Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում չունենք սերտիֆիկացված երաժշտաթերապիստներ». «Կողք կողքի» ներառական փառատոնի ղեկավար

Սեպտեմբեր 05,2022 16:20

Սեպտեմբերի 6-10-ը Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արթ-փառատոնը։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը: Նա ասաց, որ փառատոնն արդեն երրորդ անգամ է կայանում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Փառատոնը ներառում է սեմինարներ եւ վարպետության դասեր: Սեպտեմբերի 6-ին կկայանա փառատոնի բացումը, սեպտեմբերի 7-ին եւ 8-ին սեմինարներ եւ վարպետության դասեր, իսկ սեպտեմբերի 10-ին կկայանա փառատոնի գալահամերգը»,-ասաց Նաիրա Սարգսյանը: Հավելեց, որ համերգին ներկա կլինեն անվանի երաժիշտներ եւ հաշմանդամություն ունեցող` երաժշտական կարողությամբ երեխաներ:

Նա ընդգծեց, որ փառատոնի գլխավոր նպատակն է ապահովել ներառականությունը, ներառական մտածողությունը եւ ցույց տալ, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ, եթե անձն ունի կարողություններ:

«Հյուրեր ունենք Բահրեյնից, Հորդանանից եւ Ռուսաստանից: Մասնավորապես Ռուսաստանից ժամանելու է արտ-թերապիստ, երաժշտաթերապիստ եւ կլինիկական հոգեբան, որոնք էլ կիրականացնեն սեմինարներ եւ վարպետաց դասեր: Սեմինարներն ու վարպետաց դասերն ուղղված են երաժշտության ու արվեստի դերը ներառական կրթության մեջ ապահովելուն, թե ինչպես կարելի է ներկայացնել երեխային, զարգացնել կարողությունը, եւ ինչպիսի ազդեցություն ունի արտ եւ երաժշտաթերապիան վերականգնողական ոլորտում: Հորդանանի ժամանող հյուրերը եւս արտթերապիստներ եւ երաժշտաթերապիստներ են »,-ասաց փառատոնի ղեկավարը: Հավելեց, որ «դրսի» մասնագետների հետ աշխատանքի աչդյունքում կփորձեն խորացնել ծնողների եւ հայաստանցի մասնագետների գիտելիքները:

Անդրադառնալով ոլորտում եղած բացերին, որոնք նկատել են փառատոնի ընթացքում` Նաիրա Սարգսյանը նշեց. «Երաժշտական մոտեցումը վերականգնողական ոլորտում պետք է ավելի մասնագիտացած լինի, դրանով պայմանավորված էլ նեղ մասնագիտորեն փառատոնի ժամանակ խոսվելու է արտթերապիայի ու երաժշտաթերապիայի ազդեցության մասին»:

Նա ասաց, որ հայաստանյան վերականգնողական կենտրոններում անցկացվում է արտթերապիա, երաժշտաթերապիա, սակայն չունենք սերտիֆիկացված երաժշտաթերապիստներ. «Փառատոնը մասնագետներին հնարավորություն կտա մեկ քայլ առաջ գնալ իրենց մասնագիտության մեջ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930