Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդու անեծքը կպնում է. այսինքն՝ ատրճանակով կարելի է դատարան մուտք գործել, ձեռնափայտով՝ ո՞չ». միջադեպ՝ դատարանում

Սեպտեմբեր 05,2022 16:43

«Տղամարդու անեծքը կպնում է, լավ իմացեք», -Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստի (դատավոր Ջոն Հայրապետյան) ընթացքում հայտարարեց 44-օրյա պատերազմում մեկ հարազատ կորցրած, մյուսն էլ անհետ կորած Արսեն Ղուկասյանը:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Արսեն Ղուկասյանին վրդովեցրեց այն, որ իրեն թույլ չտվեցին դատական նիստերի դահլիճ մուտք գործել ձեռնափայտով, ուստի մինչ դատավորի՝ դատարանի դահլիճ մուտք գործելը զոհվածների հարազատները վրդովված հայտարարություններ էին անում: Արսեն Ղուկասյանն ասաց. «Անեծք առաջին անգամ եմ ասում, բայց ասում են՝ տղամարդու անեծքը կպնում է: Թող բոլորդ մեր բախտին արժանանաք, եթե կկանգնեք մեր դեմ….. տեսնում եք հաշմանդամ եմ, փաստաթուղթ էլ ունեմ, թույլ չեք տալիս ձեռնափայտով մուտք գործեմ: Հարգելի դատախազ, որտե՞ղ է սևով սպիտակի վրա գրված, որ ձեռնափայտով դատարանի դահլիճ մուտք գործել չի կարելի: Ես ատրճանակով եմ մտել, թույլ են տվել: Փաստորեն, ձեռնափայտով չի կարելի, ատրճանակով կարելի՞ է»: Նա, իրենց դեմ կանգնողներին մեղադրեց վախկոտության մեջ ու հայտարարեց. «Եղբորդ գլուխը դնեք մեքենայի մեջ, բերեք. կարո՞ղ եք տենց բան անել»:

Ծնողներից մեկն էլ վրդովված նշեց. «Սաղի բալեն մեր բալեքի օրն են ընկնելու: Ով մեր դեմը կանգնում է, թող էն, ինչ քաշում ենք մենք՝ ծնողներս, իրենք դրան արժանանան»:

Երբ դատարանի դահլիճ մտավ  դատավորը, հիշեցրեց, որ զոհվածների հարազատները հաճախ իրեն մեղադրում են, թե դատական նիստերը դանդաղ են առաջ գնում: Նա էլ այս առիթով նշեց. «Եթե գաք, աղմկեք, մարդկանց ռեպլիկներ անեք, դատավարությունն ավելի երկար կգնա: Վարդուհի՛, ամբողջ դատարանով ձեր ձայնն էր: Եթե բոլորդ կարողանալու եք ձեր զգացմունքները կառավարել, մնացեք, եթե ոչ, դուրս եկեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930