Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում սեպտեմբերի 13-ին տեղի են ունենալու տնօրենի ընտրություններ, սակայն այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել այնտեղ։
Մրցակցում են երկու թեկնածուներ, որոնցից մեկը Ալինա Գեղամյանն է, մյուսը Հայկ Ռուշանյանն է՝ դպրոցի փոխտնօրենը։ Նա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մորաքրոջ տեգրն է։
Հայկ Ռուշանյանի եղբայրն էլ՝ Հովհաննես Ռուշանյանը, որը փոխվարչապետի մորաքրոջ ամուսինն է, վերջերս է նշանակվել Ախուրյանի փոխոստիկանապետ։ Իսկ նրա կինը՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մորաքույրը, նշանակվել է Նոր Ախուրյան բնակավայրի դպրոցի տնօրենի ժ/պ։
Aravot.am-ն ահազանգ է ստացել Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի թեկնածու Ալինա Գեղամյանից առ այն, որ խախտվել են հավասար մրցակցային պայմանները, և որ մարզային իշխանությունն ամեն ինչ անում է իր մրցակցին՝ Հայկ Ռուշանյանին տնօրեն դարձնելու ու ըստ էության՝ փոխվարչապետին հաճոյանալու ու նրա ցանկությունը կատարելու համար։
Կարդացեք նաև
Հայկ Ռուշանյանը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է եղել, երեք տարի է՝ զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը, իսկ ներկա պահին դպրոցի տնօրենի ժ/պ-ն է։ Ըստ Ալինա Գեղամյանի, ամենակարևոր պահին՝ մրցակցությունը սկսվելուն պես, խախտելով ԿԳՄՍ նախարարության ներքին որոշումը, այն է՝ դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդներին չնշանակել դպրոցի տնօրենի ժ/պ, թեկնածու Հայկ Ռուշանյանին նշանակել են։ Վերջինս էլ, ըստ ահազանգի, չարաշահելով իր լիազորությունները, օգտագործում է բոլոր լծակները՝ տնօրեն դառնալու համար։
Ալինա Գեղամյանի ասելով, դպրոցի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված են այնպիսի անձինք, որոնց ներկայությունը շահերի բախում է ստեղծում, օրինակ՝ կազմում է այդ նույն փոխվարչապետի հորեղբայրը՝ Աղասի Մաթևոսյանը։
Ալինա Գեղամյանը բողոք-նամակ է գրել ԿԳՄՍ նախարարություն, որտեղ հարցը քննարկման են ընդունել (տես փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանը), փոխել են իրենց անդամին, տվյալ դեպքում Աղասի Մաթևոսյանին, հետկանչ են արել՝ մեկ ուրիշին նշանակելով, սակայն մարզպետ Նազելի Բաղդասարյանը ԿԳՄՍ-ի որոշումը չի կատարել ու նորանշանակ անդամին խորհրդի կազմում չի հաստատել։
Նմանապես կառավարման խորհրդի կազմում ընդգրկված ծնողներից մեկն է խախտումներով ընդգրկվել, այս մասին երկու անգամ ահազանգեր են հնչեցվել լիազոր մարմին։ Լիազոր մարմինը հարցին լուծում չի տվել, Ալինա Գեղամյանը ստիպված դիմել է կրթության տեսչական մարմին, որտեղից եկել, ստուգում են անցկացրել, ակտ են կազմել, որ իրոք խախտում կա և որ նա ապօրինի է ընդգրկված։ Մարզպետին հանձնարական են տվել փոփոխություն իրականացնելու, սակայն ոչ մի արձագանք․ այդ ծնողը շարունակում է կառավարման խորհրդի կազմում ընդգրկված մնալ։
«Լիազոր մարմնի համար կարծես կրթության տեսչական մարմնի ստուգումներն ու հանձնարարականը դիտարկվում է առ ոչինչ»,-ասում է Ալինա Գեղամյանը։
Կառավարման խորհրդի կազմում է մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը, որը, ըստ մեզ ուղղված ահազանգի, կրթական ոլորտի ու դպրոցի հետ որևէ առնչություն չունի, նմանապես Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանը։ Կառավարման խորհրդի նախագահն էլ Արտաշես Գևորգյանն էլ, որը դարձյալ կապ չունի կրթական ոլորտի հետ․ նա Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է։ Ըստ ահազանգի, նրանք բոլորը լծված են փոխվարչապետի մորաքրոջ տեգրոջը տնօրեն դարձնելուն։
Թեկնածուի ասելով, բանը հասել է նրան, որ դասարաններում դասարանական ծնողխորհրդի նախագահների ընտրության ժամանակ դպրոց է եկել անձամբ Ախուրյանի ոստիկանապետ Մինո Մխիթարյանը՝ երեք ոստիկանների ուղեկցությամբ։
«Այն պահին, երբ դասղեկներն անօրինականություններ էին անում, կոնկրետ դասղեկներից մեկը մի ծնողի չթույլատրեց առաջադրվի ու դառնա նախագահ, դպրոցում էր Ախուրյանի ոստիկանապետն՝ իր անձնակազմով։ Ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է եկել ոստիկանապետը, դպրոցի տնօրենի ժ/պ-ն ասաց, որ ինքն է հրավիրել, գրություն գրել։
Հարցրեցի՝ ինչո՞ւ, պատասխանեց, թե դպրոցում կարող է լարված իրավիճակ լինել։ Իրենք գիտեին, երբ դասարաններում խառնաշփոթ անեն, լարվածություն կլինի, դրա դեմն առնելու համար ոստիկանապետին էին կանչել դպրոց։ Ոստիկանապետի՝ դպրոցում ներկա գտնվելու ժամանակ դասարաններում խառնաշփոթ էին ստեղծում, խախտումներ էին անում։ Դասղեկներից մեկը, որը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Գևորգյանի մայրն է, իր սև գործը կատարեց հենց ոստիկանապետի՝ դպրոցում ներկա գտնվելու ժամանակ։ Փաստացի այս պահին դպրոցի ղեկավարը Ռուշանյանն է, փոխանակ ինքը կարգուկանոն հաստատեր, իր ուսուցիչներին կարգի հրավիրեր, ոստիկանապետին էր կանչել։ Ոստիկանապետին ճանապարհելուց էլ ի լուր ինձ՝ ասացին՝ մի հատ նորից կայցելենք դպրոց, կարծես ինձ էին հասկացնում, թե զգոն եղիր։
Բոլոր դասղեկներին հրահանգված էր, որ նույն սցենարով աշխատեն, այսինքն` թույլ չտան, որ ծնողները իրենց թեկնածուին առաջադրեն, դասղեկների մեծ մասը իրենք էին որոշում, ով առաջադրվի, ով՝ ոչ։ Տնօրենի հավակնորդի եղբայրն էլ Ախուրյանի փոխոստիկանապետն է, ստացվում է, որ նրա պաշտոնյա եղբայրն էլ է այս գործում խառնված»,-ասում է Ալինա Գևորգյանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ թեև հայտարարում են՝ ԽԾԲ-ն չպիտի մտնի դպրոց, ընտրություններն անաչառ պիտի լինեն, սակայն ճիշտ հակառակն են անում։
«Ես ամեն հնարավորություն ունեմ մրցակցելու, բայց ինձ արգելք են հանդիսանում, հետն էլ ասում են, թե դպրոցներում քավոր-սանիկական հարաբերություններ չկան, քաղաքականություն չկա, բայց աչքս տեսնում է, ոնց չկա։
Ասում են՝ նախարարությունը խիստ պահանջ է դրել, որ մարզպետները դպրոցների տնօրենների ընտրությունն անաչառ անցկացնեն։ Մարզպետ Նազելի Բաղդասարյանը որևէ ամբիոն բաց չի թողնում հայտարարելու, որ կողմնակից է դպրոցներում օբյեկտիվ ընտրության, բայց կոնկրետ մեր օրինակը լրիվ հակառակն է փաստում, իմաստը էլ ո՞րն է նման հայտարարություններ անելու»,- ասում է թեկնածուն։
Մեր զրուցակցի ասելով, իր մրցակցին առաջ է մղում դպրոցի նախկին տնօրեն Աննա Ենգոյանը, որի նկատմամբ 2018 թվականին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով քրգործ է հարուցվել, դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման, որոշել է նրան զրկել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Նա համաներմամբ ազատ է արձակվել, բողոքարկել է դատարանի որոշումը ու շարունակում է աշխատել դպրոցում։ Դատարանը պաշտոնազրկել է նաև փոխտնօրենին, հաշվապահին, որոնք ևս շարունակում են աշխատել։
Ըստ Ալինա Գեղամյանի, նախկին տնօրենը շահագրգիռ է նրանով, որ չի ուզում դպրոցում փոփոխություններ լինեն, ամենայն հավանականությամբ՝ մտավախություն ունի, թե իր ընդունած կադրերին կնեղացնեն։ Ալինա Գեղամյանը, սակայն, հայտարարում է, որ ինքը նման մտադրություն ամենևին չունի․ կեղծ լուրեր են տարածում՝ աշխատելով իր դեմ։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է նաև դպրոցի տնօրենի ժ/պ Հայկ Ռուշանյանի հետ։
Վերջինս պնդում է, որ ինքը լիազորությունները չի գերազանցել, ավելին՝ արհեստական լարվածություն ստեղծողը հենց իր մրցակիցն է։ Հայկ Ռուշանյանը հաստատում է, որ բարեկամական կապ կա փոխվարչապետի հետ, սակայն նրա պնդմամբ՝ Համբարձում Մաթևոսյանը որևէ առնչություն չունի այս ամենի հետ․ ինքը երկար տարիներ աշխատել է այդ դպրոցում, իր կյանքի կեսն է անցկացրել այնտեղ և վաստակել է տնօրենի պաշտոնին հավակնելու իրավունքը։
Հայկ Ռուշանյանի պարզաբանումները՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ալինաի ներկայացրած նյութերը իրականությանը չի համապատասխանում ։ Ախուրյանի ողջ համայնքը շատ լավ գիտի սպորտ դպրոցի բոլոր զեղձարարությունները որոնք կատարում էին ինքը ՝ Ալինան և ամուսինը՝ Լևոն Գեղամյանը ։ Արդեն 4 ամիս է լարվածության մեջ են պահում ամբողջ համայնքը և դպրոցը, ահաբեկելով բոլոր ծնողներին որոնք վախենալու պատճառով չեն ներկայանում ծնողական ժողովներին ։ Այն ինչ խոսում է Ալինան այդ բոլորը անում է ինքը ։ Զրպարտելով նախքին տնօրենին և ներկայիս հաշվապահին , առանց ամոթի զգացումի իր արարքները փաթատում է ուրիշների պարանոցին ։ Բոլոր ծնողական ժողովներին իիեն հավատարիմ կանայք դասարաները դարձրել էին շուկա , որի պատճառով Ռուշանյանը ոստիկանությանը դիմեց որպեսզի վերացնի այդ խառնաշփոթը։ Ռուշանյան Հայկը այդ դպրոցի սանն է , դաստիարակված ,կիրթ մարդ է , հարգված և սիրված է իր համայնքի և ուսուցիչների կողմից ։