Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով արված փոփոխությունը 5 տարի հետո ցույց տվեց իր «արդյունքը». Քրիստինե Պողոսյան

Սեպտեմբեր 05,2022 17:32

Ինչպես հայտնել էինք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը, որի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին։

«Վիգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով արված փոփոխությունը՝ տարկետումը հանելու վերաբերյալ, հինգ տարի հետո ցույց տվեց իր «արդյունքը»։ Տարկետումն ինձ համար շատ ցավոտ թեմա է»,-նախագծի քննարկման ժամանակ դիմելով զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ ասաց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ «Բոստոնում բնակարան է առել ու չի ուզում վերադառնա ՀՀ»,-կողքից արձագանքեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Քրիստինե Պողոսյանը շարունակեց․ «Երբ այն ժամանակ ուսանողների հետ ես էի մասնակցում ցույցերին, խորապես վստահ էի, որ տարիներ անց կլինի այն, ինչ հիմա տեսնում ենք։ Այս տարվա 15 000 թափուր տեղերի խայտառակ թվի պատճառը նաեւ դա է։ ՀՀ-ին հավասարապես պետք են լավ զինվորներ, բժիշկներ ու ծրագրավորողներ։ Եթե չկա տնտեսություն՝ զինվորին չենք կարող բարեկեցիկ պահել»։

Հիշեցնենք՝ նախագիծը սահմանում է, որ նշյալ մասնագիտություններով սովորող եւ բանակից տարկետում ստացած ուսանողները պարտավորվում են ավարտելուց հետո աշխատել ըստ պետության սահմանած կարիքի, օրինակ՝ ՊՆ-ում կամ բուհ-ում։ Սա նկատի ունենալով՝ Քրիստինե Պողոսյանն ասաց․ «Մի հետաքրքիր ֆիլմ կա․ դպրոցի տնօրենը շատ չար է։ Հարցնում են՝ ինչո՞ւ ես տնօրեն աշխատում, ասում է՝ այստեղ միակ տեղն է, որտեղ կարող եմ իրենց պատժել»։ Անդրանիկ Քոչարյանը կողքից ասաց․ «Ի՞նչ դաժան ֆիլմեր եք նայում տիկին Պողոսյան»։ Ի պատասխան Քրիստինե Պողոսյանն ասաց․ «Ի դեպ, մանկական ֆիլմ է»։

Պողոսյանը նաեւ նշեց․ «Ուզում եմ ուսանողը գիտելիք ստանա ոչ թե նրա համար, որ իրեն պարտադրել ենք, որ եթե չծառայես, կդառնաս դասախոս ու կգաս աշխատանքի․․․սա պարտադրանք է։ Որտեղ կա պարտադրանք, հետեւանք էլ կլինի։ Չորս տարի իշխանություն ենք, եւ ես պնդում եմ, որ տարկետումը պետք է վերադարձվի։ Այո, կլինեն մարդիկ, որոնք կսովորեն նրա համար, որ բանակ չգնան։ Դա եղել է եւ կլինի, բայց բուհ-ից ավելի կրթված քաղաքացի դուրս կգա»։

Նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ ինքն էլ է եղել պայքարողների թվում․ «Նախագծում մենք լուրջ հիմնավորումներ ենք գրել եւ մասնագիտությունները պատահական չենք ընտրել։ Այս առաջարկը դեռեւս 2017թ․-ին եղել է։ Հիմա չեմ ուզում ուսանողների եւ պաշտոնյաների անուններ ասել՝ ընդհուպ մինչեւ վարչապետ։ Ցանկություն չի եղել երեւի, դրա համար առաջարկը չի էլ քննարկվել։ Բոլորին տարկետում տալուն ես էլ եմ դեմ եղել եւ մինչեւ հիմա դեմ եմ։ Պետք չի կարծել, թե մենք սրանով բանակ չգնալու թեմա ենք բերում։ Ոչ։ Խորհրդային շրջանում էլ է եղել սա՝ նպատակային ասպիրանտուրա»։

Հիշեցնենք, որ 2017թ․-ին պաշտպանության այդ ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանի հեղինակած օրենսդրական փոփոխությամբ տարկետման իրավունքը հանվեց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելով՝ ուսանողներն ավարտելուց հետո կանցնեն ծառայություն սպայի կարգավիճակով։

Վահրամ Դումանյանը նաեւ հետեւյալ հայտարարությունն արեց՝ նախապես ներողություն խնդրելով․ «Տղաս գերազանց սովորում էր, ասաց, որ չի ուզում ձեւ թափել ու ասել, թե ուզում է գիտությամբ զբաղվել, ինչ է թե բանակում չծառայի։ Այդ ժամանակ ես դեկան էի։ Չէր ուզում։ Գնաց ծառայելու, եկավ, շարունակում է գերազանց սովորել։ Ուստի ոչ մեկը չի ստիպում։ Եթե ուսանողը պետությունից ստացել է արտոնություն, պետք է այն վերադարձնի՝ աշխատելով պետության համար»։

Քրիստինե Պողոսյանը պնդեց՝ կողմ է տարկետմանը, բայց կոնկրետ այս կարգավորումը ձեւական տարկետում է․ «Գալու են սովորելու՝ բանակից ազատվելու համար, 9 տարի չարչարվեն, հետո էլ ստիպված աշխատեն դասախոս։ Սա վատ բանի է բերելու»։

Վահրամ Դումանյանն էլ իր հերթին պնդեց, որ այս ոլորտում շատ երկար է աշխատել․ «Հավատացեք՝ որեւէ մեկը չկամությամբ չի սովորելու, առավել եւս, չկամությամբ որպես դասախոս չի աշխատելու։ Այստեղ պարտադրանք չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930