Այս պահին Լեյդենի համալսարանում տեղի է ունենում Indogermanische Gesellschaft միջազգային գագաթաժողովը՝ նվիրված հնդեվրոպական լեզուների երկրորդային նախահայրենիքների խնդրին (The Secondary Homelands of the Indo-European Languages): Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է մեր հայրենակից լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչ Մարտիրոսյանը, ով նախորդ ամիսներին խտացված դասընթացներ է վարել Հոկայդոյի համալսարանում (հունիս) ու Լեյդենի միջազգային Ամառային դպրոցում (հուլիս): Հիշյալ գիտաժողովը կազմակերպել է IG Հնդեվրոպական լեզուների միջազգային գիտական կազմակերպությունը, որը խթանում է հնդեվրոպական լեզուների և մշակույթների ուսումնասիրությունը և հնդեվրոպական կամ պատմահամեմատական լեզվաբանությունն ու մշակութային հետազոտությունները: Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են երեք օր` սեպտեմբերի 5-ից 7-ը Լեյդենի համալսարանի լեզվաբանության կենտրոնում:
Հիմնական բանախոսներն են պրոֆեսոր Դեյվիդ Էմիլ Ռայխը (Հարվարդի բժշկական դպրոց, ԱՄՆ) և Պրոֆեսոր էմ. Ջամես Փ. Մելորին (Բելֆաստի համալսարան, Հյուսիսային Իռլանդիա): Գիտաժողովի նպատակն է գնահատել և ուսումնասիրել լեզվական նոր վարկածները՝ կապված հնդեվրոպական ճյուղերի երթուղիների և երկրորդական հայրենիքների հետ՝ նախալեզվի պառակտումից հետո:
Գիտաժողովի երկրորդ օրը կսկսվի հայ բանախոսի ելույթով, Հրաչ Մարտիրոսյանը թեման նվիրել է կենդանական աշխարհի հայկական բառամթերքի ստուգաբանական քննությանը: Այդ օրը մի քանի զեկույցներ նվիրված կլինեն հայկական թեմային:
Հաջորդ միջազգային գագաթաժողովը տեղի կունենա Ցյուրիխում և Բազելում 2024 թվականին:
Կարդացեք նաև
Եռօրյա գիտաժողովից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 9-ին, հայ գիտնական-լեզվաբանը կմեկնի Հայրենիք՝ Հայաստան, որտեղ պարբերաբար, նաև առցանց կազմակերպում է հայագիտական դասընթացներ, իսկ Հոկտեմբերի սկզբից նորից կլինի Բեռլինում՝ վերսկսելու այնտեղ թողած աշխատանքը։
«Նիդերլանդական օրագիր»