«Մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա հաստատված է դեռ 90-ականներից: Երբ որ սկսվեց արցախյան շարժումը, մենք մի քանի փուլերով էինք անցնում ու հիմա հարց է՝ շրջադարձումը ճի՞շտ էինք անում, թե՞ չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ Վանո Սիրադեղյանի վերջին հարցազրույցներից մեկն է նայել. «Վանոյի ինտուիցիան ու գնահատականները չեն փոխվել ու ինքը նույն Արցախի հարցի լուծման վերաբերյալ շատ ավելի պրագմատիկ էր, քան մենք այդ ընթացքի մեջ: Եկանք հասանք այնտեղ, որ ժամանակ չունեինք ու հակառակորդը ուժեղանում էր անընդհատ՝ տնտեսությամբ, սպառազինությամբ»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մեզ մեղադրում են ռուսական մոդելի բանակ ունենալու համար. «Դուք ինչ եք կարծում, կար հնարավորություն ու չէ՞ր օգտագործվում: Ցանկացած իշխանություն որ լիներ, թեկուզ Սերժ Սարգսյանը, չէ՞ր օգտագործի, եթե ունենար հնարավորություն այլ միջավայրից այլ սպառազինություն ձեռք բերելու: 90-ականներին մենք ստացել ենք այն ժառանգությունը, ինչ Սովետական միության ժամանակ կար, մենք ստացել ենք 7-րդ բանակը՝ իր սպառազինությամբ, Ադրբեջանը ստացել էր 4-րդ բանակը, որը մի քիչ ավելի շատ սպառազինությամբ էր օժտված: Բայց կյանքը ստիպեց մեզ, որ մենք սովետական մոդելից շեղվենք: Կյանքը ստիպեց անցնել ՆԱՏՕ-ական մոդելի, այն, ինչ ՌԴ-ն հիմա անում է: Դիվիզիաների, ստատիկ վիճակից անցանք ինքնուրույն գումարտակների, որտեղ ջոկատները պետք է դառնային ռազմական միավորներ, այսինքն, ավտոմատ կառավարվող օղակներ ստեղծել, որոնց հեշտ էր կառավարել՝ կորպուսներ եւ այլն: Հետո ինչ-որ մի պահի մենք որոշեցինք՝ սա է, նստենք մեր տեղը, զենքերը դնենք: Նույնիսկ ես ձեզ գաղտնիք եմ բացում, պատերազմի ժամանակ մինչեւ ամսի 26-ը որոշում չի եղել զորանոցային վիճակից դուրս բերելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ