Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, փոխվարչապետն իմ բարեկամն է, բայց ես իմ ապրած կյանքի ուղիղ կեսը տրամադրել եմ դպրոցին»․ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի թեկնածու

Սեպտեմբեր 05,2022 18:32

Տեղեկացրել ենք, որ Aravot.am-ն ահազանգ էր ստացել Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի թեկնածու Ալինա Գեղամյանից, որ ամեն լծակ օգտագործվում է իր մրցակցին՝ դպրոցի փոխտնօրեն Հայկ Ռուշանյանին (լուսանկարում) տնօրեն դարձնելու համար։ Նա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ տեգրն է։

Փոխվարչապետի բարեկամներն էլ վերջերս Ախուրյանում տարբեր պաշտոնների են նշանակվել։

Ըստ Ալինա Գեղամյանի, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել և դա ակնհայտ է դարձել մրցակցության հենց առաջին պահից, երբ դպրոցի տնօրենի ժ/պ նշանակել են Հայկ Ռուշանյանին։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարությունը ներքին որոշում ունի խուսափել նման դեպքերից, որպեսզի չստեղծվի անհավասար մրցակցային դաշտ։

Ըստ մեր զրուցակցի, դասարանական ծնողխորհրդի նախագահների ընտրության ժամանակ բազում խախտումներ են եղել, դասղեկների մեծ մասն իրենք են որոշել՝ որ ծնողն առաջադրվի, որը՝ ոչ, Հայկ Ռուշանյանն էլ այդ օրը դպրոց է հրավիրել Ախուրյանի ոստիկանապետին, որն իր անձնակազմով եկել է ու իր ներկայությամբ փորձել վախի մթնոլորտ ստեղծել։

Մենք այս թեմաների շուրջ զրուցել ենք նաև Հայկ Ռուշանյանի հետ։

Հայկ Ռուշանյանը մեր զրույցում պարզաբանեց, որ Ախուրյանի ոստիկանապետ Մինո Մխիթարյանը  սեպտեմբերի 1-ին եկել է իրենց շնորհավորելու։ Իսկ դասարանական ծնողխորհրդի նախագահի ընտրության ժամանակ ինքն է գրություն ուղարկել ոստիկանությանը, որովհետև իր մրցակցի կողմից լարվածություն էր ստեղծվել։ Այս ամենն արել է, որ խնդիրներ չլինեն։

«Ես ոչ մի պաշտոնական դիրք չեմ չարաշահել։ Իսկ եթե շեշտում են, որ ես փոխվարչապետի բարեկամն եմ, հիմա ի՞նչ, ես հրաժարվե՞մ իմ բարեկամներից, փոխվարչապետն այս հարցի հետ ի՞նչ կապ ունի։ Կա բարեկամական կապ, բայց փոխվարչապետը որևէ առնչություն չունի այս հարցի հետ։

Ասեմ, որ իմ մրցակիցը իմ ընկերոջ կինն է ու անկեղծորեն չէի պատկերացնում, որ այստեղ կհասնենք։ Ես 1998 թվականից աշխատում եմ այս դպրոցում․ 24 տարի՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ ու երեք տարի՝ փոխտնօրեն։ Իմ ապրած կյանքի ուղիղ կեսը ես տրամադրել եմ այս դպրոցին։ Իմ ծրագիրը հուզմունքով ներկայացրեցի, իմ ընկերները փաստեցին, որ ես կյանքս եմ ներդրել այս դպրոցի համար, ամեն ինչին եմ մասնակցել՝ սկսած շինարարական աշխատանքներից, ամեն ամառային արձակուրդների վերանորոգման աշխատանքների մեջ եմ՝ գիշեր-ցերեկ։ Եվ կարծում եմ,  տնօրենի թեկնածու դառնալու իրավունքը վաստակել եմ իմ աշխատանքի, իմ քրտինքի շնորհիվ։

Դա փաստել եմ իմ կոլեգաները, նաև ծնողները․ 19 ծնողից 9-ը քվեարկել է իմ օգտին, 10-ը՝ իմ մրցակցի օգտին։ 34 մանկավարժներից 30-ը քվեարկել է իմ օգտին։  Մյուս 4-ի ցանկում են հավակնորդի մայրը, հորեղբոր կինը՝ Էմմա Հարությունյանը, որը շահադիտական նպատակներով չի գալիս կառավարման խորհրդի նիստերին։ Եթե  ներկայանա, սահմանված կարգով պիտի փոխանցի մանկավարժների ձայնը։ Այսինքն` երկու թեկնածու ունենք մանկխորհրդի կողմից,  հորեղբոր կինը դիտավորյալ չի գալիս, որ 30 մանկավարժների ձայնը չփոխանցի։

Եթե այս մրցույթի ժամանակ էլ չներկայացավ,  ես կդիմեմ դատարան, ինչպես նաև լիազոր մարմնին, որ իրեն փոխեն, հետ կանչեն և ընտրեն մանկխորհրդի կողմից նոր անդամի։ Իրենք որ ներկայացնում են ինձ՝ որպես փոխվարչապետի բարեկամ, դուք գիտեք փոխվարչապետի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ես իրեն 1 տարուց ավելի չեմ էլ տեսել, նույնը՝ մերոնք։ Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ իրենց հորեղբոր կինն է ընտրված կառավարման խորհրդի անդամ, երկու նիստի չի ներկայանում, մի բան էլ հայտարարում է, թե մյուս նիստին էլ չեմ գալու ու այսպիսով տապալելու ենք ընտրությունները, մեր մանկխորհրդի անդամներն էլ  կփաստեն դա։

Դրանից ի՞նչ են իրենք շահում, ես չգիտեմ։ Դրանից տուժում է ուսումնական պրոցեսը։ Ես ջանք, եռանդ չեմ խնայում լարված մթնոլորտից դուրս գալու համար, իսկ իրենք հակառակն են անում։ Ես ասում եմ՝ թողեք մարդկանց ազատ, ճնշումներ եք գործադրում, հետո մեզ եք մեղադրո՞ւմ։ Անկախ այն հանգամանքից՝ ով կընտրվի տնօրեն, իմ ցանկությունն է՝ այս լարվածությանը օր առաջ վերջ դնել։ Ես ինքս այդ դպրոցում ծնող եմ, երեխաս սովորում է այստեղ, չէի ուզենա նա տուժի և այս ամեն ինչի միջով անցնի»,- ասաց Հայկ Ռուշանյանը։

Անդրադառնալով մեղադրանքին, որ անհավասար մրցակցությունը սկսվել է այն պահից, երբ Հայկ Ռուշանյանին դպրոցի տնօրենի ժ/պ են նշանակել՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նա թեկնածու է, ասաց․ «Ես դպրոցի փոխտնօրենն եմ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով։ Ուսումնական գծով փոխտնօրենը, որը պաշտոնակատարն է,  իր հերթական արձակուրդն է վերցրել։ Էլ ո՞ւմ նշանակեին պաշտոնակատար, ես էի հաջորդ թեկնածուն։ Բնականաբար, ինձ պիտի նշանակեին, ես մինչև սեպտեմբերի 22-ն եմ պաշտոնավարելու, մինչև որ ուսումնական գծով փոխտնօրենն արձակուրդից վերադառնա։ Այստեղ ես ոչ մի խնդիր ես չեմ տեսնում»։

Հայկ Ռուշանյանը իր հերթին պնդում է, որ իր մրցակիցը՝ Ալինա Գեղամյանն է միջամտել  դասարանական ծնողխորհրդի նախագահների ընտրությանը։

«Ես ոչ մի չարաշահում չեմ կատարել: Ես կարող եմ փաստել, որ Ալինա Գեղամյանը, լինելով հավակնորդ, իրավունք չուներ դասարանական ծնողխորհրդի նախագահների ընտրության ժամանակ դպրոցում գտնվելու, բայց նա իր ամուսնու հետ ներկա է գտնվել։ Ցավով եմ նշում, բայց իմ ընկերը փորձել է միջամտել ծնողխորհրդի նախագահների ընտրությանը։

Ես այդ օրը դպրոց ուշ եմ եկել, մարզպետարանից եկա։ Եկել, տեսել եմ այդ միջադեպը, որ հավակնորդի ամուսինը պահանջում է դասղեկից, որ նա դուրս գա դասարանից կամ ծնողական ժողովը բաց դռներով կատարի և այլն։ Խնդրեցի, հորդորեցի, որ դուրս գան դպրոցից, նույնիսկ զանգել եմ թեժ գիծ, ասել եմ՝ հավակնորդը իրավունք չունի միջամտելու այդ ամենին։ Հիմա ի՞նչ է ստացվում, իրենք միջամտություններն անում են և փորձում են ինձ մեղադրե՞լ դրա մեջ։

Ես ընդհանրապես դասարանական ծնողական խորհրդի նիստերին ո՛չ միջամտել եմ, ո՛չ էլ ներկա եմ գտնվել, դասղեկներին հրահանգել եմ՝ անցկացրեք օրինական սահմանված կարգով ու այդպես էլ արել են։ Դասղեկը մի ամբողջ ուսումնական տարի ծնողի հետ պիտի աշխատի, դասղեկն իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնելու։ Այո՛, օրենքով իրավունք չունի, ծնողները իրենք իրենց պիտի ընտրություն կատարեն, բայց մեր դասղեկները ընտրությանն ընդհանրապես միջամտություն չեն կատարել, հակառակը՝ ես դասղեկներին հորդորեցի՝ եթե ծնողները կուզենան բաց կամ փակ քվեարկություն, թող իրենք որոշեն։

Կարգով նշված է՝ դասարանական ծնողական խորհուրդների ընտրությունները բաց են, բայց ասացի՝ եթե տեսնում եք, որ դասարաններում կա որոշակի լարվածություն ծնողների միջև, ծնողները ուզում են բաց տարբերակը՝ թող բաց անցկացնեն, ուզում են փակ՝ թող փակ անցկացնեն։ Դասարաններ կան՝ բաց են արել, կան դասարաններ էլ փակ քվեարկություն են կատարել, ի՞նչ խախտման մասին է խոսքը, ես չգիտեմ։ Լարվածությունը ծնողների միջև ստեղծել են իրենք, ես հիմա ամեն ինչ անում եմ, որ այդ լարվածությունը ծնողների միջից դուրս գա։

Տարիներ շարունակ այդ ծնողներն իրար հետ լավ հարաբերություններ են ունեցել, իսկ հիմա լարվածություն կա, չի կարելի չէ՞, թող ամեն մեկը իր կամքն արտահայտի, այս ամենից երեխան է տուժում»։

Հայկ Ռուշանյանի եղբորը՝ Հովհաննես Ռուշանյանին, վերջերս նշանակել են Ախուրյանի  փոխոստիկանապետ։ Մեր դիտարկմանն ի պատասխան՝ թե  Ախուրյանի ոստիկանապետը երեք ոստիկանների ուղեկցությամբ արդյոք դպրոց չէ՞ր եկել ձեր պաշտոնյա եղբոր հորդորով, մի՞թե նա էլ է լծակներ օգտագործում ձեզ տնօրեն դարձնելո՞ւ համար, մեր զրուցակիցը պարզաբանեց հետևյալը․ «Իմ եղբայրը ոստիկանապետ նշանակվել է իր 25 և ավելի աշխատանքային տարիների ընթացքում, ինքը եղել է բաժանմունքի պետ, մյուս փոխոստիկանապետը գնացել է թոշակի, իրեն են նշանակել։ Ինչո՞ւ են դա բերում, այս ամենի հետ կապում։ Ես եղբորս խնդրել եմ՝ չգա դպրոցի շրջակայք ո՛չ քաղաքացիական, ո՞չ ոստիկանական համազգեստով։ Եղբայրս բացարձակապես ոտք դրած չկա, իսկ ոստիկանապետի այցի մասին արդեն ասացի․ իմ տեղեկություններով, ոստիկանապետը բոլոր դպրոցներն է գնացել, շնորհավորել է սեպտեմբերի մեկը․ եկել է իմ աշխատասենյակ՝ ասելով՝ եկել եմ ձեր նոր ուսումնական տարին շնորհավորեմ, գնամ։ Եթե նրա այցը կապում են ծնողխորհրդի ընտրության հետ, կասե՞ն՝ որ մի ծնողին է ոստիկանապետը մոտեցել, ո՞ր մեկին է որևէ բան ասել։ Ոստիկանապետը միջանցքում չի էլ գտնվել»։

Մենք Հայկ Ռուշանյանից հետաքրքրվեցինք նաև, թե Նոր Ախուրյանի դպրոցի տնօրենի ժ/պ են նշանակե՞լ իր փոխոստիկանապետ եղբոր կնոջը,  որը փոխվարչապետի մորաքույրն է։

«Այո՛, եղբորս կինը, ինչքան հիշում եմ, 15 տարի է՝ աշխատում  է Նոր Ախուրյանի դպրոցում՝ որպես ուսուցչուհի, փոխտնօրենը գնաց թոշակի, նրան նշանակեցին փոխտնօրեն։ Աշխատեց մի տարի, գործող տնօրենն էլ անցնում էր քրգործով, դատարանի վերջնական վճիռ եղավ, դատարանը որոշեց, որ այդ տնօրենը չի կարող պաշտոնավարել։ Փոքր դպրոց է, միակ փոխտնօրենը եղբորս կինն է, իրեն նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմա դրա մեջ ի՞նչ կա, ո՞ւմ նշանակեին այս դեպքում, երբ սահմանված կարգով, օրենքով դպրոցի տնօրենի պաշտոնակատար կարող է լինել փոխտնօրենը, որը չի համարվում կառավարման խորհրդի անդամ։ Ինքն էր փոխտնօրենը, ո՞ւմ նշանակեին»,- ասաց Հայկ Ռուշանյանը։

Ըստ Ալինա Գեղամյանի, նախկին տնօրենն է շահագրգիռ Հայկ Ռուշանյանի՝ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն դառնալու հարցում։ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը, հաշվապահներն անցել են քրգործով, դատարանը որոշել է նրանց զրկել պաշտոնավարման իրավունքից, սակայն դեռ շարունակում են աշխատել։

Հայկ Ռուշանյանը պարզաբանեց, որ վերջիններս դատարանի որոշումը բողոքարկել են, դեռ վերջնական որոշում չկա, բացի այդ՝ նախկին տնօրենն այլևս վարչական պաշտոն չի զբաղեցնում, նա մաթեմատիկայի ուսուցչուհի է, 12 ժամ ունի։

«Նախկին տնօրենը որևէ կապ չունի այս հարցերի հետ,միշտ ասում են, թե նախկին տնօրենն է ինձ ուղղորդում, ես բազմիցս պարզաբանել եմ՝ ես տղամարդ եմ ու կինը չի կարող ինձ ուղղորդել որևիցե հարցում։ Օգոստոսի 30-ին մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ ես հայտարարել եմ, որ ընկերնե՛ր, ես աշխատելու եմ հանրակրթական դպրոցի, ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, ոչ մեկը ինձ չի կարող ուղղորդել որևիցե հարցով։ Ինչ վերաբերում է քրգործով անցնելուն, հիմա այս մարդիկ բողոքարկել են Վերաքննիչ դատարան, և այս պահին դատը ընթանում է, վերջնական վճիռ կայացրած չէ, ինչպե՞ս կարելի է մարդուն մեղադրանք առաջադրել, երբ որ դատարանի վերջնական վճիռ չկա։ Թողեք դատարանը վերջնականապես որոշի՝ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։ Այդ մարդը վարչական աշխատող չէ այլևս, համարվում է ուսուցչուհի,  իսկ ուսուցչուհի  կարող է աշխատել։

Նույնը վերաբերում է փոխտնօրենին, երբ դատարանը վերջնական որոշեց, որ զրկված է պաշտոն զբաղեցնելու իրավունքից, նոր ընտրված տնօրենը թող հետամուտ լինի, ազատի այդ պարտականություններից, խոսքը նաև հաշվապահի մասին է»,-ասաց մեր զրուցակիցը։

Հայկ Ռուշանյանի մրցակցի՝ Ալինա Գեղամյանի ասելով, կառավարման խորհրդի կազմում ընդգրկած է փոխվարչապետի հորեղբայրը՝ Աղասի Մաթևոսյանը, որի ներկայությունը շահերի բախում է ստեղծում։

ԿԳՄՍ նախարարությունը թեև քննարկել է նրա հարցը, փոխել  նրան, սակայն նոր անդամին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը չի հաստատել, նմանապես ծնողներից մեկն է ապօրինի ընտրված, որը ստուգումների արդյունքում արձանագրել է նաև կրթական տեսչական մարմինը։

Հայկ Ռուշանյանի պարզաբանմամբ, տեսչական մարմնի ստուգման արդյունքում ընտրել են նոր անդամի, սակայն ընտրությունն անցել է խախտումներով, և ինքը պատրաստվում է բողոքարկել։

«Այդ անձնավորությունը, որը իրենց կարծիքով ընտրված է և նրա թեկնածությունը դեռևս հաստատված չէ, ընտրվել է խախտումներով։ Դասարանական խորհուրդը կազմված է 19 անդամից, նրանք պատշաճ կերպով չեն ծանուցվել։ Դա պիտի ծանուցեին դասարանական ծնողխորհրդի նախագահները, նիստին ներկա է եղել 10 անդամ, որոնք առաջադրել են իրենց թեկնածուին՝ սահմանված կարգը չպահպանելով․ ոչ մի քվեաթերթիկ չկա, ուղղակի թղթի վրա գրել են հավակնորդի անուն-ազգանունը ու բոլորը կողմ են քվեարկել։

Ես այդ ընթացքում եղել եմ արձակուրդի մեջ, ես եմ պատասխանատու ծնողխորհրդի ընտրության նիստերին՝ որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով  փոխտնօրեն։ Ասում եմ՝ եթե եկան տեսչական ստուգման ու չհայտնաբերեցին քվեաթերթիկը, ի՞նչ պիտի անեք․ դուք ընդամենը թղթի վրա գրել եք թեկնածուի անուն- ազգանունը ու վերջ, որտե՞ղ է գրված կողմ ու դեմ, որտե՞ղ են հաշվիչ հանձնաժողովի անդամները իրենց ստորագրություններով։ Ուղղակի 5-10 րոպեով իրենց համար նիստ են գումարել, էդ մի հոգուն ընտրել են, որոշել են, ուղարկել են լիազոր մարմնի հաստատմանը»։

Նշենք, որ այս  դպրոցի տնօրենի պաշտոնի համար երկու անգամ հայտարարված մրցույթին էլ  այս երկու թեկնածուներն են առաջադրվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Գեղանյանները Ախուրյանի սպորտ դպրոցը վերածել ել են բիզնես կենտրոնի, հիմա էլ նույնը ուզում են անել Ախուրյանի թիվ 1դպրոցի հետ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930