Ինչպես հայտնել էինք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը, որի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին։
«Սրանով չենք նպաստո՞ւմ, որ ուսանողի մասնագիտության ընտրությունը պայմանավորվի ոչ թե նախասիրությամբ, այլ բանակից տարկետում ստանալու հնարավորությամբ»,-նախագծի քննարկման ժամանակ զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Վահրամ Դումանյանը նախ նշեց՝ քիչ չեն ծնողները, որոնք ուզում են, որ կրթության հիմքով տարկետում ստանան գործող կարգավորումներով, սակայն այս կարգավորումն իր հերթին խիստ պայմաններ ունի, եւ նշյալ մասնագիտությունների հիմքով բանակից տարկետում ստացածները հետո պետք է շարունակեն աշխատել ԲՈՒՀ-ում կամ ՊՆ-ում․ «Պայմանները դաժան են։ Պարոն Թունյան, լավ կյանքից չի սա․․․ազատ ընտրության ցանկություն ունեն բոլորը, բայց մենք խոսում ենք պարտադիր զինծառայության մասին։ Բոլորն էլ այս կամ այն կերպ պետք է ծառայեն։ Նույնը եւ «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը եւս դաժան պայմաններ ունի»։
Ավելի վաղ նախարարը հիմնավորել էր, թե այս նախագծով ինչպիսի կադրեր ենք ունենալու տնտեսության եւ պետության համար ապագայում։ Սա նկատի ունենալով՝ Բաբկեն Թունյանը հարցրեց․ «Ինձ թվում է, որ էկոնոմիկայի իրական նախարարը դուք եք, որովհետեւ ձեր կրթական քաղաքականության հետեւանքով է որոշվում, թե տասը տարի հետո ինչ տնտեսություն ենք ունենալու, ինչ կադրեր։ Նաեւ անվտանգության։ Սա էական ազդեցություն է ունենալու»։
Կարդացեք նաև
Վահրամ Դումանյանը պատասխանեց․ «Պետպատվեր իրականում գոյություն չունի։ Կան ուսանողների համար տեղեր, որոնց համար վճարում է պետությունը, եւ կան տեղեր, որոնց համար վճարում է ուսանողը։ Իսկ պետությունն ինչո՞ւ է վճարում այդ տեղերի համար, ի՞նչ սկզբունքով ու հաշվարկով։ Սրանք շատ նուրբ հարցեր են, եւ մենք, այդ թվում էկոնոմիկայի նախարարության հետ փորձեր ենք անում։ Խնդիրն առայժմ լուծված չէ, բայց աշխատում ենք։ Տնտեսությունից պետք է պատվեր ստանանք եւ փոխանցենք բուհերին, իրենք էլ որոշեն իրենց մասնագիտությունները։ Այլ է հարցը, որ նախարարությունը կարող է քաղաքականություն վարել, թե ինչպիսին պետք է լինեն ուսանողի ֆինանսավորման մեթոդները, լինի դա պետպատվեր, թե ուրիշ բան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ