Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ի վերջո, չորս հրամանատարով ինչո՞ւ եք թողել, որ զորքը ցաքուցրիվ լինի»․ դատավորը՝ ցուցմունք տվող վաշտի հրամանատարին

Սեպտեմբեր 05,2022 21:12

«Լավ, ի վերջո, չորս հրամանատարով ինչո՞ւ եք թողել, որ զորքը ցաքուցրիվ լինի»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մայոր Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ վկա Հայկազ Գրիգորյանին հարցրեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Սեպտեմբերի 5-ի դատական նիստի ժամանակ դատարանում հարցաքննվեց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը։ Նա ասաց, որ Խուռհատ սարում են եղել հարձակման ժամանակ, այնտեղ էլ ընկել են շրջափակման մեջ։ Նա պատմեց, որ սարի վրա, երբ հարձակումը եղել է, Իշխան Վահանյանն ասել է, որ վիրավոր է, ու դրանից հետո այլևս չեն տեսել նրան։ Հայկազ Գրիգորյանը դատավորի հարցին՝ նրան վիրավոր տեսե՞լ է, պատասխանեց՝ ոչ։   Հայկազ Գրիգորյանն ասաց, որ իր ստորաբաժանումում ժամկետային զինառայողներ են եղել, նորակոչիկներ։

Նա նշեց, որ երբ հետքաշման հրաման է եղել, իրենք գնացել են Հադրութ, մնացել Հադրութի դպրոցում․«Յոթ-ութ օր մնացել ենք, որ անձնակազմը կազդուրվի»։ Զոհված զինծառայողների ծնողները հարցրին՝ ո՞վ է հրաման տվել, որ այդ զինծառայողները, որոնք պատրաստ չէին, դուրս գան մարտի, Հայկազ Գրիգորյանն այդպես էլ պատասխան չտվեց։

Վաշտի հրամանատարը նաև տարօրինակ հայտարարություն արեց, որ սեպտեմբերի 25-ին, 26-ին իրենց մոտ տագնապ չի եղել, այլ տագնապ հայտարարվել է սեպտեմբերի 27-ին։ Հարցեր տալով այն մասին՝ արդյոք հրամանատարական կազմը կոնկրետ գործողությունների պլան ունեցե՞լ է, թե գործել է՝ ըստ պահի, Հայկազ Գրիգորյանն ասաց՝ պահից ելնելով։

Զոհված հարազատ ունեցող Արսեն Ղուկասյանը հարցրեց՝ այն դեպքում, երբ ՄՈԲ-ը նկուղում էր, զորքն ինչո՞ւ էր Հադրութի դպրոցում, երբ այն հրետակոծվում էր, այդ հարցին էլ հստակ պատասխան չտրվեց։

Հայկազ Գրիգորյանին հարց հղեցին՝ Դուք՝ որպես սպա պատկերացում ունեցե՞լ եք՝ այդ առաջադրանքը, որ տրվել է՝ դուրս գալ մարտի, հնարավո՞ր է ի կատար ածել, թե՞ ի սկզբանե ձախողված է, էրեխեքը, ովքեր անգամ երդում չեն տվել, կամ ինքնաձիգ չեն քանդել, կկարողանա՞ն այդ առաջադրանքը կատարել, վաշտի հրամանատարը պատասխանեց․ « Մենք չենք իմացել, թե այդ ուղղությամբ թշնամին ինչ զինատեսակներով կհարձակվի։ Ոնց էլ չանես, տասը-տասնհինգ պատրոն կրակես, արդեն կպնելու է»։

Քանի որ վաշտի մի մասը փրկվել է՝ վաշտի հրամանատարների հետ նույն ճանապարհով գնալով, մյուսները՝ գնալով իրենց ճանապարհով, չեն փրկվել և դատավորի հարցին՝ ինչո՞ւ չեն կարողացել զորքի մյուս մասին էլ իրենց ճանապարհով տանել, նաև կապի բացակայությո՞ւնն է խանգարել Հայկազ Գրիգորյանը պատասխանեց՝ զորքը բացազատված է եղել, նաև կապի բացակայությունն է եղել պատճառը․ «Պատճառն այն է եղել, որ զորքի մի մասը տեղեկացված չի եղել, դրա համար էլ սխալ ճանապարհով է գնացել։ Եթե նրանց նկատած լինեի, թույլ չէի տա, որ գնան այդ ճանապարհով»։

Արսեն Ղուկասյանի հարցին՝ որ իմացար քո երեխեքից ահագին մարդ չկա, ի՞նչ ես արել, Հայկազ Գրիգորյանը պատասխանեց․ «Շատ մարդու եմ զանգել, հրետանու պետի ենք փոխանցել, ասել ենք, որ անտառում մարդիկ կան, ասել է՝ տեսնենք՝ ինչ ենք անում, Կարմիր խաչ էլ ենք զանգել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930