մենք համագործակցում ենք:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930