Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Ես հարց ունեմ գեներալներին. ինչո՞ւ էինք 44-օրյա պատերազմում պասիվ պաշտպանության մեջ, ինչո՞ւ մենք չէինք հարձակվում»

Սեպտեմբեր 05,2022 18:04

Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի գեներալների ձերբակալությանը, «Հայելի» ակումբում հարց ուղղեց թե նրանց, թե մյուս բարձրաստիճան սպաներին, որոնք ըստ նրա, նույնպես հերթով մեղավոր են կարգվելու: «Ելնելով իմ գործունեության բնույթից՝ ես գեներալներից շատերի հետ շփվել եմ, որոշների հետ էլ նույնիսկ ընկերություն եմ արել: Մենք գիտեինք, որ ունենք մարտական գեներալներ, եւ ամբողջ ազգը չէր էլ մտածում, թե ինչպես կարող է հայտնվի մեկը, որը այդ մարտական գեներալների արյամբ ու ջանքերի շնորհիվ հետ բերածը գրիչով կստորագրի, կհանձնի ու այդ գեներալները դրա հետ կհամակերպվեն ու կշարունակեն ապրել: Սակայն փաստը ցույց տվեց, որ դա հնարավոր էր եւ ամենաանհնար բանը իրականություն դարձավ:

Բայց գամ հակառակ կողմից: Հիմա, երբ մտածում ենք, թե ամեն ինչ այլեւս կորսված է, գեներալներին ձերբակալեցին, ո՞վ է ասում, որ նոր արժանապատիվ գեներալներ ունենալ այլեւս հնարավոր չէ: Մեր գեներալները կայացել էին 90-ականներին: Այսօր էլ կան տղաներ:

Գործող գեներալները, որոնք 90-ականներին անհոգ երիտասարդներ էին եւ կորցնելու բան չունեին, հիմա նրանցից շատերը կորցնելու շատ բան ունեն ու ինչ-ինչ կոմպրոմատներով ճնշման տակ են: Շատերը մտածում են, թե հերթը իրենց չի հասնի, կամ եթե համագործակցեն, լռեն կամ չբացահայտեն այն հանցանքները, որոնք եղել են պայմանավորված 44-օրյա պատերազմում, գուցե, իրենց ձեռք չտան: Այդպիսիք թող գնան, նայեն պատմությունը: Ամեն ինչ շատ հստակ նկարագրված է: Եվ թող հասկանան, որ գործ ունեն նույն քաղաքականության հետ: Իրենց մեկ առ մեկ անդրադառնալու են: Մենք մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր ունեինք մի Հայաստան, որի մասին չէինք կարող պատկերացնել 1988 թվականին:

Գեներալները շատ բան ունեն ասելու: Օրինակ, ես հարց ունեմ գեներալներին: Եվ այդ հարցը Քարվաճառում գտնվող բոլոր գեներալներին ու սպաներին, ում հետ հասցրել եմ շփվել, տվել եմ սկսած հոկտեմբերի 3-ից: Ինչո՞ւ չենք հարձակվում: Հասկացանք՝ Ջրականում ճեղքել ու մտել են, եկել-հասել են Մատաղիս, որն այդ ժամանակ չեզոք գոտի էր դարձել. մերոնք մտնում էին՝ իրենք էին խփում, իրենք մտնում էին՝ մերոնք էին խփում:

Հարցնում եմ, ինչի՞ էինք մենք ամբողջ ճակատով գտնվում պասիվ պաշտպանության մեջ: Ինչի՞ էինք թույլ տալիս, որ թուրքերը իրենց ուժերը կենտրոնացնեին մի գծի վրա ու անհոգ ինչ ունեն-չունեն տեղափոխեն այնտեղ՝ հաստատ իմանալով, որ Քարվաճառում, Հաթերքում, «Եղնիկներում», Մարտակերտում, Ակնայում , Ասկերանում՝ մինչեւ Մարտունի 3, մենք չենք հարձակվելու: Որտեղի՞ց իրենց այդ վստահությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեծ տարածքի մասին է խոսքը:

Եթե նրանք ունեին պայմանական 50 ԱԹՍ, 50-ն էլ գցում էին հարավում կռվող մեր երեխաների գլխին: Եվ եթե մենք այստեղ մի փոքր նեղեինք նրանց, հարձակվեինք, ստիպված էին լինելու չէ՞ իրենց զորքերի մի մասը հանել եւ բերել պաշտպանվելու համար: Հետեւաբար, ես մտածում եմ, որ իրենց ինչ-որ մեկը երաշխավորել էր, որ այս հատվածներում մենք չենք հարձակվելու: Իսկ թե ո՞վ է այդ մեկը, կիմանան գեներալները, թեեւ ես որպես քաղաքացի ունեմ իմ կարծիքը»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930