Այսօր «Սամվել Բաբայան / Samvel Babayan» անվամբ ֆեսյբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել էր հայտարարություն, որում, ի թիվս այլոց, ներկայացվել էր ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Հիշյալ հայտարարությունը տարածվել է նաև լրատվամիջոցների կողմից:
Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել և քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերևույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում: Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջև ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու և «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն, նման բնույթի հարցերը ենթակա են լուծման մասնավոր-իրավական տիրույթում:
Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստում հնչած՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ հայտարարությանը, ապա այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ